Մրմուռը :)

Aug 29, 2011 10:20

Մի անգամ, երբ Երևան էի գնացել, մեզ հյուր էր եկել մի ծանոթ տատի, շատ կոլորիտային ու ժիր մի տիպ: Ու որ խոսք գնաց Գերմանիայի մասին, սա որոշեց պատմել, թե ոնց էր ինքը տարիներ առաջ գնացել Գերմանիա՝ իր բարեկամներից մեկին հյուր, որն ամուսնացել էր գերմանուհու հետ և վաղուց արդեն բնավորվել էդ երկրում:

Էս մեր տատին ընտիր հայավարի բեռնավորված՝ Գրանդ Քենդիներով, չրերով, լավաշով-բանով վեր է կացել, գնացել սրանց մոտ: Էդ թաշախուստից բացի էլ տեսակ-տեսակ ուրիշ նվերներ է տարել: Դե մի խոսքով, լրիվ հայկական ձևերով, տեղը տեղին:
Ու ընկել գերմանական տուն: Իր ազգականը՝ վաղուց սառած, գերմանացած, կինը՝ դեֆոլտով էդպիսին: Սրանք սուսուփուս վերցրել են էդ նվերները՝ առանց սպասված խինդ, ուրախության: Ոչ առանձնապես հյուրասիրություն է եղել էդ տանը, ոչ «տանել, ման ածել», ոչ նստել, զրից անել:
Վերջում էլ՝ հրաժեշտ տալիս, էս ազգականի կինը հանել, մի պստլիկ հոտավետ օճառ է նվիրել, թե՝ սա էլ մեր կողմից:
Տատին հո չէ՜ր պատմում՝ էմոցիաներով, չռած աչքերով, զարհումարներով: Բայց էդ օճառի ժամանակ արդեն  զգացմունքների լրիվ գագաթնակետին էր հասել:
- Անաստվա՜ծ, բա ուրիշին սապո՞ն կտան: Դա «կսկիծ» ա, «մրմո՜ւռ»...
Ճամփին շպրտել էր: Ով գիտի՝ հետն էլ խաչակնքվելով: :)

Հայաստան, գերմանական, մանրապատում

Previous post Next post
Up