Սրախոսը

Mar 16, 2014 10:22


Երկրորդ տիպը ուղղակի կապված է այլմոլորակային հրեաների ֆենոմենի հետ: Դեմոկրատ հոգու կողքին հաջողությամբ բնակալել է բուրժուա հոգին: Նստակյացը, փոփոխություններից խորշողը, հանգիստ ու կոմֆորտ փնտրողը, ճոճաթոռ սիրողը: Սակայն ոճի տեսանկյունից նա ավելի հեղափոխական է:

Բուրժուա հոգին այնքան հաճելիորեն է տեղավորվել իր տաքուկ անկյունում, որ մեկընդմիշտ հռչակել է իր համար՝ այս աշխարհը լավագույնն է բոլոր հնարավոր աշխարհներից, այդու՝ միակը: Ավելին՝ այն պարզապես լավն է, և վե՛րջ: Նա աշխարհը հաստատում է իր բնական տեղում, նրա սեփական տեղն էլ ի ծնե կանխորոշված է՝ նույն այդ բնական տեղը, որին հասնելու, որը հայտնաբերելու համար երբևէ ջանք չի ծախսել: Նա մարդ է, տղամարդ է, քաղաքացի է, գրող է, պետության և հասարակության անդամ է, ազգի զավակը, մարդկության մի հյուլեն, ինչու չէ՝ ընտանիքի հայր: Աշխարհն իր տեղում նա անվանում է նորմալ: Ըստ այդմ՝ ամեն ինչ կյանքում նա բաժանում է երկու մասի՝ նորմալի և նորմայից շեղվածի: Նորմալ մարդիկ ապրում են իրենց նորմալ կյանքով, ունեն իրենց նորմալ զբաղմունքն ու հաճույքները և մեկը մյուսին չեն խանգարում: Մնացածը՝ աննորմալները, միայն խանգարում են նորմալներին և փչացնում աշխարհը: Թերևս ձանձրալի է հնչում, բայց այս տեսակի գրողն ուրիշ զբաղմունք չունի, բացի աննորմալներին նորմալների ատյանի առաջ քարշ տալը և նորմալության չափանիշներով մերկացնելն ու ծաղրուծանակելը: Տարօրինակ վարք՝ գրողի համար, քանզի գրականության ավանդույթը միշտ եղել է աննորմալն ու եզակին պեղելը, խոշորացույցի տակ այն բոլոր կողմերից զննելն ու նրանում եղած պրոբլեմատիկն ու արյունահոսողը բացահայտելը: Սակայն բուրժուա հոգուն այստեղ այլ բան չի մնում, բայց միայն սրախոսության մեջ վարժվել: Երբեմն հաջողվում է հասնել սրամտության,- դա, իրավամբ, հանճարեղության նրա բնորոշ բանաձևն է,- երբեմն էլ փուլ է գալիս տաղտկալի կրկնությունների վիհը, ձեռի հետ, սակայն, հմտություններ է վաստակում, որոնք գրքից գիրք ծաղկում են պերճաշուք... ձանձրույթի բոլոր երանգներով:

Մետաֆիզիկան ավելորդ է՝ սրանում նա, անշուշտ, թաքուն համաձայնություն ունի դեմոկրատ հոգու հետ: Մետաֆիզիկական հարցադրումների բերանը խցանվում է մեն-միակ պոստուլատով՝ օրհնյալ է ամենայն նորմալ բան: Նորմալ գրողը, նորմալ երաժիշտը, նորմալ տղամարդն ու կինը, նորմալ սեքսը, նորմալ ճաշակը, նորմալ հանդիսատեսը, նորմալ ուսանողը, նորմալ քաղաքացին: Ընդսմին՝ հանդուրժում է նաև նորմալ՝ իրենց տեղում գտնվող, պոռնիկին կամ, ասենք, հոմոսեքսուալիստին: Նորմալ են, եթե մյուսներին չեն խանգարում: Նորմալ են զուտ տեսականորեն, ավելի ճիշտ՝ a posteriori, քանի որ նորմալ, զարգացած երկրներում այդպիսիք կան, իսկ փաստի հետ չի կարելի հաշվի չնստել, թե չէ ինքդ աննորմալ դուրս կգաս:

