Անտառային լոգանք կամ անտառային թերապիա (2-րդ մաս)

May 16, 2022 11:08



Սկիզբը` այստեղ.

ՄԱՆՐԷՆԵՐ

Հողի մեջ կա մի նյութ, որը մենք ներշնչում ենք անտառում քայլելիս, և որը դրդում է մեզ ավելի երջանիկ զգալու: Դա տարածված ու անվնաս բակտերիա mycobacterium vaccae-ն է: Mycobacterium vaccae-ի օգտակար հատկությունները հայտնաբերվել են տարբեր հետազոտությունների արդյունքում: Բացի նրանից, որ տվյալ բակտերիան օրգանիզմ ներմուծելու դեպքում նկատելիորեն բարձրացել է մարդկանց տրամադրությունը, բարելավվել կյանքի որակը, նաև պարզվել է, որ բակտերիայի ներարկման դեպքում ակտիվանում են այն նեյրոնները, որոնք ասոցիացվում են իմունային համակարգի հետ, ինչը նշանակում է, որ մեր իմունային համակարգի և հույզերի միջև սերտ կապ կա: Այլ կերպ ասած` հողն ուժեղացնում է մեր իմունային համակարգը, իսկ ուժեղացած իմունային համակարգը մեզ ավելի երջանիկ է դարձնում: Հետևաբար ամեն անգամ, երբ դուք հող եք փորում ձեր այգում կամ գետնից պոկած բանջարեղեն ուտում, ստանում եք M. vaccae բակտերիան և այդպիսով խթանում ձեր իմունային համակարգը:

Մի շարք հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ անտառային զբոսանքը պայծառացնում է միտքը, լավացնում հիշողությունն ու կենտրոնանալու ունակությունը, խթանում երևակայությունն ու լուծումներ գտնելու ունակությունը մինչև 50%-ով:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է` բնությունը մեզ նաև ավելի սիրող, հոգատար ու վստահելի է դարձնում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ երբ մենք հաղորդակցվում ենք բնության հետ, կարծես վերհիշում ենք, որ մենք ինչ-որ շատ ավելի մեծ բանի մաս ենք: Առերեսվելով տիեզերքի անսահմանության հետ` մենք երախտագիտությամբ ողողված ենք զգում մեզ: Պակաս եսասեր ենք դառնում ու սկսում ենք ավելի շատ մտածել այլոց մասին: Հետազոտությունները ցույց են տվել, որ մենք ավելի օգնող ու հոգատար ենք դառնում Երկրագնդի, բնության, տիեզերքի մասին տեսանյութեր դիտելուց ու վիթխարահասակ ծառերի նկարներ նայելուց հետո:

ԲՆԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Լուրջ հետազոտություններ են արվել նաև պարզելու համար, թե ինչպես է զուտ բնության տեսարաններին նայելն ազդում մարդկանց ապաքինման վրա: Բազմաթիվ հիվանդների հետվիրահատական ապաքինմանը հետևելով` բժիշկները պարզել են, որ այն հիվանդները, որոնց պատուհանից բնության տեսարան էր բացվում, շատ ավելի քիչ են ցավազրկողների կարիք զգացել, ավելի լավ տրամադրություն են ունեցել, ավելի արագ են ապաքինվել ու հիվանդանոցից դուրս գրվել, քան նրանք, որոնց պատուհանից պարզապես պատ էր երևում:

ՈՐՔԱՆ ԾԱՌԵՐ, ԱՅՆՔԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մի բավական ծավալուն հետազոտություն ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք ապրում են այնպիսի բնակավայրերում, որտեղ շատ են ծառերն ու կանաչ տարածքները, ավելի հանգիստ են ու պակաս դեպրեսված, և որ ծառերի դրական ազդեցությունը մարդկանց մտահուզական վիճակի վրա ավելի երկարատև է լինում, քան այնպիսի իրադարձություններինը, ինչպիսիք են աշխատավարձի բարձրացումը, ամուսնանալը և այլն: Լոնդոնում մի հետազոտություն է արվել` պարզելու համար տվյալ տարածքում ծառերի խտության և հակադեպրեսանտների համար դուրս գրված դեղատոմսերի միջև կապը, և պարզվել է, որ ծառաշատ տարածքներում նշանակված հակադեպրեսանտների թիվն ավելի փոքր է: Մեկ այլ հետազոտություն, որ արվել է Ճապոնիայում, ցույց է տվել, որ մարդիկ ավելի երկար են ապրում, երբ կանաչ տարածքներն ու զբոսայգիները նրանց տնից ոտքով գնալու հեռավորության վրա են:

Անտառում կարելի է շատ տարբեր բաներ անել, որոնք կօգնեն հանգստանալ և հաղորդակցվել բնության հետ: Նշանակություն չունի, թե որքան լավ մարզավիճակում եք. շինրին-յոկուն` անտառային լոգանքը, հարմար է ցանկացած մարզավիճակում գտնվող մարդու համար: Ահա մի քանի բան, որ կարելի է անել անտառում.


Քայլել
Կարող եք ձեր ուզածի չափ դանդաղ քայլել, շտապելու կարիք չկա: Դանդաղ քայլելը կօգնի զգայարանները բաց պահել, շատ բաներ նկատել ու լիարժեք ներշնչել անտառի օդը: Ժամանակ առ ժամանակ կանգ առեք` փորձելով հնարավորինս շատ բաներ նկատել ու զգալ ձեր շուրջը:


Յոգա
Բնության գրկում յոգա անելու առավելությունները երկար սպասել չեն տա: Կարող եք մի քանի հեշտ դիրքեր անել կամ ուղղակի հարմարավետ նստել` ոտքերը խաչած` խորը շնչելով ու փորձելով որսալ ձեր շուրջը եղած տեսարաններն ու հոտերը, լսելով անտառային ձայները:


Ուտել անտառում
Ուտելի բույսեր համտեսելն անտառային թերապիայի էական մաս է կազմում: Որտեղ էլ լինեք, կարող եք ինչ-որ ուտելի բույսեր գտնել, բայց պետք է զգույշ լինել ու համտեսելիս վստահ լինել, որ տվյալ բույսն իսկապես ուտելի է, թունավոր չէ:


Կարելի է անել նաև թայ չի (tai chi), մեդիտացիա, շնչառական վարժություններ, արոմաթերապիա, արվեստի կամ ձեռագործի դասեր, բույսերի ուսումնասիրություն և այլն:
Զանազան գործողություններ փորձելով` կգտնեք այն, ինչն անձամբ ձեզ համար ամենացանկալին է, օգնում է հանգստանալ ու հնարավորինս մեծ օգուտ քաղել անտառային լոգանքից:

ԾԱՌԵՐԻ ԴԵՐԸ ՔԱՂԱՔՈՒՄ
Ծառերը կենսական նշանակություն ունեն քաղաքները մաքուր պահելու հարցում: Դրանք օգնում են զովացնել օդը` նվազեցնելով քաղաքային տոթը, և գերազանց զտիչ են աղտոտող գազերի համար, ինչպիսիք են ածխածնի մոնոքսիդը, ազոտի օքսիդները, օզոնը և ծծմբական օքսիդները: Ծառերը շատ լավ են կատարում նաև մթնոլորտն աղտոտող կախված մասնիկներն (պինդ և հեղուկ) օդից հեռացնելու գործը, հատկապես երբ հաճախակի անձրևում է: Կախված մասնիկները նստում են ծառերի տերևների վրա մոտավորապես այնպես, ինչպես փոշին` կահույքի վրա: Այնուհետև անձրևը լվանում-տանում է դրանք:

Կախված մասնիկները բաղկացած են փոշու, ծաղկափոշու և ծխի միկրոսկոպիկ մասնիկներից, որոնք ներշնչելիս լցվում են մեր թոքերը: Ավտոմեքենաները կախված մասնիկների ակտիվ արտազատողներ են, և մեծ քաղաքներում մարդիկ անհամեմատ ավելի շատ են ենթարկվում դրա ազդեցությանը, քան քաղաքից դուրս ապրողները:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է, որ օդի բոլոր աղտոտիչներից մանր կախված մասնիկներն ամենամեծ բացասական ազդեցությունն են ունենում մեր առողջության վրա` նպաստելով ասթմայի, թոքերի հիվանդությունների, սրտի կաթվածի, քաղցկեղի և ուղեղի կաթվածի առաջացմանը: Քաղաքներում ապրող մարդկանց մոտ 90%-ը կախված մասնիկների ազդեցությանը ենթարկվում է այնպիսի խտությամբ, որը բարձր է ԱՀԿ-ի սահմանած` օդի որակի ուղեցույցում նշված ընդունելի մակարդակից: Ըստ գնահատականների` 2012 թ. օդի աղտոտվածությունը պատճառ է դարձել 3 մլն. վաղաժամ մահերի, և մինչև 2050 թ. կախված մասնիկներից աղտոտվածության պատճառով մահերի թիվը կհասնի տարեկան 6.2 մլն.-ի, երբ մեզնից ավելի շատերը բնակվելիս կլինեն քաղաքներում ու մեգաքաղաքներում:
Այնուամենայնիվ, ընդամենը մեկ ծառը կարող է ներծծել տարեկան 4.5 կգ օդի աղտոտիչներ: 2014 թ. ծառերի` «իր տեսակի մեջ ամենախոշոր հետազոտությունը» ցույց է տվել, որ Լոնդոնի ծառերը տարեկան հեռացնում են 2.241 տոննա աղտոտվածություն, իրենց մեջ պահում են 2.367.000 տոննա ածխածին, ապահովում են 77.200 տոննա ածխածնային սեկվեստրացում և որսում են 3.414.000մ2 փոթորկի ջրի մակերեսային արտահոսք:

Որոշ ծառեր ավելի արդյունավետ են անում սա, քան մյուսները: Արծաթագույն կեչին, օրինակ, կարող է կլանել ավտոմեքենաների արտազատած կախված մասնիկների 50 տոկոսը, որը շատ ավելի շատ է, քան կարող է անել կաղնին: Գիտնականներն այսպիսի հետազոտություն են արել Անգլիայի Լանկաստեր քաղաքի փողոցներից մեկում: Սկզբում չափել են, թե որքան կախված մասնիկներ են մտնում մարդկանց տներ (չափելով հեռուստացույցների վրա նստած փոշին): Այնուհետև մի շարք մատղաշ ծառեր են տնկել փողոցի երկայնքով: Երկու շաբաթ հետո գիտնականները հետազոտել են ծառերի տերևները հատուկ էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ: Տերևները ծածկված են շատ փոքր մազիկներով, և հենց դրանք էլ իրենց մեջ են առնում մեքենաներից արտազատվող կախված մասնիկները: Հետազոտության վերջում հեռուստացույցների վրա նստած փոշին 50 տոկոսով ավելի քիչ է եղել, քան սկզբում:

Շարունակելի

Նյութը պատրաստել եմ բժիշկ Քինգ Լիի «Դեպի անտառ. ինչպես ծառերը կարող են օգնել ձեզ առողջություն և երջանկություն գտնել» գրքի հիման վրա:

Dr. Qing Li "Into The Forest: How Trees Can Help You Find Health And Happiness", 2019.



Բնություն, Անտառային թերապիա, Գրքեր, Առողջություն, Դիտակումներ, Անտառային լոգանք, Առողջ ապրելակերպ, Ծառեր

Previous post Next post
Up