Երևի մի քիչ տարօրինակ թվա, բայց հայկական ռադիոյի մասին գրառումս այդքան էլ ուրախ չի լինի...
Մի քանի ժամ առաջ հասա
Քարվաճառ: Երևանից Վարդենիս գնացող երթուղայինը "ռաժոկ" վիճակում էր ու զգալով, որ տաղտկալի ճանապարհ է սպասվում, որոշեցի մի քիչ աչքս կպցնել... բայց տեսնելով, որ քունս չի տանում, մտածեցի մի քիչ ռադիո լսել... մոտավորապէս Չարենցավանի կողմերն էինք, երկար դեգերումներից հետո ռադիոընդունիչս որսաց Հանրային ռադիոն, սակայն Սևանի կողմերում այն խորտակվեց խշշոցի մէջ ու գտնվեց Երևան ՖՄ-ն (ապրի ԱՄՆ-ի դեսպանության արևը), որը ևս երկար "չձգեց": Ու այդպէս փոխեփոխ լսում էի, մինչև Մարտունուց մի 20-25 կիլոմետրի վրա ռադիոն կորավ ու մինչև Վարդենիս չվերադարձավ (նենց չի, որ խշշոցի տակից շատ ուժեղ ցանկության դէպքում էլ չլսվող հեռարձակում չկար... Մարտունու ու Վարդենիսի կենտրոններում ևս նույն վիճակն էր):
Ասածս ի՞նչ է: Իմ խիստ անձնական ոչ-մասնագիտական կարծիքով (որ չասեք՝ էլի իրան ամեն տեղ մէջ ա գցում) ռադիոն շատ էժան ու մատչելի լրատվա- և ժամանցային միջոց է (համեմատած, ասենք, հեռուստատեսության հետ): Հայաստանում կարելի է օգտագործել ԱՄ (ամպլիտուդային մոդուլյացիա) ռադիոն, որն ՖՄ-ի (հաճախականության մոդուլյացիա) համեմատ ավելի էժան է ու ավելի լայն տարածություն է ծածկում (փոխարենը՝ որակն ավելի ցածր է):
Հայաստանի նման երկրում, որը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում ու պատերազմական վտանգի մէջ, ռադիոն անհրաժեշտություն է, որովհետև արտակարգ իրավիճակներում ռադիոն կօգնի բազում մարդկանց ճիշտ կողմնորոշվել, ինչը թույլ կտա փրկել շատ կյանքեր: Բացի այդ՝ մեր թշնամի երկու պետություններն ունեն հայերեն լէզվով հեռարձակումներ (բովանդակությունը երևի դժվար չի կռահելը) և հատկապէս սահմանամերձում հայկական կայուն ռադիոհեռարձակման և թշնամական հեռարձակման խոտանման անհրաժեշտությունը ևս մեծ է: Իսկ դրանից հետո արդեն կարելի է մտածել օղուզական երկու լէզուներով հեռարձակման մասին:
Իսկ Քարվաճառում կայֆ է, ափսոս լույսերն անջատեցին ու այս գրառումը մի 4 ժամ ուշացավ: