1-ին ու 2-րդ մասերն`
այստեղ և
այստեղ:
ՁԱՅՆԵՐ
Այսօրվա աշխարհում շատ դժվար է հանգիստ ու խաղաղ տեղ գտնելը: Հիշո՞ւմ եք, թե վերջին անգամ երբ եք լսել... ոչինչ:
Աղմուկը զուտ նյարդայնացնող չէ, այն կարող է բարձրացնել արյան ճնշումը, խանգարել կենտրոնացմանն ու քնին և նպաստել մոռացկոտությանը: Նաև պարզվել է, որ այն կասեցնում է երեխաների ընթերցանական և խոսակցական հմտությունների զարգացումը: Քրոնիկական աղմուկը սթրեսային է: Իսկ մենք գիտենք, թե ինչ է առաջացնում սթրեսը. առողջական խնդիրների մի ամբողջ փունջ:
Աշխարհի բնակչության ավելի քան կեսն այսօր ապրում է աղմկոտ քաղաքներում: Մոտ 80 մլն եվրոպացիներ ապրում են աղմուկի չափազանց բարձր մակարդակի պայմաններում: Ավելի քան 11 մլն ամերիկացիներ ենթարկվում են այնպիսի բարձր մակարդակի երթևեկության աղմուկի ազդեցության, որ վտանգում են իրենց լսողությունը:
Ամենուրեք աղմուկի այսպիսի բարձր մակարդակի պատճառով մարդկանց մեծ մասն այլևս հնարավորություն չունի վայելելու անդորրի ու լռության վերականգնող ձայները:
Իհարկե, լռությունը բնության մեջ ոչ միշտ է նշանակում ձայների լիակատար բացակայություն: Երբ ձերբազատված ես մարդկային աղմուկից, հնարավորություն ունես լսելու միայն այն ձայները, որ բնությունն է ապահովում:
Ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ մենք գերադասում ենք բնության ձայները քաղաքային աղմուկից, որ բնության ձայները թեթևացնում են սթրեսը, և մենք հանգստանում ենք թռչունների երգեր ու ջրի ձայն լսելուց: Բրայթոնի և Սասեքսի Բժշկական Դպրոցի հետազոտողները (ՄԹ), որոնք ուսումնասիրում էին ուղեղի, մարմնի և ֆոնային աղմուկի միջև կապերը, փորձել են պարզել, թե ինչ է կատարվում մարդկանց ուղեղների հետ, երբ նրանք լսում են մի շարք ձայներ` թե՛ բնական, թե՛ մարդու ստեղծած միջավայրերից:
Ունկնդրելու ընթացքում մասնակիցները պետք է իմացական առաջադրանք կատարեին: Նրանց սրտի աշխատանքը, նյարդային համակարգը, արյան ճնշումը, մարսողությունն ու նյութափոխանակությունը հսկողության տակ էին պահվում: Արդյունքը ցույց տվեց, որ երբ մասնակիցներն արհեստական ձայներ էին լսում, նրանց ուշադրությունն ուղղված էր լինում դեպի ներս: Դեպի ներս ուղղված ուշադրությունն ասոցիացվում է անհանգստության և ծանր մտորումների հետ: Իսկ երբ մասնակիցները բնության ձայներ էին լսում, նրանց ուշադրությունն ուղղվում էր դեպի դուրս: Բացի դրանից, մասնակիցներն ավելի վատ էին կատարում առաջադրանքը, երբ լսում էին մարդու ստեղծած ձայներ: Բնության ձայները նվազեցնում էին օրգանիզմի սիմպաթիկ նյարդային համակարգի գործունեությունը («պայքարիր կամ փախիր») և խթանում պարասիմպաթիկ համակարգը (հանգստացիր և վերականգնվիր)` ցույց տալով, որ մենք ավելի հանգիստ ու լարվածությունից զերծ ենք, երբ բնության ձայներ ենք լսում:
Մեկ այլ հետազոտություն է արվել, որի ժամանակ օգտագործվել է վիրտուալ անտառ: Պարզվել է, որ երբ անտառի ցուցադրության մեջ ներառված են եղել անտառային ձայներ, ազդեցությունն ավելի հանգստացնող ու սթրեսաթոթափիչ է եղել, քան երբ անտառը ցույց է տրվել առանց ձայների:
