Մեր տնից ոչ շատ հեռու արվեստի պարագաների մի փոքր խանութ կա: Հիմնականում իմ պարագաներն առնում եմ ուրիշ` շատ ավելի մեծ ու շատ ավելի հեռու գտնվող խանութից, որն ԱՄՆ-ում թիվ մեկ խանութների ցանցն է էդ ոլորտում. մի հսկայական խանութ, որտեղ բացի նրանից, որ արվեստի ու ձեռքի աշխատանքների, կարելի է ասել, համարյա բոլոր հնարավոր ոլորտներին վերաբերող պարագաներ ու նյութեր կարելի է գտնել, նաև ամեն ոլորտին վերաբերող ապրանքների շատ լայն ընտրանի կա: Իսկ մեր տան մոտ գտնվող խանութում արվեստի ոլորտից հիմնականում նկարչական պարագաներ են, մի քիչ կավագործության, մեկ էլ ինտերիերի դիզայնին վերաբերող նյութերի ու պարագաների մեծ բաժին ունեն: Բայց ժամանակ առ ժամանակ էս փոքրիկ խանութն էլ եմ այցելում:
Էս խանութն ընտանեկան բիզնես է, որը վարում են 50-ին մոտ տարիքի երկու եղբայրներ` Թոմն ու Մայքը: Ավելի ուշ պարզեցի, որ խանութն ի սկզբանե բացել է նրանց պապը` 1947 թվականին: Հիշում եմ, երբ առաջին անգամ մտանք խանութը, աշխատողը թեև սիրալիր, բայց մի տեսակ սառն ու լուրջ դեմքով տղամարդ էր, որ գլուխը կախ ինչ-որ բան էր կարդում ու միայն կոնկրետ հարցեր ստանալու դեպքում էր գլուխը բարձրացնում ու խոսում: Երբ որոշ ժամանակ անց էլի գնացինք, էս մարդը կարծես ավելի շփվող, ուրախ ու բաց դարձած լիներ: Եվ միայն երրորդ թե չորրորդ անգամ այցելելուց հետո հասկացանք, որ իրականում երկու տարբեր տղամարդկանց ենք հանդիպում էդտեղ այցելելիս: Դատելով արտաքին նմանությունից, որի պատճառով նրանց սկզբում նույն մարդու տեղն էինք դրել, ենթադրեցի, որ եղբայրներ կլինեն, համոզվելու համար նույնիսկ հարցրի էդ օրվա աշխատողին (որը, թարսի պես, սառնոտն էր)` արդյոք մյուս աշխատողն իր եղբայրն է, վերջինս էլ իրեն բնորոշ սառնությամբ ու անհաղորդությամբ պատասխանեց` այո, ասացի, որ նմանությունից ենթադրեցի: Էլ ոչինչ չասաց: :))) Արտաքինով բավական նման, բայց խառնվածքներով ահագին տարբեր եղբայրներ են: Մյուս եղբայրը, թեև էլի հանգիստ, բայց բավական ասող-խոսող է. կատակներ էլ է անում, երբեմն իր կարծիքն ասում այս կամ այն ապրանքի վերաբերյալ, զուտ անհրաժեշտից մի փոքր ավելի ծավալվում, ինչն իրականում հաճելի է:
Երեկ էլ Դավիթի հետ պիտի դուրս գայի զբոսանքի, հիշեցի, որ որոշ նկարչական պարագաներ ունեմ առնելու, մտածեցի` կարելի է էդ խանութը գնալ, համ էլ վաղուց չեմ եղել: Խանութում ապրանքների շարքերի դասավորությունն էնպիսին է, որ դրամարկղի մոտից, որտեղ սովորաբար նստած է լինում աշխատողը, մուտքի դուռը չի երևում, ու երևի հենց էդ պատճառով է, որ դռնից զանգակ է կախված, որն ամեն մտնող-դուրս եկողի մասին տեղեկացնի աշխատողին: Վերջին մոտ երկու տարում միշտ շփվող եղբորն էի հանդիպում խանութ այցելելիս: Երեկ սառնոտն էր աշխատում, բայց էս անգամ առաջվանից ավելի ջերմ էր, հարցրեց` ինչով կարող է օգնել, արդյոք հարցեր ունեմ, էդպես, ընթացքում առաջացած մի քանի հարց տվեցի, որոնց պատրաստակամորեն պատասխանում էր:
