Քանաքեռի պատմությունը

Jul 18, 2012 23:24


Քանաքեռի մասին շատ քիչ տեղեկություններ կան համացանցում (եկեք ասենք` չկան): Արդեն երրորդ տարին է, ինչ ապրում եմ Քանաքեռում, կարծում եմ` ժամանակն է մի բանով Քանաքեռին օգտակար լինելու: Եվ այսպէս` կարճ ակնարկ Քանաքեռի պատմությանը:

(Աղբյուր` Թադևոս Հակոբյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. 5 Տ-Ֆ, 2001, իմ նշումներով)

Քանաքեռ, К*анак*ер, K'anak'er, Կանակեր, Կանակիր, Կանակիրի, Քամաքար, Քամաքեր, Քանաքիր - Գյուղ և քաղաքատիպ ավան ՀԽՍՀ Կոտայքի շրջանում, նրա վարչական կենտրոնը: Գտնվում է Երևան քաղաքից 7 կմ հս-արլ, Քանաքեռի սարավանդի վրա: 1938 թ. սեպտեմբերից դասվել է հանրապետության քտա-ների շարքը: Նախկինում մտնում էր Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ (հնում ` Այրարատ նահանգի Կոտայք գավառի մէջ): Թաղված է մրգատու և դեկորատիվ ծառերի մեջ: Տները քաղաքատիպ են, քարակերտ, տանիքով, շատերը` բազմահարկ: Խմելու ջուր ստանում է Երևանի ջրմուղից, իսկ ոռոգելունը` Կոտայքի ջրանցքից: 1831 թ. ուներ 477, 1886 թ.` 1210, 1939 թ.` 3818 հայ բնակիչ (ներկայում Քանաքեռ-Զեյթունում պաշտոնապէս բնակվում է մոտ 80 հզր մարդ, ամենայն հավանականությամբ, Քանաքեռում ապրում է ոչ պակաս քան 15 և ոչ ավել քան 25 հզր մարդ (պաշտոնական տվյալներ չունեմ, մոտավոր հաշվարկ է), բացի հայերից ապրում են նաև ոչ-մեծ թվով ուղղափառներ (ռուսներ, վրացիներ), բոշաներ և մոլոկաններ):
Բնակչության մի մասը բանվոր-ծառայողներ էին, մյուսներն զբաղվում էին պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ: 17. 04. 1933 թ. հրամանագրով մտցվել է Երևան քաղաքի շրջագծի մեջ, սակայն մինչև 1961 թ, իբրև Կոտայքի շրջանի վարչական կենտրոն, մնում էր որպես ինքնուրույն բնակավայր: 1946 թ. Քանաքեռում կանգնեցվել է Խ. Աբովյանի արձանը: Այստեղ է գտնվում նրա տուն-թանգարանը: 1960-ական թթ. ուներ 6 միջնակարգ դպրոց (որոնցից մեկը` գիշերօթիկ, մեկը` բաներիտ (բանվորական երիտասարդական)), հիվանդանոց, պոլիկլինիկա, կինոթատրոն, ակումբ, գրադարան, 3 մանկապարտեզ-մանկամսուր (առանձին Քանաքեռի համար ժամանակակից տվյալներ չգտա, կան ընդհանուր Քանաքեռ-Զեյթունի համար, դատելով թվերից` զգալի փոփոխություններ չեն եղել, բացառությամբ` կինոթատրոն ու ակումբ հիմա հաստատ չկա): Այստեղ գործում են փայտամշակման կոմբինատ, կարի, կոշիկի ֆաբրիկաներ (այդքան էլ չեն գործում), շամպայն գինիների գործարան, բաղնիք (մոթել-սաունաներ), ճաշարան (լիքը բիստրոներ), կենցաղսպասարկման տաղավարներ: Հրազդան գետի միջին հոսանքի` Արզնիի և Քանաքեռի միջև ընկած հատվածում է գտնվում 1930-36 թթ կառուցված Քանաքեռի ՀԷԿ-ը, որի ջրատարից են սնվում Նոր Արաբկիրի, Նոր Դալմայի ոռոգիչ ջրանցքները, ինչպես նաև` Կոտայքի ոռոգման ջրհան կայանը:

