(no subject)

Jan 22, 2013 00:48

Քիչ առաջ փորփրում էի մի տեղ ու սա գտա, վաղուց գրած, ու հիշեցի այդ ժամանակները, արդեն կողքից, ու տեսա կողքից, թե ինչ էի իրականում զգում

----
Ես վերցնում եմ մկրատը և համբերատար կտրում վրայիցս բոլոր ոտքերը, ձեռքերը, մատները, ճանկերը, մագիլները, ելուստները, մազիկները, արմատները: Կենդանին պոկվում ու հեռանում է խորքերում: Նա քնած էր: Երբ արթնանում է, տեսնում է, որ մնացել է օվկիանոսի անծայրածիր խորքերում մենակ, անվերջ ձանձրալի և ունայն ջրերում: Նա սկսում է հուսահատ ճիչով կանչել ինձ և զղջում է դառնորեն, որ քնած էր ու չի իմացել ոչինչ: Ինձ համար նա այլևս օտար ու անհեթեթ օրգանիզմ է, որի հանդեպ չեմ զգում ոչինչ: Արյունս մաքուր է և օրեցօր վերարտադրում է դրական լիցքի հզոր պաշար` իր արարիչ ոգով:

Տեղում եմ, թե ճամփորդում` օրգանիզմը սկսել է հետևել ինձ ամենուր, ուր տեսանելի եմ: Եվ ուր անտեսանելի` ապրում է կարոտի տառապանք, որը ես չեմ կիսում: Երբեմն մտածում եմ իր մասին, խղճում ու չգիտեմ` ինչով կարող եմ օգնել:
Էներգափոխատվության մեր համակարգում ամեն ինչ ճիշտ է. իմ բոլոր զգացմունքները չպարպված և ծովը հուսահատության ծփում են նրա` սեր բաբախող երակներում: Ես նրա ուրախությունն եմ. միակ լուսավոր կետն իր օրերի ունայնության մեջ:

ինձ հիմա միայն մի բան է թեթև անհանգստացնում. հանգույցը, որը քարացել էր կրծքիս ուղիղ կենտրոնում, լույս է արձակում: Եվ դա տեսնում են բոլորը: Ես բաժանում եմ լույսն այդ. դրա աղբյուրն այլևս երբեք չի մարելու: Սա կենսահրճվանքի անհանգստությունն է, որ թպրտում է իմ անցած ճանապարհներին:

feelings

Previous post Next post
Up