Դեմոկրատ հոգի

Mar 16, 2014 10:19


Ուզում եմ անդրադառնալ գրականության մեջ հաստատված ու արմատներ ձգած տիպերից միայն երկուսին: Ընդսմին՝ այստեղ էականը ոչ թե գրականությունն է, այլ ժամանակակից ոգու տիպաբանությունը:

Առաջինը դեմոկրատ հոգին է: Իր ճաշակով նա այնքան հակված չէ գեղարվեստական արձակին, որքան ժուռնալիստիկային և խրոխտ դեմքով հռչակում է, որ ճշմարիտ գրողի գործերը պիտի կյանքից աճեն: «Կյանք» ասվածն, իհարկե, բարդ բան է. գոյություն ունի մի ամբողջ Lebensphilosophie, բայց ոնց որ թե ոմանց դա այնքան էլ չի մտահոգում՝ ընդհուպ մինչև քրիստոնեությունը,- ուսմունք, որի կենտրոնում մահվան դեմ կռիվն է և հույսը՝ առ մարմնով հարություն հավիտենական կյանքի համար,- ընդհուպ մինչև քրիտոնեությունը կյանքի թշնամի հռչակելը: Բայց հիմա՝ ոչ այդ մասին: Դեմոկրատ հոգին չի զլանում պարզաբանել, թե ինչ նկատի ունի, երբ ասում է «կյանք»՝ ամենօրյա կենդանի շփումը հասարակ մարդկանց հետ: Մենք սրա մասին արդեն լսել ենք: «Կարամազով եղբայրներ»-ում սատանան ինքն է խոստովանում, որ հասարակը, սովորականը իր բնօրրանն է, իր էությունը, որ երազում է մարմնավորվել վաճառականի յոթ փթանոց կնոջ մեջ:

Այս տիպը նաև կռիվ է տալիս սյուժեի և կառուցվածի դեմ: Պատմություններ պատմելը, ասում է, անցյալի բան է՝ հիմա գրողին մնում է պարզ ու հասարակ, սիրտ-սրտի զրույցը ընթերցողի հետ: Բան ունես ասելու՝ ասա՛. ի՞նչ կարիք կա ընթերցողի քթից բռնած ման ածել սյուժեի լաբիրինթոսներում: Սյուժեն ավելորդ է: Զորօրինակ՝ Հեսսեի պես գրողն այս հավատաքննությունը չէր անցնի:

Սակայն դեմոկրատ հոգին դրա վրա էլ չի հանդարտվում: Գրողը,- շարունակում է նա հռչակել իր դեմոկրատական կատեխիզիսը,- գրողը չպե՛տք է երկնքում սավառնի և օդեղեն դղյակներ անրջի՝ նա պետք է լինի երկրաբնակ, հողին ամուր կպած, համարյա գետնաքարշ, պետք է հողեղեն մարդ լինի և երկրային հարցերից խոսի:

Եվ այսպես՝ ամեն ինչում: Ցանկացած մեծ բան խռովում է նրա հոգին՝ այնպես, որ վախենում է գլուխն իր հողածեփ հյուղակից՝ դեմոկրատիայից, դուրս հանել: Ամեն ինչում - ապահով միջի՛նը: Նրա ողջ պաթոսը վերջնականից, սահմանայինից, լեռնայինից խուսափելը, նեղի, մանրի, մոտակայի մեջ հաստատվելն է: Նա բանադրանք է դնում այն ամենի վրա, ինչի մեջ մեծություն է կասկածում. քաղաքականության մեջ՝ մեծ գաղափարախոսությունների, գրականության մեջ՝ վեհի, կենցաղից վերացարկվածի, ոգեղենի, այլև՝ սյուժեի (թաքնված կերպով՝ իմաստի, լոգոսի, կազմավորող ֆորմայի), անհատական համոզումներում՝ թե՛ հավատի, թե՛ բացահայտ աթեիզմի վրա: Նա նախընտրում է միջինը, նեղն ու ծանծաղը, նա, դարից ներշնչված, ինքն իրեն արտոնել է հայտարարել, որ հենց նեղն ու ծանծաղն է իրականը, որ վախվորած չափավորությունը, դրսից որոշարկվածությունն ու ծանծաղությունն են իրականի չափանիշները: Մինչդեռ այստեղ ամենաքիչը կա մարդկային իրականությունից՝ սահմանված որպես մարդու ազատությունից, ազատ ոգուց բխող գործողություն: Թեպետ հայերենն այստեղ փոքր-ինչ խեղճանում է, բայց և այնպես՝ իրականացնել - իրականություն, ինչպես նաև՝ act - actuality, действие - действительность:

Բոլոր վեհ բաները, ներառյալ հերոսությունը, նա մեխում է անցյալի պատին և «բացատրում» որպես մոլորություն կամ դասակարգային անհավասարություն, որպես իշխանակղերական խաբեբայություն և այլն՝ նույն ոգով:

Սակայն ես չեմ կարող երկար գրել այս տիպի մասին՝ ձանձրալի է: Ավելի հետաքրքրական է նրա խորթ եղբայրը՝ բուրժուա հոգին, նույնինքը՝ սրախոսը:

ընթերցանություն, գրականություն, գիրք, ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ

Previous post Next post
Up