Երնջակ Վանատուրի | Eryngium wanaturi

Apr 22, 2016 22:02

Այսօր կներկայացնեմ Հայաստանի ֆլորայի գանձերից ևս մեկին` Երնջնակ Վանատուրի (Eryngium wanaturi, Синеголовник Ванатура)։
Վանատուրի երնջակը պատկանում է Նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae)։ Ընդհանուր առմամբ Երնջակ ցեղի (Eryngium) մեջ պարունակվում են մոտ 250 տեսակ բույսեր, տարածված երկրագնդի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն շրջաններում։ Ամենամեծ կենսաբազմազանության են հասել Երջնջակները Հարավային Ամերիկայում։ Մեզ մոտ, Հայաստանում, հանդիպում են երնջակի 5 տեսակներ։ Վանատուրի երնջակը դրանցից ամենահետաքրքիր և հազվագյուտն  է։
Երնջակ Վանատուրի նկարագրվել է ռուս բուսաբան Վորոնովը Յ. Ն. 1918 թվականին Շիշկինի Բ. Կ. հավաքած բույսերի հիման վրա։ Շիշկինը բույսերը գտել էր  1916 թվականին Սանջանի մոտակայքից (Ալաշկերտի կողմերում, ներկայիս Թուրքիայում)։ Շատ հետաքրքիր է բույսի տեսակային անվան ծագումը։ Վորոնովը նշում է. "Շրջանը, որտեղից նկարագրվում է բույսը, հին Հայաստանում կազմում էր Բագրևանդի գավառի մի մասը։ Այստեղ էր գտնվում հյուրընկալության աստվածության` Վանատուրի տաճարը, ում անունով էլ դրվել է տեսակի անունը"։ Առաջին նկարագրության հոդվածը ներկայացված է ներքևում` մատենագրության բաժնում, ում հետաքրքիր է կարող է ծանոթանալ։ Նկարագրվող բույսը այնքան էր տարբերվում ցեղի մյուս ներկայացուցիչներից, որ հեղինակը սահմանեց նրա համար հատուկ մոնոտիպիկ սեկցիա - Haplophylla։ Սեկցիայի հիմնական տարբերությունը դա ամբողջատերև, գծավոր տերևներն են, որոնցով բույսը նմանվում է որոշ հարավամերիկյան տեսակներին։
Բույսի նկարագրությունը.
Բազմամյա խոտաբույս է` 30-50 սմ բարձրությամբ, միայնակ, թույլ ճյուղավորված ցողուններով։ Տերևները գծային-նշտարաձև են, ստորինները` երկար կոթուններով, 10-30 սմ երկարությամբ և մինչև 1 սմ լայնությամբ, եզրերին ոչ շատաքանակ փշերով։ Ծաղկաբույլը կազմված է 2-5 գլխիկներից։


Աճում է վերին լեռնային գոտում 1800-2500 մ բարձրության վրա, քարքարոտ լանջերում ու մարգերում։
Հայաստանում գտնվել է հետևյալ վայրերում` Արթիզ, Ֆանտան, Արաիլեռ, Կարմրաշեն։ Ես բոլոր տեղերում էլ ման եմ եկել, կարելի է ասել տնտղել եմ, սակայն տենց էլ չեմ գտել այս զարմանալի բույսը, դրա համար էլ չունեմ իրա նկարը։ Վերևի նկարը վերցված է ՀՀ Բույսերի Կարմիր գրքից։ Ինչքանով ես հասկացել եմ Բուսաբանական ինստիտուտի աշխատակիցները նույնիսկ չունեն կենդանի բույսի նկարը, դրա համար ներկայացրել են հերբարիումային հավաքածուի նկարը։ Հայաստանից բացի Վանատուրի երնջակը գտնվել է Նախիջևանում, հյուսիս-արևելյան Թուրքիայում և արևմտյան Իրանում։
Ծաղկում է հուլիսին, պտղաբերում է օգոստոսին։
Ինչպես արդեն ասեցի բույսը շատ հազվագյուտ է, ուստի գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և պահպանության խիստ կարիք ունի։
Մատենագրություն.
Воронов Ю. Н. (1918). Новый вид рода Eryngium из Турецкой Армении. В жур. Известия Кавказского музея, 54
Eryngium wanaturi. Flora of USSR, v. 16, 1950
Eryngium wanaturi. Grossgeim A. A. (1967). Flora of Caucasus, v. 7
Ахундов Т. М., Прилипко Л. И. (1970). Новое местонахождение синеголовника ванатура в Южном Закавказье и его консортивные микологические связи. В жур. Доклады АН Азерб. ССР, том XXVI, 3
Еryngium wanaturi. Mandenova I. P. (1973). Flora of Armenia, v. 6.
Eryngium wanaturi. Pimenov M. G., Tamamschian S. G. (1987). Flora Iranica, v. 162

Հայաստանի ֆլորա, Հայաստանի բնություն

Previous post Next post
Up