Ըստ Ղ. Ալիշանի հիշատակած մի ավանդության` Քանաքեռը շինել են առասպելական Նոյի որդի Քամը և նրա քույրը (քեռ), որից էլ` անվան Քամաքեր ձևը: Ըստ Հ. Շահխաթունյանցի հիշատակած ավանդության` տեղացիների ասելով այստեղ ապրել է Քանան անունով մի իշխան, որն ունեցել է մի քույր, որին հաճախ ասել են Քանանաքույր կամ Քանանաքեռ: Դրանից էլ առաջացել է գյուղի Քանաքեռ անունը (իմ կարծիքով ` Քանաքեռ անվանումը ծագել է "քամի" և "քեր" բառերից, նշանակում է` "քամուց քերված" (կամ` Քամաքար, քամի+քար), որովհետև Քանաքեռը շատ քամոտ է և այստեղ գրեթե միշտ առկա է ուժեղ քամի (ինչպէս Դիաբլոն Սան Ֆրանցիսկոյում կամ Սերսը Թուլուզում ևն)): Քանաքեռի հս-արլ մասում, բլրակի վրա գտնվել են սրբատաշ որմեր, որոնց անվանել են "դարբաս": Մ. Սմբատյանցը ենթադրում է, թե դրանք ավանդության հիշած Քանան իշխանի պալատի որմերն են եղել: Քանաքեռը պատմիչների կողմից 17-րդ դարից առաջ չի հիշատակվում: Սակայն հին բնակավայր է: Քանաքեռի հս մասում գտնվող գերեզմանատանը եղել է 1265 թ. արձանագրությամբ խաչքար-հուշարձան: Ուներ 2 եկեղեցի, մեծը` Սուրբ Հակոբ Մծբնեցու անունով, շինված 1695 թ, ճարտարապետական գեղեցիկ հորինվածք էր: Սրանից ոչ հեռու գտնվում էր փոքր եկեղեցին` Սուրբ Աստվածածին անունով, որն ուներ դարձյալ 1695 թ. արձանագրություն, բայց ըստ այլ վկայությունների` կառուցվել է 1595 թ: [Քանաքեռը] 1679 թ երկրաշարժից մեծ ավերածության է ենթարկվել, մահացել են 1228 հոգի: Այստեղ են ծնվել մատենագիր Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին (1627[-1699]), Խաչատուր Աբովյանը (1809-1848): Ռուսական տառադարձությամբ` Կանակեր, Կանակիր:

 
 

 Քանաքեռի հարավային մուտքը
 

 Խաղահրապարակ



 ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտ



 Քանաքեռ 2-րդ փողոցը. հեռվում երևում է Լամպերի գործարանը



 Քանաքեռի միակ և անկրկնելի հանրային զուգարանը գետնանցումը



 Լամպերի գործարանը



 Շէնքեր. Թբիլիսյան խճուղի



 Հին Քանաքեռի նեղ ու ծուռումուռ բակերով



 Հին Քանաքեռի կենտրոնը: Այստեղ են զարգանում Խ.Աբովյանի "Վերք Հայաստանի" վէպի իրադարձությունները



 






 Քանաքեռի Սբ. Մարիամ Աստվածածին չգործող եկեղեցին: Ներսում բավականին վատ վիճակ է: Եկեղեցու գերեզմանոցը ևս անմխիթար վիճակում է, շատ գերեզմանաքարեր արդեն անցել են հողի տակ, մի մասն էլ վերածվել է աստիճանների... Այս գերեզմանոցում է թաղված նաև "Վերք"-ից հայտնի Աղասին, ում գերեզմանն անհնար է գտնել:









Քանաքեռ 6-րդ փողոցը, որն առավել հայտնի է "Բոշի մայլա" անվանումով (այստեղ շարունակում են ապրել բոշաներ)



 

 




Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցին: Բակում կան լքված գերեզմաններ, երկուսը` ցանկապատից դուրս, ասֆալտապատված: Գերեզմանաքարերից մեկը հետաքրքիր նշաններով և գրերով է:



Քանաքեռի պատկերասրահը



Քանաքեռի Մշակույթի տունը (բացումը` սեպտեմբերին)



117 դպրոցի մարզական ակումբի շէնքը



  
  
 
  

  
  
  
  

"Հին Քանաքեռ"



Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը



Հայրենական մեծ պատերազմում ընկած քանաքեռցիների հիշատակին



Ինտերպոլ





Պետևանի մահարձանը: Պետական պահպանության տակ գտնվելու  փաստը չի խանգարում, որ գտնվի նման վիճակում:



Անուշավան Տէր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցը


 

Ռուսական զորամասը (ի միջի այլոց` մարդիկ զբոսնում են դրա տարածքում)






Վիկտոր Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը



ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ




ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ


 


ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ



Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնը


 

Քանաքեռի գերեզմանոցն, ուղիղ հիվանդանոցների առջև (կրեատիվ է): Ամենաթարմ գերեզմանների և երկաթգծի (և շուրջը թափված աղբի) միջև 5 մետրից էլ քիչ տարածություն է:




 
 
 
 

Քանաքեռ կայարանը և ռելսեր, ռելսեր, ռելսեր... (ի միջի այլոց` Քանաքեռում թունելի վերջում լույս չէ, այլ` Քանաքեռ)



Զաքարիա Քանաքեռցի (Սարկավագի) փողոցը



Քանաքեռի Պետավտոտեսչության շէնքը: Այս հիմնարկությունն էր պատճառներից մեկը, որ Սարկավագի փողոցի մոտակա հատվածում է կենտրոնացած Քանաքեռի գրեթե ամբողջ սպասարկման ոլոլորտը: Մյուս պատճառներն են Ռուսական զորամասը և "Միլիցիայի դպրոց"-ը: Մյուս կողմից` այս նեղ փողոցում միշտ խցանումներ էին լինում վարորդների հերթերի պատճառով և այս հիմնարկության գործառույթների տեղափոխումը թույլ տվեց ազատել Քանաքեռի զարկերակն, իսկ սպասարկման ոլորտը կորուստներ չարձանագրեց:



Կահույքի գործարան



Շինանյութի գործարան



Հայկական լոբբիի հաղթանակը: Այս գրասենյակը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Կենտրոնում կողք կողքի ծածանվում են Քանաքեռի Դքսության և Արցախի Հանրապետության դրոշներն, իսկ երկու ծայրերից` Մայր Հայաստանի դրոշները:



 
Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուս ուղղափառ եկեղեցին ("Ռուսական ժամ"), կից բազմանպատակ կառույցով: Կայազորային եկեղեցի է, կանգնեցվել է մոտ մեկ դար առաջ` այստեղ տեղաբաշխված զորքի համար: Ներկայում ընթանում են վերանորոգման աշխատանքներ (նկարը երկու տարվա է, Լ6-իցս հիշատակ):




Հին (0052) և նոր (0091) փոստերը



Սիրո յուրահատուկ խոստովանություն



"Միլիցիայի դպրոց"-ը



Քանաքեռի Դքսության անկախության տոնին. Քանաքեռը դու ես



Խոսքի ծանր խանգարումներով երեխաների թիվ 8 կրթահամալիր



Աղոթարան Ֆանարջյան փողոցի բակերից մեկում




 
 
 

Քանաքեռում շատ են նման արահետները, որոշները մինչև 1-1,5 կմ երկարությամբ


 

Փողոցների եզրերով հոսում են տարբեր լայնության և խորության առուներ



Շամպայն գինիների գործարանը



Շամպայնի շիշ



Էպիկոտ նկար



Փողոցը կոչվում է Շրջանցիկ թունել



Կամրջակ "Կանալ"-ի վրայով, Շրջանցիկ թունել փողոց



Քանաքեռ ՀԷԿ-ի հոսքային ջրերի ջրանցքը ("Կանալ")




 
 

Քանաքեռ ՀԷԿ-ի հոսքային ջրերի ավազանը ("8-ի բասեյն") Քանաքեռհէկում ("Գես") և Քանաքեռհէկը, Արաբկիր վարչական շրջան. Լճում գործում է թիավարության դպրոց, ջուրը բավականին կեղտոտ է, բայց մարդիկ զբաղվում են ձկնորսությամբ և լողում են:



Արմենալ (նախկին Քանաքեռի ալյումինի գործարան, Կանազ, КанАЗ), Արաբկիր վարչական շրջան: Քանաքեռի հարավ-արևելյան սահմանը:


 

"Կյանքի խոսք" աղանդի "դպրոց"-ը և որջը (կառուցվող) Քանաքեռում:



Թբիլիսյան խճուղին


 

Ռադիոկայմը ("Ռաձյոմաշտ"), չկարողացա ընտրել երկուսի միջև, երկուսն էլ դրեցի



Հայաստանի բնակչության 90%-ին գազաֆիկացրած ու նույնքանի հայհոյանքներին ամեն տարի արժանացող ընկերություն: Շէնքի դիմաց կողք կողքի խրոխտ ծածանվում են Հայաստանի Հանրապետության և Քանաքեռի Դքսության դրոշները: Հա, մեկ էլ` Քանաքեռում մայթեզրին կայանելը ոչ միայն արգելված չի, այլ` պարտադիր է և ոստիկաններն օրինակ են ծառայում մյուսներին:



Լուսանկարն արված է Քանաքեռի Դքսության հյուսիսային սահմանամերձ գոտուց: Առջևում երևում են Կոտայքի մարզը և Առինջի կյուրապաղատությունը:

Վերջ: Չեմ շարունակում, որ չզզվեցնեմ, համ էլ` ԿՄ-ն ասում է` "բոլ ա": Գրառման մէջ օգտագործվող բոլոր լուսանկարներն արել եմ ես, օգտագործելուց հղումը պարտադիր է (բացառությամբ այն դէպքերի, երբ կիսողն ադրբեջանցի է կամ բազմազան, ես հանդուրժող եմ):

հայկական տեղանուններ, Քանաքեռ, բնություն, Հայաստանի բնությունը, Հայոց պատմություն, Երևան

Previous post Next post
Up