Ինչպես միշտ երկար լռվեցի (երևի մի կես ժամ, որը, խանութի փոքրությունը հաշվի առնելով, քիչ ժամանակ չի, իրականում ավելի երկար կմնայի, եթե Դավիթը չնվնվար), լիքը բաներ նայեցի, ուսումնասիրեցի, բայց միայն մի երկու բան գնած` դուրս եկա: Ու էդ ժամանակ հասկացա, որ հենց միայն էդպիսի խանութում լինելուց հաճույք եմ ստանում արդեն` անկախ նրանից, թե ինչ եմ գնելու կամ արդյոք գնելու եմ, թե չէ: Նույնիսկ եթե ոչինչ էլ առնելու չլինեմ, էլի էդ բոլոր պարագաները տեսնելը, դրանց միջավայրում լինելը մի տեսակ դրական էներգիա է տալիս ինձ: Մյուս` խոշոր խանութում լինելիս ունեցածս զգացողությունը մի փոքր տարբեր է. էնտեղ պարզապես ինձ հետաքրքրող պարագաներն ու նյութներն էնքան շատ են ու էնքան բազմազան` ամենատարբեր ժանրերին ու ճյուղերին վերաբերող, որ բերանիս ջրերը գնում են, գլուխս պտտվում է էդ առատությունից: Բայց մթնոլորը մի տեսակ ավելի կոմերցիոն է, ավելի պաշտոնական, չկա էն հարմարավետ, մտերմիկ զգացողությունը, որ ունենում եմ մյուս խանութում: Երևի աշխատողների ընդհանուր մոտեցումն էլ է դեր խաղում: Ընդհանրապես միշտ էլ հաճելի է, երբ զգում ես, որ աշխատողը լավ տեղեկացված ու հետաքրքրված է տվյալ ոլորտով, ոչ թե պարզապես պարտականությունից ելնելով` վարժեցված է պատասխանելու տրվող հարցերին:
Սա գրելիս մի բան հիշեցի: Տարիներ առաջ (ավելի քան տասնհինգ տարի (էսպես գրելիս ամեն անգամ նորովի եմ գիտակցում, թե ինչ մեծ եմ ես արդեն)), երբ ուսանող էի, երաժշտությունը դեռ ընդունված էր լսել կասետներով, ճիշտ է, արդեն դիսկեր էլ կային, բայց դրանք դեռևս լայն կիրառություն չունեին, ամեն մարդ չէր կարող իրեն թույլ տալ տանը երաժշտությունը դիսկով լսել, մենք էլ, դե, վատ ապրող էինք, դեռ շատ հեռու էինք նման ճոխությունից: Բայց էդ թվերին ես ձեռքս ընկած խղճուկ գումարից տնտեսածիս զգալի մասը ծախսում էի հենց կասետների վրա: Դա իմ` ռոք լսելու ամենաթունդ շրջանն էր, իսկ էն ժամանակ ռոք երաժշտություն գտնելը, բացառությամբ որոշ հանրահայտ կատարողների ու ալբոմների կամ առանձին երգերի, խիստ բարդ գործ էր, շատ դեպքերում` անհնար, իսկ կասետով` հատկապես, քանի որ կասետները ձայնագրում էին դիսկերից ու ձայնագրում էին, որպես կանոն, միայն որոշակի պահանջարկ ունեցող ալբոմները: Իսկ ռոքը, մյուս ոճերի համեմատ, շատ քիչ պահանջարկ ուներ: Անձամբ ես կոնկրետ երկու խանութ գիտեի քաղաքի կենտրոնում, ուր սովորաբար այցելում էի իմ ուզած երաժշտությունը գտնելու համար: Մնացած «կասետնոցներում», ինչպես ընդունված էր անվանել պոպուլյար երաժշտություն վաճառող կրպակներն ու խանութները, անիմաստ էր իմ ուզած բաները փնտրելը. լավագույն դեպքում հազիվ լսած կարող էին լինել ուզածս կատարողի անունը, ու եթե բախտս բերեր, կարող էին նրա լավագույն երգերի հավաքածուն ունենալ, բայց մեծ մասամբ իսկի անունը լսած չէին լինում, էլ ուր մնաց` ալբոմներ ունենային, ու հարցնելու դեպքում պատասխանը հաճախ լինում էր. «Չէ, քուրիկ ջան, տենց փախած բաներ չունենք»:
Որոշ ժամանակ նման պատասխաններ ստանալուց հետո, իհարկե, հասկանում էիր, որ ուզածդ երաժշտությունը ամեն պատահած «կասետնոցում» փնտրելը ժամանակի վատնում է: Ու իմ սիրած «փախած» երաժշտությունը համատարած չճանաչող ու ճանաչել չցանկացող վաճառակետերի մեջ էս երկու խանութները` «Օրփեոսն» ու «Օսկարը», իսկական օազիսի դեր էին կատարում: «Օրփեոսն» ավելի հաճախ էի այցելում, որովհետև, բացի նրանից, որ հանգամանքների բերումով էդ շրջանում ավելի հարմար էր էնտեղ գնալը, նաև էնտեղ շատ ավելի էժան էին կասետները, հիմնականում գտնում էի ինձ հետաքրքրող ալբոմներն ու հավաքածուները, աշխատողներն իրենք էլ իրենց վաճառած երաժշտության երկրպագուներ էին ու համապատասխան գիտելիքներ ու տեղեկացվածություն ունեին: Երբեմն նաև խնդրում էի, ուզածս ալբոմը ձայնագրում էին դիսկից, եթե կասետը չէին ունենում էդ պահին: Հիշում եմ, որ էնտեղ էլ, ճիշտ էնպես, ինչպես հիմա արվեստի պարագաների խանութում, միշտ երկար լռվում էի, տարբեր կասետներ ուսումնասիրում, մեկ-մեկ նույնիսկ խնդրում էի, որ դնեն էս կամ էն կասետը, իմանամ` ուզում եմ գնել, թե չէ, երբեմն դիսկն էին միացնում, որ լսեմ, որոշեմ` ուզում եմ, որ ձայնագրեն ինձ համար տվյալ դիսկը, թե ոչ: Ու միշտ պատրաստակամությամբ անում էին: Մեկ-մեկ ինձ ոչ էնքան ծանոթ կատարողների կասետներ էլ էի առնում` զուտ մեկ-երկու երգ լսած ու հավանած լինելով, ու քանի որ ինտերնետի լայն հնարավորությունները դեռ չկային, երբեմն հենց էդպես` կուրորեն կասետ առնելով էի ծանոթանում որոշ կատարողների: Դա էլ իր հետաքրքրությունն ուներ. տուն բերել մեծ մասամբ անծանոթ կասետ և նոր սկսել ծանոթանալ, ուսումնասիրել` իմանալով, որ ամենայն հավանականությամբ դուրդ գալու է:
