Ընդամենը 3 վանկ

Oct 02, 2011 04:50


Քարվաճառ, ընդամենը 3 վանկ: Ոմանց այն ոչինչ չի ասում, ոմանց համար այն մի կյանք է: Ինձ համար այն Դրախտն էր...
Այդ անունն առաջին անգամ լսել եմ մի քանի տարի առաջ, երևի 16 տարեկան էի: Այն ժամանակ նույնիսկ չգիտեի, թե որտեղ է այն գտնվում: Անկեղծ ասած` ինձ այդ անունը շատ դուր եկավ, դրա մեջ ինչ որ առեղծվածային բան կար, ինչ որ ձգող բան...

Ես որոշել էի, որ պիտի գնամ և տեսնեմ այն, նրա մարդկանց...

Եվ ահա, այս տարի ես հնարավորություն ունեցա այցելել Քարվաճառ, իմ սիրելին ինձ հետ էր: Մենք առավոտ շուտ կազմ-պատրաստ հասանք Հյուսիսային ավտոկայան և զբաղեցրինք մեր տեղերը Վարդենիսի ԳԱԶել-ում: Մի տատիկ նստեց, ով իր դրամապանակը մոռացել էր: Նա համոզեց վարորդին իրեն էլ վերցնել մեզ հետ: Փորձելով որևէ կերպ վարձահատույց լինել, նա ամբողջ ճանապարհին երգում էր, երգում էր հայկական գեղեցիկ երգեր, երգում էր նազանքով: Ուղևորներս ձայնակցում էինք, ով որքան կարող էր: Նա բոլորիս բոնբոններով հյուրասիրեց, ու այդպես քաղցր և զվարթ հասանք Մարտունի: Այդտեղ նա իջավ:
Ուղևորները նրան ծափահարություններով հրաժեշտ տվեցին և մենք շարունակեցինք մեր ճամփան դեպի Վարդենիս: Այդտեղ մեզ էր սպասում ամեն երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին Վարդենիս-Քարվաճառ կանոնավոր երթուղին իրականացնող Մաքսիմն, իր ՈւԱԶ-ով: Մեզ հետ Երևանից եկող մի քանի հոգի ևս նստեցին այն: Միջին տարիքի ամուսիններ և մի պապիկ, իր մեծ թոռան հետ, ովքեր փոքր թոռնիկի համար Երևանից հեծանիվ էին տանում: Մինչև Քարվաճառ ուղևորվելը դեռ շատ ժամանակ էր մնում և մենք հասցրեցինք հիանալ Վարդենիսի Սբ. Աստվածածին եկեղեցով:


Երբ մենք վերադարձանք ՈւԱԶ-ի մոտ, հաշվի առնելով այն փաստը, որ դեռ մի քանի ժամ էլ պիտի գնանք, շվեդական սեղան գցեցինք, ով ինչ ուներ համադրեցինք և կարճատև կեսօրյա նախաճաշից հետո շարժվեցինք...

Երկու կողմերից մեզ էին ուղեկցում ցորենի և այլ հացահատիկների ոսկե արտեր, տարբեր մարգեր, մանր առվակներ և խրոխտ ու գոռ Ծավդեան լեռները:



Ճանապարհը խորդուբորդ էր, շատ ոլորաններով, սակայն այդպիսի գեղեցկություն ես չէի տեսել իմ կյանքում... ամպերը սկիզբ էին առնում հենց ալպիական զմրուխտե մարգագետիններից և միախառնվում էին ամպածածկ
երկնքին...





Քիչ անց մեզ սկսեցին երևալ մեղվաբները, որոնք սփռված էին ժայռերի լանջերին: Եվս մի քանի կիլոմետր և մեզ երևացին առաջին բնակավայրերն, իսկ ուղեկցում էր մեզ մազդ Տրտուն, որը բախվելով քարերին կարծես ողջունում էր մեզ:



Մեզ հետ Երևանից եկող ամուսիններն իջան Քարվաճառ չհասած, գյուղերից մեկում, որի անվանումը չհասցրեցի որսալ: Նրանց դիմավորելու էր եկել իրենց որդին, ով մոտ 25-27 տարեկան էր, իր կնոջ և կարմրահեր փոքրիկների հետ, ընդհանուր քանակով մոտ տաս երեխաներ: Դա վերաբնակիչների ընտանիք էր: Նրանք բոլորն ուրախ նետվեցին իրենց տատիկ-պապիկի մոտ, հայրն ամուր գրկեց իր որդուն և նրանք բոլորը շատ երջանիկ քայլեցին դեպի իրենց տունն, իսկ մենք շարունակեցինք մեր ճանապարհը: Ճանապարհը թեև կարճ չէր, սակայն անհնար էր ձանձրանալ: Երկնքի մեջ մխրճված լեռները, կուսական անտառները և արագահոս գետը ստեղծել էին մի աներկրային համադրություն, որի ամեն թիզը տարբերվում էր նախորդից իր հրաշագեղությամբ և
հմայքով...



Տարված այդ դրախտային տեսարանով չնկատեցինք, թե ինչպես հասանք Քարվաճառ: "ՔԱՐՎԱՃԱՌԸ ՀԱՅՈՑ ՄԻՋՆԱԲԵՐԴ Է" ազդարարում էր քաղաքի դարպասի վրայի գրությունը:



Մի քանի մետր անց հուշահամալիրն էր` կառուցված ի հիշատակ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանության ժամանակ զոհված հայ հերոսների: Շրջապատող լեռներն ու անտառներն ավելի խորհրդավոր էին դարձնում այն և հոգիդ լցվում էր մի աներևույթ ուժով:

Մեզ քաղաքում դիմավորեց Քանանյան Ալեքսն, ով մեզ հյուրընկալեց իր տանը: Այդ օրերին նրա տանն էր հյուրընկալվում նաև ռուսաստանահայ Գարեգինն, ով իր բարձրագույն կրթությունը ստանալուց հետո որոշել է տեղափոխվել Քարավաճառ:
Երկար ճանապարհից հետո մի քիչ շունչ քաշելուց հետո մենք դուրս եկանք զբոսնելու քաղաքում և դրա շրջակայքում: Արծվի թռիչքի բարձրությունից զմայլվեցինք Տրտվի կիրճով և ողջ Քարվաճառով:



Հաջորդ օրերի ընթացքում ևս զբոսնեցինք քաղաքում, ծանոթացանք քաղաքի նշանավոր բնակիչների հետ: Այցելեցինք քաղաքի մշակույթի տուն, որտեղ երեխաները քոչարի պարել էին սովորում,
իսկ պատերին նրանց ձեռքի նկարներն էին:









Տեսանք վերանորոգվող  դպրոցը, որը բացվեց սեպտեմբերի մեկին, ընդունելով քաղաքի խելացի երեխաներին, տեսանք մարզադպրոցը, մանկապարտեզը:
Եղանք հայկական եկեղեցու տեղում կառուցված թյուրքական թանգարանի ավերակներում, տեսանք Քարվաճառի հայտնի արձանագրությունները:
Իջանք Տրտվի կիրճը, մտանք բազմաթիվ քարանձավները, հիացանք քարերի սիմֆոնիայով, տեսանք Քարվաճառի հայտնի գեյզերն, ուղղակի նստեցինք գետի ափին և վայելեցինք անձեռակերտ այդ ներդաշնակությունը...






Ընդամենը հինգ օրում ես ստացա այնքան տպավորություն, որ մի ամբողջ կյանքի կհերիքեր: Այնպիսի զգացումներ, որոնք նկարագրելու համար մարդիկ դեռ չեն ստեղծել բառեր: Շփվեցի այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք շատ քիչ են հանդիպում կյանքում... և այն տաղտկալի ունայնությունից, գորշ ու փոշոտ մայրաքաղաքից իմ հոգու համար միակ փրկությունն է Քարվաճառը:  Ոմանց այն ոչինչ չի ասում, ոմանց համար այն մի կյանք է: Ինձ համար այն Դրախտն էր...
Քարվաճառ... ընդամենը 3 վանկ...

վերաբնակեցում, Հայաստանի բնությունը, Արցախ և Հայաստանի ազատագրված տարածք, Քարվաճառ

Next post
Up