Բնության մեջ մեր ամենասիրած ձայներն են ջրի ձայնը, քամու ձայնը, թռչունների ծլվլոցը, թռչունների երգելը: Մարդիկ ամենազգայունն են 2500 և 3500 հերց հաճախականության միջև ընկած ձայների նկատմամբ: Դա նաև այն միջակայքն է, որում թռչուններն են երգում, որն էլ բացատրում է, թե ինչու է թռչունների երգը երաժշտության պես հնչում մեր ականջին:
ՏԵՍԱՐԱՆՆԵՐ
Մեր տեսողությունը համարվում է բոլոր զգայարաններից ամենակարևորը: Մենք տեսողական էակներ ենք ու մեր տպավորությունների մեծ մասն ստանում ենք աչքերով: Հենց տեսողության միջոցով ենք զգում ու ապրում բնական աշխարհի հմայքն ու գեղեցկությունը:
Բանն այն է, որ մեր աչքերն այնքան լավ չեն զտում այն արհեստական լույսը, որին նայում ենք ամբողջ օրը, որքան զտում են արևի ուլտրամանուշակագույն լույսը: Մեր աչքերն ստեղծված չեն էկրաններին նայելու համար, և ժամերով համակարգչի դիմաց լինելն առաջացնում է գլխացավեր, աչքերի լարվածություն և տեխնոսթրես:
Մեր աչքերն ստեղծված չեն նաև քաղաքային տեսարաններին նայելու համար: Գույների` հույզերի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ բնության մեջ եղած կապույտի ու կանաչի երանգները մեզ համար ամենահանգստացնողն են: Դրանք նվազեցնում են մեր անհանգստությունները և սթրեսները: Իսկ քաղաքային տեսարանների մոխրագույնը, պարզվում է, մեզ ավելի դժբախտ ու ավելի ագրեսիվ է դարձնում:
Իհարկե, մեր գոյության մեծ մասի ընթացքում մենք` մարդիկս, շրջապատված ենք եղել կանաչով: Բնությունն այն է, ինչին մենք սովոր ենք եղել նայել: Կանաչը մեզ վստահություն ու հանգստություն է ներշնչում ամենատարրական մակարդակով. որտեղ կանաչ, այնտեղ` ջուր: Իսկ որտեղ ջուր կա, այնտեղ կարելի է սնունդ գտնել: Երբ մեր շրջակա աշխարհը շատ կանաչ է պարունակում, մենք կարող ենք հանգստանալ` իմանալով, որ սոված չենք մնա: Հետևաբար զարմանալի չէ, որ կանաչ գույնը մեզ վրա այսպիսի դրական ազդեցություն է ունենում:
Բայց բնությունը պարզապես կանաչ չէ, այն նաև գեղեցիկ է: Ուր էլ նայենք, բնությունն ամենուրեք գեղեցիկ նախշեր է ստեղծում. ծաղիկների թերթիկներում, ձյան փաթիլի ճյուղիկներում, խեցու գալարներում: Ամենուր օրինաչափ նախշեր են` կոնի թեփուկներից մինչև տերևների դասավորություն և այլն:
Բնության այս օրինաչափ նախշերը կոչվում են ֆրակտալներ: Դրանք կարելի է տեսնել օվկիանոսի ալիքներում, կայծակի մեջ, ափերի սահմանների ու գետերի մեջ, ինչպես նաև ծաղիկների, ծառերի, ամպերի ու ձյան փաթիլների մեջ: Ֆրակտալը նախշ է, որն անընդհատ կրկնվում է և նույն տեսքն ունի ցանկացած մեծության դեպքում: Դրանք բնության մեջ ամենուր են:
Պատկերացրեք, թե ինչպես է ծառն աճում. ծառաբունն աճում է, մինչև բաժանվում է երկու ճյուղերի, այդ ճյուղերն էլ բաժանվում են երկու ճյուղերի, այդ երկուսն էլ իրենց հերթին են բաժանվում երկու ճյուղերի, և այդպես շարունակ: Անկախ նրանից, թե ինչ մեծությամբ եք տեսնում ճյուղերը, դրանց նախշերը նույնն են լինելու:
Գիտականորեն ապացուցված է, որ այս անհամար օրինաչափ նախշերը հանգստացնում են մեզ` անկախ նրանից, թե նախշը որքանով է բարդ ու բազմատարր: Օրեգոնի Նյութագիտության ինստիտուտում ֆիզիկայի, հոգեբանության և արվեստի պրոֆեսոր Ռիչարդ Թեյլորը հսկայածավալ հետազոտություն է արել` պարզելու համար, թե ինչ է կատարվում, երբ մենք նայում ենք ֆրակտալների նախշերին: Դրա համար նա օգտագործել է աչքերին հետևող սարքավորում, որը չափում է ուղեղի աշխատանքը: Նա պարզել է, որ մեր մեջ խորն արմատացած է բնության մեջ հանդիպող ֆրակտալներին արձագանքելը, և որ նմանատիպ բնական նախշերին նայելը կարող է նվազեցնել մեր սթրեսը մինչև 60 տոկոսով:
Պրոֆեսոր Թեյլորը հայտնաբերել է, որ մենք տեսողականորեն շատ վարժ ենք բնական աշխարհի նախշերի հարցում: Քանի որ մենք զարգացել ենք բնական աշխարհի տեսարաններում, հեշտությամբ ենք ընկալում դրա նախշերը: Եվ հենց այդ վարժ, սովոր լինելն է հանգստացնում մեզ: Մենք հաճույք ենք ստանում բնության նախշերին նայելուց, որովհետև լավ ենք դրանից:
Այնուամենայնիվ, բնության մեջ եղած նախշերն ավելին են անում, քան պարզապես հանգստացնելն ու հարմարավետության զգացողություն պարգևելն է: Դրանք կարող են նաև զմայլել, ապշեցնել մեզ ու լցնել ակնածանքի խոր զգացումով: Շատերի կարծիքով, հենց այս ապշահիացախառն ակնածանքի զգացումն է, որ ստիպում է մեզ ավելի լավ զգալ անտառում:
Հոգեբան Դախեր Քելները նկարագրում է ակնածանքը որպես «ինչ-որ վիխթարի կամ մարդկայինից ու մեր ներկայիս ընկալումների սահմաններից անդին գտնվող մի բանի ներկայության զգացողություն»: Բնության տեսարաններին նայելուց ակնածանքով լցված լինելիս է, որ սկսում ենք մտածել մեզնից դուրս: Ակնածանքի զգացումն օգնում է մեզ հանդարտվել ու դադարել անհանգստանալ: Այն բացասական հույզերը փոխակերպում է դրականի, դադար է բերում ու բերկրանք պարգևում:
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
Ֆրակտալներն օգտագործեք ձեզ ավելի երջանիկ զգալու համար
Գնացեք անտառ, զբոսայգի կամ հենց ձեր այգի և նստելու տեղ գտեք:
Նայեք ամպերին ու երկնքին կամ ջրավազանի մակերևույթի օղակներին: Նայեք, թե ինչպես է առվակի ջուրը քչքչալով հոսում կամ ինչպես են ծառի ճյուղերը բաժանվում իրարից:
Մոտեցեք ու նայեք տերևի երակներին կամ ծաղկի թերթիկներին և նկատեք դրանց կրկնվող նախշերը:
Շուտով կսկսեք ձեր շուրջն ամենուր օրինաչափ նախշեր տեսնել:
Ուշադրություն դարձրեք ձեր սթրեսի մակարդակի վրա դրանից առաջ և հետո, և տեսեք, թե ինչպես են բնության մեջ առկա ֆրակտալ նախշերը հանգստացնում ձեզ:
Երբ տեսնեք, թե ձեզ շրջապատող աշխարհը որքան լի է օրինաչափ նախշերով, կսկսեք ակնածանք ու հիացմունք զգալ բնաշխարհի նկատմամբ: Եվ դա ձեզ ուրախություն ու հանգստության զգացողություն կբերի:
ՀՈՏԵՐ
Անտառային լոգանքի ամենահզոր տարրերից մեկը ծառերի արձակած հոտերն են` դրանց ֆիտոնցիդները: Երբ քայլում եք անտառով, ներշնչում եք դրա ապաքինող ուժը: Ձեզնից պահանջվում է միայն այնտեղ լինել:
Անտառի օդում կան նաև այլ հոտեր, օրինակ` հողի հոտը, անձրևի հոտը: Նաև այն ախորժելի թարմ հոտն անտառում, որ լինում է անձրևից հետո: Եթե երկար ժամանակ չոր է եղել, բույսերի յուղերը հավաքվում են հողի ու քարերի մեջ: Դա բույսերի` չոր եղանակին գոյատևելու ձևերից մեկն է: Երբ անձրևում է, ջուրը տարածում է քարերում ու հողում կուտակված յուղերը, և օդը լցվում է դրանց բույրով:
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԻՈՆՆԵՐ
Անտառի հոտերն էական դեր ունեն անտառում մեր լավ ինքնազգացողության մեջ: Բայց մի ուրիշ բան էլ կա օդում, որ մեզ ստիպում է լավ զգալ, երբ բնության մեջ ենք, և դա մի բան է, որ հոտ չունի:
