Բավականին երկար ժամանակ մտքովս չէր էլ անցնում, որ Հայաստանում երկնաքարեր կարող են հայտնաբերված լինեն։ Մի երկու տարի առաջ համացանցը փորփրելուց հետո գտա որոշ տեղեկություններ Հայաստանում ընկած երկնաքարերի մասին, և այժմ կներկայացնեմ դրանց պատմությունները։ Ընդհանրապես երկնաքարերը բավականին սակավաթիվ են, քանի որ մեծ մասը երկիր մոլորակի վրա ընկնելուց այրվում է, իսկ մնացածն էլ հազվագյուտ են հայտնաբերվում։ Այդ փաստին գումարած Հայաստանի տարածքի փոքրությունը, պարզ է դառնում ինչու են մինչ օրս գիտությանը հայտնի ընդհամենը երկու "հայկական" երկնաքարեր` Կուլպն ու Երևանը։ Մի երկնաքարն էլ` Ինդարխը, Հայաստանին շատ մոտ է ընկել (Ակնա-Աղդամից մի քանի կիլոմետր հեռու), դրա համար իրան էլ կընդգրկեմ գրառմանս մեջ։
Պատմությունս կսկսեմ հենդ այդ վերջինից` Ինդարխից։ Ժամանակագրային առումով այն առաջինն է, որ ընկել է 1891 թվականի ապրիլի 7-ին, այդ ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի
Հինդարխ գյուղի մոտակայքում, ինչի համար էլ ստացել է Ինդարխ անունը (
Indarch)։ Գիշերը ժամը 22 անց 10 րոպեին երկինքը ցնցվեց դղրդյունից, գյուղացիք վախից ելան քնից և տեսան թե ինչպես է երկնքից ընկնում մի պայծառ կրակի գունդ։ Թարմ հետքերով գնացին անկման վայրը և 18 սանտիմետր խորության վրա (հարվածից այն այդքան էր մտել հողի մեջ) գտան տաքացած մի մեծ քարե կտոր։ Մետեորիտը բավականին ծանր էր` կշռում էր 27 կգ։ Հետագայում պարզվեց, որ այն քարե երկնաքար է, և պատկանում է էնստատիտային ախոնդրիտների 4-րդ դասին (Enstatite Chondrite EH4)։ Այսօրվա դրությամբ այն աշխարհի երկրորդ ամենամեծ էնստատիտային ախոնդրիտն է։ Երկաքարը նաև հայտնի է նրանով, որ իր մեջ հայտնաբերվել են ապարներ, որոնք մինչ այդ երկրի վրա դեռ չէին հանդիպել։ Այդ միներալներն են` Նիերիտը (Nierite: Si3N4), Նինինգերիտը (Niningerite: (Mg,Fe2+,Mn2+)S), Րյոդերիտը (Roedderite: (Na,K)2(Mg,Fe)5Si12O30) և Ռուդաշեվսկիտը (Rudashevskyite: (Fe,Zn)S)։ Սրանց բոլորի համար տիպային հանքավայրը (type locality) Ինդարխ մետեորիտն է։
Ներքևում պատկերված է Ինդարխի հղկված կտորը։
Աղբյուրը.
http://www.lpi.usra.edu/meteor/metbull.php?code=12027 Իսկ ստեղ ներքևում պատկերված է Րյոդդերիտի շատ գեղեցիկ բյուրեղ, բայց գտնած արդեն երկրային ապարների մեջ։
Աղբյուրը.
http://www.mindat.org/photo-293645.html Երկրորդ երկնաքարը, արդեն զուտ "հայկականը" :), ընկել է այդ ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի Կուլպ գյուղի մոտ (ներկայիս Կողբ գյուղն է Թավուշի մարզի) 1906 թվականի մարտի 29-ին։ Անկման վայրի անունով երկնաքարը անվանել են Կուլպ (
Kulp)։ Մետեորիտը դասակարգվում է որպես սովորական խոնդրիտ 6-րդ տեսակի (Ordinary chondrite H6), այսինքն այն նույնպես քարե մետեորիտ է։ Սկզբնական զանգվածը ենթադրաբար կշռում էր մոտ 10-11 կգ, իսկ պահպանված բեկորը, որը գտնվում է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Մետեորիտային հավաքածույում կշռում է 3.719 կգ։
Համացանցում, ցավոք, այս երկնաքարի լուսանկարները չկան։
Երրորդ (զուտ հայաստանյան` երկրորդ) երկնաքարը` Երևանը (
Erevan, Yerevan), ընկել է 1911 թվականին Երևանի մոտակայքում։ Այս երկնաքարը նույնպես քարե տեսակի է, բայց շատ հազվագյուտ Հովարդիտ է ախոնդրիտ տեսակի (Howardite, achondrite)։ Գտնված քարը կշռում է 107.2 գրամ։ Երկնաքարի կտորներից ամենամեծը պահպանվում է ՌԳԱ Երկնաքարային հավաքածույում։ Այս երկնաքարի հայտնաբերման պատմությունը շատ հետաքրքիր է և ուսուցանելի։ Նախասկիզբը հետևյալն է։ "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթի 1975 թվականի փետրվարի 16-ի թողարկման մեջ լույս է տեսնում Վ. Կալինովսկու հոդվածը "Գտեք ձեր երկնաքարը" վերնագրով, որտեղ հեղինակը կոչ էր անում բնակչությանը