Խակին և կամուֆլյաժը ռազմական գործի հետ կապված առաջին ասոցիացիաներից են:
Շատ կենդանիներ քողարկվում են հարակից լանդշաֆտի, բույսերի կամ կենդանիների գունավորումն ընդունելով: Դեռևս հին ժամանակներից մարդիկ կենդանիներից սովորել են քողարկման արվեստը: Դա հիմնականում որսորդների մենաշնորհն էր, ինչպէս նաև տարածված էր գերմանական, կելտական և Ամերիկայի ու Օվկիանիայի տարբեր ցեղերի շրջանում: Կենդանիների քողարկման նպատակները տարբեր են` գիշատչին/զոհին չերևալն, ավելի սարսափազդու տեսք ստանալը կամ զուգընկեր գրավելը: Մարդկանց համար դրանք գրեթե նույնն են, այն տարբերությամբ, որ մարդիկ
օգտագործում էին նաև ծիսական ներկաքողարկում: Քողարկման մի տեսակ է, օրինակ` տատուն, որի նպատակն էր դա կրողին ավելի սարսափազդու տեսք տալն, ինչպէս նաև անտառային տեղանքում դժվարճանաչելի դարձնելը: Տատուի առանձին տեսակներ արվում էին հատուկ ծէսերի համար:
Միմիկրիա` աղոթարարը խոլորձի վրա
Սակայն բանակները շատ ուշ սկսեցին օգտագործել քողարկող հանդերձանքը: Դա ուներ իր պատճառները: Հրազէնի հայտնագործումից շատ հետո էլ հրացանները շարունակում էին կաղալ դիպուկության առումով: Օրինակի համար` հեռահար կրակի դէպքում հրացանի կրակի շեղությունը կարող էր հասնել մինչև կէս կիլոմետրի: Հրացանները միալիցք էին, հետևաբար ռազմի դաշտում ժամանակ չէր լինում դրանք անընդհատ վերալիցքավորելու և հետևակը շարունակ ստիպված էր լինում կարճատև փոխհրաձգությունից հետո անցնել սվիններով մերձամարտի: Նման պայմաններում անիմաստ էր քողարկման օգտագործումը: Ընդհակառակը` մարտական հագուստը կարվում էր վառ գույների կտորից` հակառակորդի վրա շեղող և ճնշող ազդեցություն թողնելու համար: Սակայն, արդեն ԺԹ դարի սկզբում ավելի դիպուկ հրացանների ստեղծումը հնարավորություն տվեց աստիճանաբար անցնել դիրքային կռիվների, ինչն էլ կարևորեց քողարկող հանդերձանքի ստեղծումը: Առաջին անգամ մուգ սոճագույն շապիկները սկսեցին օգտագործվել անգլիական առանձին զորաջոկատների կողմից Նապոլեոնյան պատերազմների ժամանակ: Դրանից մոտ կես դար անց` Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ, նմանատիպ վերնահագուստ սկսեցին կրել Հյուսիսի բանակի որոշ ստորոբաժանումներ: Նույն այդ ժամանակաշրջանում Հնդկաստանում սկսված ապստամբության ժամանակ Հնդկաստանի բրիտանական բանակը (որը հիմնականում կազմված էր հնդիկներից) սկսեց օգտագործել ցեխագույն համազգեստ, որը տեղացիների կողմից անվանվեց "խակի", ինչը Հինդուսթանի բարբառով նշանակում է "փոշոտ" (պարս. "խակի"` "հողակերպ" բառից): Դա շատ հարմար քողարկող հագուստ էր Հնդկաստանի չորային լանդշաֆտի համար: Դրա ստեղծման պատմությունը շատ հետաքրքիր է` բրիտանական զինվորները կրում էին սպիտակ վերնաշապիկներ, ինչը նրանց հեշտ թիրախ էր դարձնում: Նրանք սկսեցին իրենց վերնաշապիկները թաթախել թեյի մէջ, դրան տալով հայտնի գունավորումը: Այդ գունավորումը սկսեց օգտագործվել բոլոր չորային տարածաշրջաններում, հատկապէս տարածում գտնելով Անգլո-բուրյան երկրորդ պատերազմում և դրանից հետո:
Մինչև Առաջին Աշխարհամարտը կամուֆլյաժի փոխարեն օգտագործվում էին ներկաքողարկում կամ քողարկաներկում եզրույթները, սակայն հենց այդ ժամանակ ֆրանսացիների արած նորամուծությունը պատճառ դարձավ ֆրանսական եզրույթի տարածմանը:
Կամուֆլյաժ բառը ծագում է ֆրանսերեն "կամուֆլյաժ"` "ներկաքողարկում" բառից: Առաջին Աշխարհամարտի տարիներին դրանք պարզունակ նախշերով քողարկումներ էին` 2 կամ 3 գույնով: Իսկ ամենաօգտագործվող քողարկումը շարունակում էր մնալ խակին, իր բազմաթիվ երանգային ձևափոխումներով:
