Ժամանակը գնալով ավելի քիչ է թվում, չնայած նրան, որ գնալով ավելի քիչ եմ անտեղի ժամանակ վատնում: Հետաքրքիր ու օգտակար պլաններս ու մտահղացումներս` թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական, թե՛ երեխաների հետ կապված, թե՛ կենցաղային, գնալով շատանում են, իսկ դրանք իրականացնելու ժամանակը` գնալով քչանում… Երբ պատկերացնում եմ, թե ինչեր կան, որ պետք է անել, որ ուզում եմ անել (ընդ որում` «ուզում եմ»-ն ու «պետք է»-ն շատ դեպքերում համընկնում են), զգում եմ, որ էդ ամենը թեկուզ մի կերպ հասցնելու համար ինձ պետք է ունեցածս ժամանակից առնվազն մի երեք անգամ ավելի շատ ժամանակ: Ու էդ գիտակցումից քիչ է մնում ցնդեմ:
Թերևս միակ բանը, որի վրա դեռ անիմաստ ժամանակ եմ վատնում երբեմն, Ֆեյսբուք կարդալն է, բայց դա էլ տեղից շատ չէր, հիմա էլ ավելի եմ կրճատել (չհաշված, որ մեկ-մեկ տարվում եմ ու անջատված նստում երկար ժամանակ, հետո ինձ չեմ ներում ժամանակս էնտեղ վատնելու համար, որովհետև դա էն դեպքերից է, երբ անմիջապես հետո գիտակցում ես, թե ինչ անիմաստ էր իսկապես), բայց ոնց մտածում եմ` պետք է համարյա լրիվ հրաժարվել, գոնե կիմանամ` ինձնից կախված ամեն ինչ անում եմ ժամանակ տնտեսելու համար:
Մեկ էլ quora-ից տեղեկացումներ ստանալու դեպքում եմ հաճախ աններելիորեն երկար լռվում, քանի որ հաճախ չեմ սահմանափակվում միայն էն հարցն ու պատասխանը կարդալով, որի մասին տեղեկացում էի ստացել, տեսնում եմ նույն էջի այլ հետաքրքիր հարցեր, կարդում ու էդպես երկար լռվում: Ի տարբերություն Ֆեյսբուքի, Quora-ում շատ ավելի հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիա եմ ստանում, բայց, մեկ է, նույնիսկ էդ ինֆորմացիան էնքան չարժե, որ էդքան ժամանակ տրամադրեմ դրան, երբ էդ ժամանակը կարող էի ավելի արդյունավետ օգտագործել:
Ժամանակն էնքան արագ է հոսում, որ լիքը բաներ, որ առաջ էական կթվային, ակնթարթորեն ժամանակավրեպ են դառնում, ինչպես ֆեյսբուքյան լրահոսի վրայով հայացքդ սահեցնելիս քիչ առաջ կարդացածդ ստատուսը եղանակի կամ հարևանի կատվիկի մասին, որ կարճ ժամանակ անց անվերադարձ թաղվելու է իր նման բազմաթիվ այլ ստատուսների տակ:
Նկատել եմ, որ ահագին ժամանակ է, ինչ ոչ մեկից չեմ նեղանում: Ասենք, եղել են իրավիճակներ, երբ հանգիստ խղճով կարելի էր նեղանալ, կարծում եմ` դրա «իրավունքն» ունեի, ու եթե նախկինում լիներ, հաստատ կնեղանայի, այսինքն` գիտակցաբար որ նայում եմ, իսկապես նեղանալու բաներ են, բայց ներքուստ մի տեսակ հեչ հավես չունեմ նեղանալու, ու էդ բոլոր դեպքերի նկատմամբ «անցած լինի» տրամադրվածություն ունեմ: Ու ընդհանրապես նեղանալն ահագին ժամանակ ու էներգիա տանող գործողություն է, իսկ կյանքը չափազանց կարճ է նման անիմաստ ու անհեռանկարային գործողությունների վրա վատնելու համար: Ասածս, իհարկե, չի նշանակում, թե էլ երբեք ոչ մեկից չեմ նեղանալու, բայց հիմա էսպես եմ զգում ու ընկալում իրականությունը ու հուսով եմ` էսպես էլ կշարունակվի: