Սկսեմ չզայրացած, հետո կանցնեմ զայրույթին: :)
Ինձ շատ հաճախ տարբեր տեղերից մարդիկ են գրում, որոնց չեմ ճանաչում, ու որոնք լսել են իմ մասին ինչ-որ մեկից կամ իրենց աչքով է ինչ-որ տեղ ընկել, որ Գերմանիայում եմ ու էստեղ ժամանակին սովորել եմ, հիմա էլ աշխատում եմ: Ու դիմում են տարբեր հարցերով: Հիմնականում երկու թեմայով՝ կրթական ու աշխատանքային: Ոնց գալ Գերմանիա սովորելու, ոնց ստանալ Գերմանիայում աշխատելու իրավունք:
Ես էլ միշտ շատ մանրամասնորեն բացատրում եմ, տալիս եմ ամբողջ հնարավոր ինֆորմացիան տվյալ հարցի վերաբերյալ: Դե ես բավական լավ գիտեմ՝ ոնց գնալ Հայաստանից դրսում սովորելու, գիտեմ ինչ կազմակերպություններ են զբաղվում էդ հարցերով, թեև ինքս լրիվ ինքնություն եմ էկել՝ անմիջականորեն համալսարանին դիմելով, բայց լավ տեղյակ եմ բոլոր հնարավոր միջոցներից:
Հիմա էլ էնքան եմ հմտացել խորհրդատվության հարցում, որ նույնիսկ մտածում եմ՝ պրոֆեսիոնալ մակարդակով դա անել՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր ուզում են գնալ արտասահման, մասնավորապես՝ Գերմանիա սովորելու:
Էնպես որ, ով դիմում է ինձ իր հարցերով, լավ է անում, ես հավեսով ու մեծ հաճույքով օգնում եմ:
Բայց երբեմն էնպիսի բաներ են գրում, որ գլուխս մեջտեղից պայթում է հայ երիտասարդության բթությունից: Ոնց որ երեկ մեկը՝ էլի անծանոթ, գրեց մոտավորապես էսպիսի նամակ. «Քո մասին մի բան եմ կարդացել, դրա համար մտածում եմ, որ դու ինձ կարող ես օգնել: Ես ուզում եմ Գերմանիայում կոնսերվատորիա ընդունվել, եթե տեղյակ ես ինչ-որ բանից, ասա»:
Շատ լավ: Սկսեցի մանրամասն բացատրել, թե որտեղ է լավ Գերմանիայում կոնսերվատորիա ընդունվել՝ լինելով հայ ուսանող, տվեցի համալսարանի կայքերը, ասեցի DAAD-ի երևանյան գրասենյակի մասին, որ իրենք օգնում են կրթաթոշակ ստանալ: Հետո ասեցի նաև, որ DAAD կարելի է ինքնուրույն էլ դիմել, տվեցի կայքը, ու մի խոսքով, ահագին մանրամասն բացատրեցի ինչ ու ոնց: Ու ասեցի, որ ինքն էլ ինտերնետում քչփորի, տեսնի ինչ ֆակուլտետներ կան, որ իրեն հարմար են:
Գալիս է պատասխան նամակ. «Ես գերմաներեն էնքան չգիտեմ, որ էդ սայտերը հասկանամ, անգլերեն ընդհանրապես ոչ մի բառ չգիտեմ: Կգնամ DAAD, տեսնեմ ինձ կարող են տանել սովորելու, թե չէ»:
Պատասխան եմ գրում, որ առաջին բանը, ինչ պետք է անել, լեզու սովորելն է, նոր միայն մտածել արտասահմանում ուսում ստանալու մասին: Ու բացատրում եմ, որ DAAD-ը ընդամենը կրթաթոշակի հարցով է օգնելու, և ինքն էլ իր հերթին լիքը թղթեր է ուզելու, էլ չասած համալսարանին դիմելու թղթերը, որոնց տակից դուրս չի գա, եթե գերմաներեն չգիտի: Որ DAAD-ը իր ձեռքը չի բռնելու, տանի համալսարանի դռանը կանգնացնի, ինքը պիտի իր հարցերը լուծի, ու եթե լեզու էնքան չգիտի, որ գոնե սայտերը կարդա, հաստատ հիմա ժամանակը չի դիմելու մասին մտածելու: Խորհուրդ եմ տալիս, թե ինչ ձևով արագ լեզու սովորի:
Գալիս է պատասխան. «Չէ, որ իմանամ տանելու են, նոր կսովորեմ»:
Ու տեղ արդեն ֆազերս քցեց...
Բայց նորից հանգիստ բացատրեցի՝ հուսալով, որ գոնե էս անգամ գլխի ծալքերին կհասնի, որ ոչ ոք իրեն չի «տանելու», ինքն է իրեն «տանելու», ու մինչև գոնե մի քիչ լեզու չիմանա, հաստատ բան չի ստացվի: Գրեց. «Լավ, պարզ ա, մերսի»: Յանիմ՝ քեզ էլ իմացանք, խնդրեցի օգնել, դու էլ հայկական չուզողություն արեցիր...
Ուֆ աման...