Կամուֆլյաժի, ինչպէս և ռազմական արդյունաբերության ու գիտության համար մեծ խթան հանդիսացավ Երկրորդ Աշխարհամարտը: Բրիտանացի նկարիչները և կենսաբանները ստեղծեցին բրիտանական եռագույն վրձնաբիծ կամուֆլյաժը` "Brushstroke"-ը, որը 1980-ականներին հիմք դարձավ ավելի կատարյալ թավուտի կամուֆլյաժի` "Woodland"-ի համար, որը մնում է Աշխարհի ամենատարածված նախշը:
Երկրորդ Աշխարհամարտի տարիներին փայլեցին գերմանական նախագծողները, որոնց ստեղծած կետիկավոր նախշերը ("Flecktarn") հետագայում հիմք դարձան ամբողջ Արևելյան Եվրոպայի, այդ թվում` ԽՍՀՄ կամուֆլյաժների համար, և ոչ միայն... 3-րդ Ռայխի զինվորների զգեստավորումն իրոք ամենակատարյալն էր պատերազմի ընթացում: Ամեն եղանակի և տարածաշրջանի համար նախագծվել էր առանձին կամուֆլյաժ, հաշվի էին առնվել աշխարհագրական առանձնահատկությունները: Ֆլեքթառնի ձևավորումն այն գրեթե անտեսանելի էր դարձնում:
Խորհրդային Միությունը թեև աչքի չընկավ կամուֆլյաժների առատությամբ և բազմազանությամբ (հասարակ երկ- կամ եռագույն կամուֆլյաժներով լավագույն դէպքում զգեստավորվում էին միայն դիպուկահարները), այդուամենայնիվ խորհրդային բանակը փայլուն կիրառեց կեղծ նշանակետերի և քողարկման հնարքներ: Ստեղծվում էին արտաքինից իրական զորամասերը և ռազմաբազաները նմանակող կեղծ կառույցներ` կեղծ տեխնիկայով, որոնք իրենց վրա էին կրում հակառակորդի կրակն, ինչպէս նաև` տեխնիկայի, հատկապէս տանկերի քողարկումներ` հատուկ կառուցապատումներով և տեղանքի օգտագործմամբ:
Ինչպէս նշվեց` 1980-ականներին ամերիկացիները սկսեցին օգտագործել "Woodland"-ը, որը սկսեց օգտագործվել Աշխարհի գրեթե բոլոր բանակների կողմից:
Հաջորդ մեծ քայլը եղավ 1996-ին, երբ կանադական բանակը սկսեց օգտագործել նոր թվային տեխնոլոգիայով պատրաստված կետավոր կամուֆլյաժ, որը հատուկ մշակված տեխնիկայի արդյունքում բացառում էր գիշերային տեսողության սարքերի կողմից դրա հայտնաբերումը: Այն ստացավ "CADPAT" (Canadian Disruptive Pattern)` "կանադական ընդհատ նախշ" անվանումը: Այն ստեղծվել էր կանադական թավուտի կամուֆլյաժի հիման վրա, սակայն հետագայում ստեղծվեցին դրա այլ ձևափոխումները: Հինգ տարի անց` 2001-ին ԱՄՆ բանակն անցավ "MARPAT" (Marine Pattern)` "ծովային հետևակի նախշ"-ին, որն ամերիկյան բանակում նախկինում օգտագործվող բոլոր նախշային սխեմաների թվայնացված տարբերակն էր: Դրա չորային տարածքի համար նախատեսված տարբերակի ձևափոխումներից մեկն էլ 2010-ին դարձավ հայկական բանակի ամառային (ու առայժմ միակ) համազգեստը:
Արդարության առաջ չմեղանչելու համար պէտք է նշել, որ թե՛ "CADPAT"-ը, թե՛ "MARPAT"-ն իրենց հիմքում մեծապէս կրում են գերմանական "Flecktarn"-ի գաղափարը: Նույն այդ նախշի հիման վրա է ձևավորվել նաև գերմանական ժամանակակից եռագույն "Wüstentarn"` անապատային կամուֆլյաժը, որն օգտագործվում է նաև Աֆղանստանում ծառայություն անցնող հայ զինվորների կողմից: Ի միջի այլոց, մի հետաքրքիր փաստ` գերմանացիներն իրենց սովորության համաձայն խուսափել են օգտագործել օտար (առավել ևս` ֆրանսական) բառ և շարունակում են օգտագործել "Թառն" բառը, որը հենց նշանակում է ներկաքողարկում:
Brushstroke Flecktarn Woodland
CADPAT (Woodland) MARPAT (Woodland) Wüstentarn
Ընդամենը մեկ դարում կամուֆլյաժը հասցրել է անցնել բազում ձևափոխություններ, սակայն դրա հիմնական իմաստը մնացել է նույնն` օբյեկտը ձուլել շրջակա ֆոնին այնպէս, որ դիտողն ինքնըստինքյան նույնականացնի այդ օբյեկտի նախշերը շրջակա միջավայրի հետ: