(no subject)

Jan 23, 2013 00:29

Երկու օր առաջ գնացել էի Աստղադիտարան։

Աստղադիտարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, բլրի վրա։ Սկզբում՝ավելի քան երկու դար առաջ, այն լքված հողմաղաց էր։ 19-րդ դարի սկզբներին հողմաղացը վերակառուցվում է ամրոցի՝ իբրև պաշտպանելու քաղաքը թշնամիների հնարավոր հարձակումից, բայց շուտով ևս կորցնում է իր նշանակությունը։ Շատ չանցած ամրոցի գլխին բարձրացնում են մի դեղին գունդ, որն ամեն օր, ուղիղ ժամը մեկին դրմբոցով ընկնում էր տանիքին։ Դա նշան էր ստորոտի հրվանդանի ծփացող ջրերում գնացող-եկող նավերին՝ որ ժամը մեկն է, փոստի առաքման ժամը։ Հետո ինչ-որ մեկը լքված ամրոցի տանիքին տեղադրում է աստղադիտակ ու կառուցում աստղադիտարան։

Այս աստղադիտարանում են արվել Հարավային կիսագնդի աստղային երկնքի առաջին պատկերները։ Այստեղ էին կատարվում նաև օդերևույթաբանական հետազոտություններ։ Չափվում էր ժամանակը։ Արվում էր քարտեզագրություն։

Աստղադիտարանն այժմ թանգարան է։ 1982-ից։

Առաջին անգամ եկել եմ այստեղ 7 տարի առաջ։ Տղաս փոքր էր, 5 տարեկան։ Երկու ժամը մեկ աստղագետ-ուղեկցորդները առաջնորդում էին շրջագայության խմբեր, ցուցադրում, բացատրում, պատասխանում հարցերին։ Մութ սենյակում պառկում էինք հատակին նետված հսկա պարկերին և դիտում աստղային երկնքի մոդելը՝ պլանետարիում՝ աստղագետի աշխույժ, ինտերակտիվ բացատրությամբ։ Առաջին անգամ իմացա Հարավային Խաչ համաստեղության մասին, որը երևում է միայն այս մայրցամաքից  /Beneath our radiant Southern Cross, We'll toil with hearts and hands - տողեր երկրի հիմնից/։ Դիտեցի կյանքումս առաջին եռաչափ ֆիլմը․ Մարսի մասին էր, լուսանկարներով․ արբանյակը համարյա դուրս եկավ էկրանից, և տղաս բնազդաբար խույս տվեց ուսը , որ իրեն չկպնի ։): Ֆիլմի սկզբում աստղագետը ներածական ելույթ ունեցավ ամբիոնից, վերջում պատասխանում էր հարցերին, որոնք, իրար հերթ չտալով, դահլիճի այս ու այն աթոռից բարձրաձայնում էին հադիսատեսները, տղաս՝ ներառյալ։ Բարձրացանք գմբեթ։ Գմբեթը , ինչպես համակարգչային խաղերում է լինում, առեղծվածային պտտվեց ճռռոցով, և բացվեց գիշերային երկինքը։ Հերթով մոտենում էինք հզոր աստղադիտակին, ու սեփական աչքով տեսա Սատուրնի օղակը (հրաշք!)։ Հարցեր, քննարկումներ։ Եվ վերջում մի սենյակ՝ երեխաների համար, ուր պատրաստում էինք արեգակնային համակարգի եռաչափ մոդելը՝ տանը կախելու համար։

Անցել է ընդամենը մի քանի տարի։

Ոչինչ ինձ ավելի չի լցնում, քան լքված տեղը։ Ինչ-որ։ Որևէ։ Քայլում էի համարյա դատարկ սենյակների ապակյա ցուցափեղկերի միջով, ուր իսկական երկնաքարերի բոկերներն էին ծանոթ ու հին աստղադիտակներ։ Նկատեցի՝ պատին մի երկար ճաք էր երակվում։ Կինոդահլիճը թվաց ավելի փոքր, այն համարյա դատարկ էր․մենք և մի երկու չինուհի կարծեմ։ Ներածություն չկար։ Երբևէ ապդեյթ չեղած, աստղադիտարանի պատերի մեջ իներտ գիրություն հավաքած, թեև ըստ երևույթին երիտասարդ կինը միայն մի քանի բառ ասաց էվակուացման դռան մասին, որը, չգիտես ինչու, կարող էր հանկարծ պետք գալ։ Ցերեկային երկինքն ամպամած էր, և աստղադիտակը ցույց տվեց միայն մյուս ափի Լունապարկի մուտքի ծաղրածուի փակ աչքերը։ Մանկական սենյակում ոչ ոք չկար․ սեղանը սփռված էր լեգոյի դետալներով։ Պլանետարիումը չբացեցին։

Ոչինչ ինձ այնպես չի լցնում տխրորեն, ինչպես լքված տեղերը։ Նրանք պատմում են երբեմնի կյանքի մասին, որն այնպես խորն է ներծծված ամեն մի անկյունում, որ թվում է, թե լքված օբյեկտը հենց ինքը՝ զմռսված կյանքն  է որ կա։

Դեղին գունդն էր միայն, որ դեռ, անդավաճան դրմբոցով ,ընկնում էր կանաչ հին գմբեթի կողքին, կեսօրից հետո ուղիղ ժամը մեկին, արդեն համարյա երկու հարյուրամյակ։

--------------

Նկարները՝ փակ։

ՀԳ․ Եթե այստեղ կան ընթերցողներ, որոնց մասին ես չգիտեմ, և կուզենային տեսնել նկարներն ու փակ գրառումները, կարող են թողնել անձնական հաղորդագրություն։

расскажи мне про…, առօրյա

Previous post Next post
Up