Պահիր հավերժությունն ափերիդ մեջ...

Dec 08, 2011 21:54

O see a World in a Grain of Sand
And a Heaven in a Wild Flower,
Hold Infinity in the palm of your hand
And Eternity in an hour...

William Blake

На русском здесь

XVIII-XIX դդ անգլիացի նկարիչ Ուիլյամ Բլեյքը (1757-1827) իր ժամանակշրջանի ամենատաղանդավոր և յուրօրինակ անհատականություններից էր, հանճարեղ ինքնուս նկարիչ, փորագրիչ, բանաստեղծ և փիլիսոփա:


“Դու Մարդ ես, Աստված առավել չէ, սովորիր հարգել քո մարդկայնությունը”, - պնդում էր նա ողջ կյանքի ընթացքում :

Նրա ստեղծագործական ժառանգությունն իր առանձնահատկություններն ունի. պոեմների լեզուն հակասում է գրական անգլերենի օրենքներին, գեղանկարչությունը՝ ժամանակի գեղագիտական կանոններին, փիլիսոփայական հայացքները շատ ուրույն են և երբեմն անհասկանալի:Սակայն իր ամբողջության մեջ նրա ստեղծագործական վաստակը հոյակապ է և անզուգական:

Բլեյքի ստեղծագործությունների մեջ ցայտուն արտահայտվել են XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի անգլիական ռոմանտիզմի հիմնական միտումները. հակումը երազատեսական ֆանտասիտիկայի, ալեգորիկ և միստիկ խորհրդանշանների հանդեպ, գծապատկերների համարյա կամայական խաղը, յուրօրինակ կոպոմոզիցիոն լուծումները: Բլեյքը ժխտում է ավանդական կոմպոզիցիան և հեռանկարը, իսկ նրա ոճը արտացոլում է իր առանձնահատուկ և միստիկ մտապատկերումները, որոնց մեջ միախառնված էին իրականությունն ու երևակայությունը:

Նրա ներշնչման մշտական աղբյուրը Աստվածաշունչն էր, բայց մերժելով եկեղացական կանոններն ու աստվածաբանական դոգմաները, Բլեյքը փորձում էր մեկնաբանել Աստվածաշունչն այնպես, ինչպես ինքն էր զգում և հասկանում: Հիսուսի անձի իր ընկալումները Բլեյքը արտահայտեց The Everlasting Gospel ստեղծագործության մեջ:

The Vision of Christ that thou dost see
Is my vision’s greatest enemy…

Բլեյքը միջոցներ չուներ իր բանաստեղծությունների առաջին շարքը ("Անգիտության երգեր", 1789) տպագրելու համար, և, կարիքից դրդված, փորձեց վերականգնել տպագրության միջնադարյան ձևը` մետաղյա շերտի վրա տեքստի ու նկարի համատեղ փորագրումը: Որոշ ժամանակ անց Բլեյքն պղնձի վրա փորագրման նոր մեթոդ հայտնագործեց. ներկով պատվում էին ոչ թե փորագրված փոսիկները, այլ ուռուցիկ հատվածները: Փորագրման այս տեսակը թույլ էր տալիս ստեղծել ավելի նրբագեղ և ճկուն գծապատկերներ, որոնք ավելի համահունչ էին Բլեյքի գրական ստեղծագործությունների երաժշտական ռիթմին: Փորագրման այս մեթոդով Բլեյքը նկարազարդեց իր պոմների մեծ մասը՝ "Անմեղության և փորձի երգերը", "Դրախտի և դժոխքի պսակադրությունը", "Երուսաղեմ" և այլն:

Նա այդպես էլ չընդունեց յուղաներկը` իր նկարներում օգտագործելով միայն ջրաներկն ու տեմպերան: Նկարազարդեց նաև Շեքսպիրի և Ջոն Միլթոնի ստեղծագործությունները: Կյանքի վերջում Բլեյքը ստացավ "Հոբի գրքի" և Դանթեի "Աստվածային կատակերգության" նկարազարդման պատվերները: “Հոբի գիրքն” հաջողությամբ ավարտին հասցնելով  (այս նկարներին մենք դեռ կանդրադառնանք)` Բլեյքը, ցավոք, չհասցրեց ավարտել "Աստվածային կատակերգության" նկարազարդումները: Մահացավ 1827 թվականին ծայր աղքատության մեջ և թաղվեց աղքատների ընդհանուր գերեզմանում:

Միայն տասնամյակներ անց նախառաֆայելիտները սկսեցին խոսել Բլեյքի ստեղծագործական ժառանգության մասին, և միայն XX դարում Բլեյքն արժանացավ համընդհանուր ճանաչման: Լոնդոնում, Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Անգլիայի արքաների, քաղաքական գործիչների և նշանավոր մարդկանց պանթեոնում, նշանավոր բանաստեծների արձանների շարքում տեղադրվեց Բլեյքի կիսանդրին:

“Իմ սիրտը լեցուն է ապագայով”, - սիրում էր կրկնել Բլեյքը: Բարեբախտաբար, ապագան էլ նրան չմոռացավ:

Նրա նկարներից և նկարազարդումներից մի քանիսը.

"Էլոհիմը և Ադամի արարումը"
"Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ": 
Ծննդոց 2:7



"Ադամն ու Եվան Աբէլի մարմնի մոտ"
"Արդ, անիծեալ լինես երկրի վրայ, որը բացեց իր բերանը եղբօրդ՝ քո ձեռքով թափած արիւնն ընդունելու համար":
Ծննդոց 4:11



"Հրակարմիր մեծ վիշապը և արև կինը"
"Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից։
Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։
Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր..."
Յայտնութիւն, 12:1-7



"Հեկատե"
Հին հունական գիշերվա աստվածուհին և խավարի տիրուհին:
"Երեք մարմին ունի նա, վեց ձեռք և երեք գլուխ: Եվ Զևսը, աստվածների արքան, օժտել է նրան իշխանությամբ, և այժմ երկրի և ծովի ճակատագրերը Հեկատեն է տնօրինում, իսկ Ուրանոսը նրան անխորտակելի ուժ է շնորհել":



"Խղճահարություն"
"Եվ գթությունը` որպես մորեմերկ նորածին մանուկ,
Փոթորկի վրա աշտանակելով,
Կամ թէ երկնքի ահեղ քերովբեն,
Հեծնելով օդի անտեսանելի երիվարները..."
Շեքսպիր, "Մակբեթ"



"Սիրահարների մրրկասյունը"



"Բեատրիչեն և Դանթեն"
Դանթեի "Աստվածային կատակերգության" "Քավարանի" XXIX երգ



Հաջորդիվ՝ "Հոբի գրքի" նկարազարդումները:

Շնորհակալ եմ Candle-ին "Մակբեթի" հայերեն թարգմանությունը տրամադրելու համար)


քնարերգություն, art, գեղանկարչություն, william blake, արվեստ

Previous post Next post
Up