Պատկերացնենք, թե մեկ-երկու դար առաջ ոչ թե կելտերը (իռլանդացիներ, շոտլանդացիներ ևն), այլ հայերն էին բազմահազարանոց խմբերով մեկնում Նոր Աշխարհում բնակվելու` փախչելու իրենց անցյալից, փնտրելու գանձեր և հույս ունենալով, որ այդտեղ կգտնեն բարեկեցիկ կյանք: Բնակվելու հետ մեկտեղ հայերը կշարունակեին հետևել իրենց սովորույթներին և ծեսերին, օրինակ` կշարունակեին նշել Տրնդեզը: Որոշ ժամանակ անց անգլո-սաքսերի վայրի և արյունարբու քոչվոր ցեղի ժառանգները, որոնց իրենց կղզաբնակ ցեղակիցները սկսեցին յանքի կոչել, և ում գրագիտությունը և քաղաքակրթվածությունը հեռու էին բարձր մակարդակի լինելուց, կտեսնեին, թե ինչպես են հայերը փետրվարի կեսերին թռչում խարույկի վրայով, նրանք առանց դրա իմաստը հասկանալու կսկսեին կրկնօրինակել, բնականաբար հարմարեցնելով իրենց բնույթին: Քանի որ Տրնդեզն ընկնում է գարնանից առաջ, այն կսկսեին կոչել Սփրինգվին (աղավաղված Spring's Eve), իրենց սովորության համաձայն այդ տոնին կսկսեին ընդունել հիմար կերպարանք, կրակի կողքին կպարեին վհուկների և կմախքների զգեստներով, իրենց ընկերներից մեկին կհրեին խարույկի մեջ և դրա տեսագրությունը կտեղադրեին Յութուբում ևն...
Հետո, ողջ աշխարհը կսկսեր փոխառել այդ սովորությունը, երկրից երկիր ավելի խեղաթյուրելով այն, և վերջ ի վերջո հայերի մասին առանձնապես չտեղեկացված մի երկրում, ասենք` Բոսնիայում (որոնք իրենցից էլ առանձնապես տեղեկացված չեն) ակումբներում կսկսեին կազմակերպել Սփրինգվինի տոնախմբություններ և սոցիալական ցանցերում ամեն ակումբի փրոմոթերների կողմից տվյալ սոցիալական ցանցի միջին օգտագործողը կստանար այնքան նյարդակեր հիշեցումներ այդ միջոցառումների մասին, որ ուղղակի կարգելափակեր դրանց ուղարկողներին, իսկ Սփրինգվինը կնշվեր ավելի մեծ շուքով, քան, ասենք, Բայրամը:
Սակայն, հենց կելտերն էին, որ մեկ-երկու դար առաջ իրենց բյուրավոր ընտանիքներով ափ իջան Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափին: Կելտերը չհրաժարվեցին իրենց հին գեղեցիկ սովորույթներից: Դրանցից էր Սամհայինը, հնուց եկող կելտական հեթանոսական տոնը, որը նշվում էր ամեն տարի հոկտեմբեր ամսվա վերջին` երեսունմեկերորդ օրը, երբ ըստ հին տոմարի ավարտվում էր աշունը և սկսվում էր ձմեռը: Հենց այդ օրը կելտական քրմերը` դրուիդները բորբոքում էին հսկայական խարույկներ` չարքերին և ուրուներին վախեցնելու համար: Այդ խարույկների մեջ կելտերը նետում էին անասուններ և մթերք` չար հոգիներին հագեցնելու համար: Այդ արարողության ժամանակ կելտերը հագնում էին սարսափազդու դիմակներ` իրենց հավատալիքով այդ գիշեր գերեզմաններից հառնող ուրվականներին և օդում շրջող վհուկներին քշելու համար: Արարողությունը կատարվում էր ուշ գիշերով և կելտերը որպես ջահ օգտագործում էին պտղամսից մաքրած դդումների մեջ տեղադրվող մոմն, առանց որևէ ծիսական նշանակություն դրան տալու:
Երբ Ք.ա 55 թվականին հռոմեացիները նվաճեցին Ալբիոնը, նրանք այդտեղ ներմուծեցին բերքի իրենց տոնը` Պոմոնան, որի ժամանակ հռոմեացիները քաղցրահամ մրգեր, հատկապես` խնձորներ էին նետում խարույկի մեջ: Խարույկի մեջ խնձոր նետելու ավանդույթը մնաց կելտերի մոտ, հիմա էլ տոնի ժամանակ կելտերը պահպանում են խնձորների հետ կապված որոշ ծեսեր, օրինակ` ջրի մեջից ատամներով խնձոր որսալու մրցույթները ևն, իսկ ամերիկացիների մոտ քաղցր մրգերի զոհաբերումը փոխարինվեց երեխաներին քաղցրավենիք բաժանելով: Քրիստոնեություն ընդունելուց հետո Իռլանդիայում և Շոտլանդիայում աշնան հրաժեշտի տոնն ավանդույթի ուժով շարունակում է նշվել, կրելով որոշ փոփոխություններ: Կելտերը գաղթելով Ամերիկա, իրենց հետ բերեցին իրենց տոնը: Սակայն ԱՄՆ-ում այդ տոնն աղավաղվեց ու կորցրեց իր կերպը և երկրից երկիր շրջելով շարունակում է աղավաղվել: Այդ առումով լավագույն վիճակը դեռ պահպանվում է տոնի հայրենիքում, որտեղ ևս այն սկսում է նահանջ ապրել:
Տոնը ստացավ նոր անվանում` Հելոուին(աղավաղված All Hallow's Eve), քանի որ նշվում է կաթոլիկ եկեղեցու բոլոր սրբերի տոնի նախօրեին: Տոնն ի սկզբանե նշվում էր վհուկներին ու չարքերին քշելու համար, իսկ արդ մենք ունենք մի վիճակ, երբ տոնը նշողները ներկայանում են հենց այն վհուկների և ուրվականների կերպարներով, որոնց վնասազերծելու նպատակն էր հետապնդում այն:
Մեզ էլ մնում է միայն հուսալ, որ յանքիները չեն տեսել, թե ինչպես են հայերը հոգեհաց տալիս ի հիշատակ մահացածների, հակառակ դեպքում, բացառված չէ, որ մի քանի տարուց օվկիանոսից այն կողմ, ապա նաև մեզ մոտ սկսեն նշել, ասենք` Գոսթբուռգեր©: