ՂՐԻՄԻ ՎԱՐԴԵՐԸ

May 24, 2016 16:30

Հետաքրքիր բանաստեղծություն է հայերեն լեզվով իմ սիրված Ղրիմի մասին։ Մի տասը տարի առաջ եմ հանդիպել, բայց հեղինակի անունը չեմ կարողանում գտնել։ Ո՞վ կարող է իմանալ թե ով է հեղինակը։ Ով ասի` իրան մրցանակ կհանձնեմ :)

ՂՐԻՄԻ ՎԱՐԴԵՐԸ
Օ՜, չորացած կարմիր վարդեր...
Սիրով եմ այդ փունջը պահում,
Եվ նա քնքուշ բուրում է դեռ
Հախճապակե ծաղկամանում։

Բուրում է դեռ, և ամեն օր
Շնչելով բույրն այդ մտերիմ,
Քե՛զ եմ հիշում, իմ հեռավոր,
Իմ վարդաշատ չքնաղ Ղրիմ։

Ծովն եմ հիշում արևաներկ,
Ափերը քո գեղանկար,
Ուր խամրեցին թե՛ վարդ, թե՛ երգ,
Ուր արնոտվեց ամեն մի քար։

Քե՛զ եմ հիշում, պայծառ Սուդակ,
Ձեզ-նոճիներ իմ նազելի.
Էլ չեն հնչում ձեր շուքի տակ
Թախծոտ «Հեջազն» ու «Էնզելին»։

Ի՞նչ եք խորհում դուք ծովափին՝
Կանգնած մենակ ու հողմածեծ…
Ո՞ւր է, ասե՛ք, ձեռքն այն նրբին,
Որ այս վարդերն ինձ նվիրեց։

Ղրի՛մ, Ղրի՛մ, դու իմ սրտում
Պիտի ապրես քանի ես կամ,
Եվ վարդերիդ միջից տրտում
Ինձ կնայես ամեն անգամ։

Ինձ կնայես, մինչև կրկին,
Գնդերի հետ ազատարար,
Կանգնեմ ժայռոտ քո եզերքին,
Ասեմ - ողջո՜ւյն, չքնաղ ափեր։

Ու մենք կգանք, կգանք Ղրիմ,-
Մոտ է այդ օրն արևավոր,
Երբ կբուրեն իմ սեղանին
Վարդերդ թարմ, վարդերդ նո՜ր։

1943 թ.

литература, мое избранное, Ղրիմ, գրականություն, իմ ընտրանին, անձնական

Previous post Next post
Up