Մյուսը` «Օսկար» խանութ-սրահը, իրականում ավելի հետաքրքիր վայր էր. էնտեղ ոչ միայն կասետներ ու դիսկեր էին վաճառում, այլև երաժշտական աշխարհին վերաբերող զանազան այլ առարկաներ` հայտնի ռոք աստղերի մասին գրքեր, պլակատներ, գուցե էլի շատ բաներ, լավ չեմ հիշում արդեն: Ամենալավը տպավորվել է երկու բան: Մեկը Ֆրեդի Մերկուրիի մասին անգլերենով մի հաստափոր գիրք էր, գինն էլ` ոչ ավել, ոչ պակաս` 20 դոլար` էդ թվերի ու հատկապես իմ գրպանի համար մի իսկական աստղաբաշխական թիվ, որի մասին երազելն անգամ անիմաստ էր: Ես էլ էդ ժամանակ Ֆրեդի Մերկուրիի թունդ ֆանատ էի, էն աստիճանի, որ Ֆրեդիին վերաբերող ինչ ձեռքս ընկներ, սուրբ մասունքի պես պահում էի, ամեն հնարավոր ձևով փորձում ձեռք բերել նրա հետ առնչվող ցանկացած ինֆորմացիա, ցանկացած իր, ինչը նույնպես շատ դժվար էր, քանի որ պահանջարկը շատ փոքր էր, ու գտնելը` համարյա անհնար: Մի տիպի (sticker) եղածն ի՞նչ է, դա էլ չկար. էդ թվերին խիստ պոպուլյար ու ամեն քայլափոխի աչքերդ մազոլ անող «Տիտանիկի», Նատալիա Օրեյրոյի, Անդրեյ Գուբինի, Ռուկի Վվերխի, Ռիկի Մարտինի ու էլի մի շարք մեծ պահանջարկ ունեցող հայտնիների միլիոնավոր տիպերի կողքին երբեք չէիր գտնի Ֆրեդի Մերկուրիի գոնե մեկ տիպ: Չնայած, հանուն արդարության ասեմ, որ մի անգամ քույրս, չգիտես ոնց, ինչ-որ տեղ գտել ու ինձ համար գնել էր: Էդ ի՜նչ երջանկություն էր. աչքերիս չէի հավատում, որ նման բան հնարավոր է: Բայց շեղվեցի: Մի խոսքով` մեկ-մեկ այցելում էի «Օսկար», Ֆրեդի Մերկուրիի գիրքը վերցնում ու էջերը թերթելով` էստեղից-էնտեղից ագահորեն կարդում` փորձելով հնարավորինս շատ ինֆորմացիա կորզել էդ կարճ ժամանակում: Մյուս մասունքը Փինք Ֆլոյդի “The Wall” ալբոմի օրիգինալ դիսկն էր` Ռոջեր Ուոթերսի ստորագրությամբ, գինը` կարծեմ 10 դոլար (կամ` էլի 20, լավ չեմ հիշում), ամեն դեպքում` էլի էնպիսի թիվ էր, որ այն ձեռք բերելուս մասին խոսք լինել չէր կարող:Փինք Ֆլոյդն էլ էր էդ շրջանում իմ մի քանի «ամենա»-ների շարքում ու իրականում միշտ էլ կմնա էդպիսին` անկախ նրանից, թե հիմա ինչքան հաճախ եմ լսում: Հիշում եմ` դիսկն էսպես հանդիսավոր դրված էր` մյուս դիսկերից լրիվ առանձին, կարծես պատվանդանի վրա, կողքին էլ կարծեմ Փինք Ֆլոյդի հետ կապված այլ բաներ կային, որոնց մասին հիշողությունս, սակայն, խամրել է այդ անհասանելի փառավոր դիսկի շուքի տակ: Էստեղ էլ աշխատողների` տվյալ ոլորտի մեջ ներգրավվածությունն ու սերը իրենց վաճառածի նկատմամբ, որն ակնհայտ զգացվում էր ամեն մանրուքում, ու սրահում դրա շնորհիվ տիրող ընդհանուր շունչն էնքան գրավիչ էր, որ ակամա ուզում էիր ավելի երկար մնալ, մի քիչ էլ ներծծվել սիրածդ երաժշտության ու երաժիշտների մթնոլորտով:
Որտեղից որտեղ հասա…