Մանիքեական այս բաժանման մեջ հակառակ բևեռը զբաղեցնում են նորմայից տարերայնորեն շեղված ինչ-որ հրեշներ. ռաբիզներ, քյառթեր, անբավարարված, անատամ էգեր և նրանց բավարարել չկարողացող հաստաջանդակ որձեր, պոռնկացող քաղաքական գործիչներ և քաղաքականության մեջ իրենց ուժերը փորձող չկայացած պոռնիկներ, ինչ-որ ոջլոտ մտավորականներ, չտեսներ ու ոչ պրոֆեսիոնալներ: Մոտավորապես այսքանը: Ռազմական գործողություների դաշտը շրջագծված է. մնում է վարժվել այպանող սրամտության արվեստում, դառնալ արհեստավարժ սրախոս: Գրքից գիրք, գործից գործ փթթում է հայհոյանքը՝ վերածված մի փառահեղ գիտակցական հոսքի: Հոսանքն այդ, հանց վարարուն գետն իր պղտոր ջրերով, ողողում է աշխարհը լայնքով ու երկայնքով՝ «արա դուք մա՜րդ եք»,- ինչ, ինչ՝ բայց թիրախների պակաս չկա:

Օգնության են հասնում դասականները: Ասենք Գոգոլը ժամանակին «Ռեվիզոր»-ն է գրել, ուրեմն ռեվիզոր գրելով կարելի է Գոգոլ դառնալ: Զավեշտը, սակայն, նույնիսկ դրանում չէ, այլ՝ որ սրախոսի հիմնական լսարանը հենց նույն այն թիրախն է, ում չի հոգնում այդպես տաղանդաշատ նշավակել: Այո, ամորֆ խառնամբոխը սիրում է կծու սրախոսություններ, թեկուզ և՝ իր հասցեին. առանց դրանց կյանքը շատ դինջ ու անհամ կլիներ: Որքան դրանք կոպիտ, որքան ծաղրվողն ավելի գրոտեսկային մի հրեշ լինի, այնքան ավելի դյուրավ կտարանջատվեն նրանից, այնքան ավելի բարձրաշխարհիկ ու կրթված կզգան ինքզինք: Օգուտն ահա՝ քիչ ծախսերով կրթված ու արվեստասեր դառնալ: Խարդավանքն ահա՝ խուժանի հաճույքն ու ժամանցը նրա գրչի տակ հանկարծ դառնում է բուժիչ բալասան, վիրահատողի նշտար, դառնում է իմաստություն և խորիմաստությո՜ւն:

Հազիվ թե բուրժուա հոգին նման բաներով իրեն գլխացավանք պատճառի: Նրա միակ կարգախոսն, ահա՛ - թողե՛ք ինձ հանգիստ: Leave me alone! Գալիս է մի օր, երբ իսկապես էլ մոռանում, հանգիստ են թողնում,- այնժամ հանկարծակի զարթնում է նրա մեջ սոցիալա-քաղաքացիա-պետականա-մտավորականա-ժողովրդական վրդովմունքը՝ այլևս չե՜նք հանդուրժելու... Եվ ժուռնալիստները կրկին մեղուների պարսով են շրջապատում մոռացված կուռքին: Վաղը կրկին մի բան կթխի՝ վասն ոչ արհեստավարժ, չբավարարված լրագրողուհու (դե ինչ՝ հասնում է):

Հանգի՛ստ թողեք ինձ՝ ճչում է նա խզվող ձայնով: Եվ որպես օրթոդոքսալ բուրժուա - առանձնանում յուր բնակարանում, ըմբոշխնում ջազ, կարդում ֆրանսերեն, վերհիշում փարիզյան երեկոները, մեծարում մեծերին, արհամարհում փոքրերին, սրտակցում նորմալներին: «Ես գրող եմ, թողե՛ք հանգիստ գրեմ... գրեմ վասն նոցա, որ հանգիստ չեն թողնում»: Այստեղ նա ծուղակն է ընկնում, այստեղ մի ոտքով կաղ է, քանզի «խանգարողներին» հայհոյելն է ինքն իրեն փեշակ սարքել: Չլինեին նրանք՝ ռաբիզների, ծիծակների, ցմփոր իմպոտենտների և չբավարարված, ագրեսիվ-քաղաքական էգերի այդ ցեղը,- նա չէր իմանա ինչի մասին գրել: Իսկ գրիչն, ավաղ, անկարող է հորանջել ջազային իմպրովիզների հոռի դատարկության հանգույն, գրիչը (հատկապես՝ նրանը) թիրախ է փնտրում: Ի՞նչ կլիներ, եթե բոլորը հանկարծ տարերայնորեն քաղաքակրթվեին: Իսկ դա ոչ միայն հնարավոր է՝ ոմանց իրատեսական կանխատեսմամբ՝ դա մեր միակ հնարավոր ապագան է: Այնժամ նա կգրեր՝ խոշոր, ոսկյա տառերով. «Ալելուիա՜, այ հիմա ամեն բան վերջապես ՆՈՐՄԱԼ Է»... և կանցներ թոշակի: Խուժանն ու նրան ծաղրող սրախոսն, այսպիսով, ձեռք ձեռքի են քայլում, վերարտադրում են մեկմեկու:

Աշխարհը, կյանքը պրոբլեմատիկ են՝ հավանաբար նա դրա մասին մի տեղ լսած կլինի, դեռ դպրոցական ծաղիկ հասակում: Դե ինչ,- պատասխանում է սրախոսը,- դա նորմալ է: Եվ անցնում յուր սիրած զբաղմունքին՝ աննորմալներին արվեստաշատ թուքումուր տալուն: Աշխարհը պրոբլեմատիկ է. ի՞նչը կարող է ավելի խորթ լինել բուրժուա հոգուն: Ասենք՝ դասակարգային անհավասարությունը, մարդու շահագործումը մարդու կողմից, անպատասխան սերը, մահն ու հիվանդությունը: Եվ եթե դեմոկրատ հոգին խորշում ու խրտնում է ամենայն վեհ ու մեծ բանից, ապա այս մեկը՝ մեծախոսությունից բնավ չխորշող՝ խաբս է տալիս ու փախչում ամենայն պրոբլեմատիկից, ցավատանջից ու երկիմաստից: Միգուցե և սխալվում եմ՝ միգուցե նա դրանք պարզապես չի էլ նկատում: Բոլոր մարդիկ բաժանվում են նորմալների ու ոչ նորմալների: Վերջացա՛վ: Մնում է երկրորդ դասը բարձրացնել գերադրական աստիճան՝ դարձնել այլմոլորակային հրեշներ: Իսկ թե, բան է, ուրիշ հարցերով մեզ փորձեն անհանգստացնել, տեղում դեմ կտանք դավադրությունների տեսությունը - ինչ կա-չկա՝ կբարդենք հրեաների վզին: Մենք՝ նորմալներս, հանգիստ մեզ համար ապրում էինք, վիսկի էինք խմում ու ջազ ըմբոշխնում: Ապա եկան հրեաներն ու ամեն բան մխտռեցին: Եվ այսօրվա աննորմալ տականքը հենց նրա՛նց արգասիքն է: Մարքիսիզմի հարցերից այսպես հեշտ է գլուխը պըրծցնել՝ հրեաներով. շատ ձեռնտու, ես կասեի՝ ձիով քայլ, առավել ևս՝ հենց խուժանի ճաշակով ու սրտով: Իր կողմից այդքան ցեխ ու մուր կերած, բայց և՝ իր միակ հիմքը եղող պլեբսի:

Ռեֆլեքսի վերածված սրախոսություն, Պավլովի շան թքարտադրող հիվանդ ռեչիտատիվ:

ընթերցանություն, գրականություն, գիրք, ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Previous post Next post
Up