Անաստաս Միկոյան. Կիսաճշմարտությունների վտանգը

May 12, 2011 14:50




Մարդկային հիշողությունն ընտրովի է: Այն հաճախ հիշում է ցանկալին՝ մոռացության տալով այն, ինչ այնքան էլ շահեկան չէ: Երբեմն այս կիսատ ճշմարտությունը արմատանում է հանրային գիտակցության մեջ, և փորձ է կատարվում այն օգտագործել:

Հանրային հեռուստատեսությունը սկսել է նոր հաղորդաշար` «Հայոց հարցը», որի ընթացքում քննարկման են դրվում հայոց պատմություն տարբեր հարցեր: Վերջին հաղորդումներից մեկը նվիրված էր հայտնի խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին: Հաղորդումը անսպասելի հունով ընթացավ, և հրավիրված բանախոսներն այնքան բարձր գնահատեցին Միկոյանի տեղն ու դերը հայոց պատմության մեջ, որ քննարկեցին նրա անունով Երևանում փողոց և նույնիսկ Վանաձոր կամ Ավավերդի քաղաքները անվանակոչելու հարցը:

Իհարկե, Միկոյանը մեծ քաղաքական գործիչ էր: Դեռ 25 տարեկան հասակում նա ղեկավարել է Նիժնի Նովգորոդի գուբերնիան և հասել մինչև ֆորմալ կերպով ԽՍՀՄ-ի ամենաբարձր` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնին: Նա 40 տարի եղել է ԽՍՀՄ Քաղբյուրոյի անդամ և այն էլ մի ժամանակ, երբ կուսակցական վերնախավում անխնա ոչնչացման պայքար էր գնում:

Բայց այս ամենը կապ չունի Հայաստանի հետ: Ընդհակառակը, իր սեփական հայրենիքի նկատմամբ Անաստաս Իվանովիչը դրսևորում էր այնպիսի գաղափարախոսական սկզբունքայնություն և դաժանություն, որը նույնիսկ շատ թշնամիներ իրենց չէին թույլ տալիս:

Ընդամենը երկու դրվագ:

1919թ. դեկտեմբերին ՌԿԿ /բ/ կովկասյան մարզային կոմիտեի անդամ, 24 տարեկան Ա.Միկոյանը Վ.Լենինին է ուղարկում իր «Կովկասյան հարցի մասին» զեկույցի թեզերը, որում քննադատում է կովկասյան այլ հարցերի համեմատությամբ հայկական հարցի կարևորության ընդգծումը, քանի որ այն «անմարդկային է, սխալ և նույնիսկ շատ վնասակար, քանզի հակասության մեջ է մտնում ժողովրդական հեղափոխության և իմպերիալիզմի դեմ պայքարի հետ»: Ողջունելով մուսուլմանական Արևելքի հեղափոխական պայքարը՝ նա քննադատում է «հայ շովինիստներին»՝ համարելով, որ «Թուրքական Հայաստանի և ընդհանրապես Մեծ Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարը վնասակար, հանցավոր և ծայրահեղական ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը»:

1937թ. աշնանը Միկոյանը գալիս է Հայաստան և կազմակերպում հասարակության մաքրազերծում «ժողովրդի թշնամիներից»: Հարյուրավոր մարդիկ` կուսակցական, ռազմական և վարչական կադրեր, ինչպես նաև հասարակ հայեր ոչնչացվեցին այս բռնաճնշումների հետևանքով: Սեպտեմբերի 22-ին Միկոյանի, Մալենկովի և Լիտվինի ստորագրությամբ պահանջագիր է ուղարկվում Ստալինին և Եժովին: «Հայաստանն իրոք մաքրելու համար խնդրում ենք թույլատրել լրացուցիչ գնդակահարել 700 մարդ դաշնակներից և այլ հակախորհրդային տարրերից: Առաջին կատեգորիայի թույլտվությունը (գնդակահարության քվոտաներ էին սահմանվել, յուրաքանչյուր տարածաշրջանի համար-Ս.Մ.), տրված 500 մարդու համար, արդեն սպառվում է»: Պատասխանը չուշացավ: Հայաստանին թույլատրվեց նույնիսկ գերակատարել պլանը և գնդակահարությունների թիվը հասցնել 1500-ի:

Եվ եթե Հայաստանի նկատմամբ այս «հերոսություններն» արժանի են խրախուսանքի, ապա քաղաքապետարանը երևի թե պետք է մտածի բյուզանդական կայսր Կոնստանտին IX Մոնոմախի, որը 1045թ. կործանեց Բագրատունյաց Հայոց թագավորությունը, անունով մի հրապարակ անվանելու մասին: Կայսրը նույնպես ծագումով հայ էր ու շատ մեծ քաղաքական գործիչ:

Սուրեն Մանուկյան

ид, պատմական հիշողություն

Previous post Next post
Up