հայտնել երկնաքարերի անկման և հայտնաբերման մասին տեղեկությունները։ Այս հոդվածը կարդում է Սամարայում (նախկին Կույբիշեվ) բնակվող լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա. Պետրոսյանը և առանց ձգձգելու նամակ գրում ԳԱ Երկնաքարերի կոմիտե, որտեղ նա նշում է. "1911-1912 թվականներին իմ հորը փոխանցել էին նույն ժամանակ գտած մի ապար, որը ընկել էր երկնքից, հավանաբար մետեորիտ։ Իր ողջ արտաքին մակերեսը հալված է, կտրվածքում ունի մոխրագույն երանգ բաց և մութ գույնի ներառված կետիկներով"։ Ավելի մանրամասն տեղեկություններ Պետրոսյանը չէր կարող մտաբերել, քանի որ, այդ ժամանակ ինքը ընդհամենը յոթ տարեկան էր։ Ի սկզբանե երկնաքարը բռունցքի չափ ուներ (մոտավորապես 5 х 6 х 7 սմ), բայց 1927-1928 թթ. Պետրոսյանը սղոցել էր այն, երեք մասի։ Մի մասը փոխանցել էր Ադրբեջանի պոլիտեխնիկ ինստիտուտի (Բաքու)։ Այստեղի կտորի համար քանի անգամ հարցումներ են ուղարկվել, բայց քարի ճակատագիրը մնում է անհայտ։ Երկրորդ կտորը (68.5 գ) 1960 թվականին Պետրոսյանը ուղարկում է Կույբիշեվի պոլիտեխնիկ ինստիտուտի երկրաբանության ֆակուլտետ, սակայն այստեղ ոչ մի հետազոտություններ չի կատարվում, և այս կտորը հետագայում Պետրոսյանը ուղարկում է ՌԳԱ Մետեորիտային հավաքածու։ Երրորդ կտորը (38.7 գ), հավանաբար 1975 թվականին, նա փոխանցում է Հայաստանի ԳԱ Երկրաբանական ինստիտուտի երկրաբանական թանգարան, որտեղից էլ, ևս հավանաբար, այն բարեհաջող անհետանում է։
Ներքևի նկարում Երևան երկնաքարն է։
Աղբյուրը.
http://www.meteorites.ru/menu/encyclopaedia/hotinok7.html Այստեղ ներքևում պատկերված է Երևան երկնաքարի հղկված կտորը։
Աղբյուրը.
http://www.lpi.usra.edu/meteor/get_original_photo.php?recno=5642250 Երևան երկնաքարը աշխարհում հայտնի ընդհամենը 16 հովարդիտներից մեկն է, որը հայտնաբերվել է անմիջապես անկումից հետո։ Ընդհանրապես հովարդիտները հազվագյուտ են, և պատկանում են այսպես կոչված ՀԷԴ (HED,
howardite-eucrite-diogenite) տիպին։ Երկնաքարերի այս տեսակը հետաքրքիր են նրանով, որ առաջացել են մոտ 4.43-4.55 միլիարդ տարի առաջ
Վեստա աստերոիդի կեղևից, երբ որ իրան հարվածել է մի ուրիշ մեծ երկնային օբյեկտ։
Ահա Վեստայի նկարը, որտեղից եկել հասել է ուղիղ Երևան մեր երկնաքարը :)
Աղբյուրը.
http://www.nasa.gov/mission_pages/dawn/multimedia/pia15678.html Վերջում ավելացնեմ նաև, որ մի երկու տարի առաջ գնացի Երկրաբանական թանգարան, հետաքրքրվելու Երևան երկնաքարի "երևանյան" բեկորի ճակատագրով, սակայն այնտեղ դրա մասին ոչինչ չգիտեին, նույնիսկ չէին էլ լսել նման երկնաքարի մասին։ Թանգարանում պահպանվում է միայն Սիխոտէ-Ալինյան երկաթե մետեորիտի մեկ կտոր, և ինչ-որ անհայտ մանր կտորներ, ներկայացված որպես Երկնաքարի բեկորներ (!)։
Ահա այդ "երկնաքարի" բեկորները։
Այս բեկորների մասին աշխատակիցները նույնիսկ ոչ մի տեղեկություններ չունեին։ Իհարկե ցավալի է, որ հանրապետական մասշտաբի թանգարան է, գտնվում է Գիիտությունների ակադեմիայի կազմում, բայց պիտակները անցած դարի երեսունական թվականների են, այն էլ այնստույգ։ Թե չէ ինչ է նշանակում մետեորիտի բեկորներ, պետք է գոնե մետեորիտի տեսակը նշվի, անկման վայրը և տարեթիվը...
Սա էլ վերոնշված Սիխոտէ-Ալին երկնաքարի բեկորն է, որը պահպանվում է մեր Երկրաբանական թանգարանում։
Սիխոտէ-Ալինյան երկաթե մետեորիտի անկումը տեղի է ունեցել 1947 թվականի փետրվարի 12-ին Սիխոտէ-Ալինյան լեռնաշղթայի արևմտյան բազկի մոտ։ Ընկած զանգվածի ընդհանուր կշիռը կազմում է մոտ 100 տոննա, իսկ բեկորների թիվը` մի քանի հարյուր հազար կտոր։
Թարմացում 2020․11․17․ Ինդարխի մի կտոր էլ պատահական տեսա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի Համալսարանի երկնաքարային հավաքածույում (Los Angeles, UCLA, Meteorite Gallery)․
Метеориты Армении.