Իոնները լիցքավորված մասնիկներ են օդում: Դրանք լինում են դրականորեն և բացասականորեն լիցքավորված: Բացասական իոններն են լավ ազդողները. դրանք, ասում են, էներգիա տվող և թարմացնող ազդեցություն ունեն, նաև օգնում են մտքի պայծառացմանն ու ընդհանուր լավ ինքնազգացողությանը: Դրսում անհամեմատ ավելի շատ բացասական իոններ կան, քան ներսում, և դրանցով հատկապես հարուստ են անտառները, դրանց մոտակայքում գտնվող ջրվեժները, գետերն ու առվակները:
Ջրվեժի մոտակայքում օդը պարունակում է մոտ 1 սմ3-ում մոտ 100.000 բացասական իոններ, մինչդեռ մեր գրասենյակներում օդը կարող է պարունակել 1 սմ3-ում ընդամենը մի քանի 100 բացասական իոններ: Հետևաբար զարմանալի չէ, որ ջրվեժի մոտակայքում քայլելն առույգացնող ազդեցություն է ունենում: Եթե զբոսնեք այնպիսի տեղերով, որտեղ առվակ կամ գետ կա, դրանով առավելագույնի կհասցնեք բացասական իոնների ձեր ստացած չափաբաժինը և ձեր էներգիայի մակարդակը զգալիորեն կբարձրացնեք:
ՇՈՇԱՓԵԼԻՔ (ՀՊՈՒՄ)
Մեր շոշափելիքի զգայարանի միջոցով է որ մենք ֆիզիկապես և բառացիորեն հաղորդակցվում ենք բնության հետ: Տաք աղբյուրների ջրում լողանալը բնության հետ ֆիզիկական շփման լավագույն ձևերից մեկն է: Ասում են` հենց անմիջապես աղբյուրից բխող ջուրն է ամենաառողջարարը:
Բայց եթե ձեր շրջակայքում տաք աղբյուրներ չկան, բնության հետ կապ հաստատելու և մարմնի ու բնական աշխարհի միջև էներգիայի հոսքը պահպանելու այլ ձևեր էլ կան:
Նկատե՞լ եք` որքան հաճելի զգացողություն է լինում ավազի, հողի կամ խոտերի վրայով ոտաբոբիկ քայլելիս: Ժամանակակից կյանքի պայմաններում մենք այլևս ոչ քնում ենք գետնին, ոչ էլ նույնիսկ բոբիկ քայլում գետնին, մինչդեռ մեր ոտքերը ստեղծված են հենց գետնի վրա քայլելու համար:
ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ
1. Նախ հանեք գուլպաներն ու կոշիկները և դուրս եկեք:
2. Կանգնեք գետնին, խոտին կամ ավազին:
3. Ուշադրությունը կենտրոնացրեք ոտքերի ներբանների վրա` ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ եք զգում:
4. Կանգնեք` ոտքերը զուգահեռ և իրարից ուսերի հեռավորության վրա, ծնոտը ներքև հակած, ողնաշարն` ուղիղ, ձեռքերն` ազատ ցած կախած: Ուղիղ կանգնած` թույլ տվեք, որ ձեր ամբողջ լարվածությունն ու քաշն իջնեն մինչև ոտնաթաթերը: Պատկերացրեք, որ ձեր ոտնաթաթերի տակից արմատներ են տարածվում ոտքի տակ եղած հողի մեջ:
Շատ մարդիկ սիրում են անտառային լոգանք ընդունել ոտաբոբիկ: Անտառում առանց կոշիկների քայլելը կօգնի վերականգնել ձեր և բնական աշխարհի միջև կտրված կապը: Բայց եթե չեք ուզում կոշիկները հանել, փորձեք անպայման մի ուրիշ ձևով հաղորդակցվել բնության հետ: Ձեռքերն ընկղմեք տերևների կույտի մեջ, հոսող ջրի հատակից խճաքար հանեք, շոշափեք, զգացեք, թե ինչպես է զեփյուռը խաղում ձեր դեմքին, կամ` հենվեք որևէ ծառի, կարող եք նաև գրկել:
Շարունակելի
Նյութը պատրաստվել է բժիշկ Քինգ Լիի «Դեպի անտառ. ինչպես ծառերը կարող են օգնել ձեզ առողջություն և երջանկություն գտնել» գրքի հիման վրա:
Dr. Qing Li "Into The Forest: How Trees Can Help You Find Health And Happiness", 2019.
Թարգմանությունն ու մշակումը` Անահիտ Ուլուբաբյանի
Լուսանկարը նույնպես իմն է: