Վերնագիրը գրեցի ու կանգ առա: Ո՞նց շարունակել: Պատմել, գրել մեկ այլ գեղարվեստական ստեղծագործության մասին, այն էլ սեփական - դրանից մի փոքր սենտիմենտալ զառամախտի հոտ է գալիս: Սակայն «Ավետյաց անտառը» ինձ համար զուտ գեղարվեստական ստեղծագործություն չէ:
Առաջին տարբերակը գրեցի 1998-ի մայիս-սեպտեմբեր ամիսներին, հիմնականում ամառային արձակուրդի ընթացքում: Երրորդ-չորրորդ կուրսերի ուսանող էի: Հիշում եմ նաև՝ հոսանքն անջատել էին չվճարելու համար, և գրում էի արևի լույսով: Միգուցե նաև՝ մոմի ու նավթային լամպի, որոնց հասցրել էինք հարազատանալ իննսունականների առաջին կեսին: Իմ գրածներից ամենաարևայինն ու ամենաանտառայինը, նաև՝ «ամենաչհաջողվածը»: Հաջորդ վեց տարիների ընթացքում ժամանակ չէր լինում վերանայելու, աղոտ հիշում եմ, սակայն, որ արդեն գիտակցում էի խմբագրության կարիքը: Պատմությունը վերաշարադրեցի ևս մեկ անգամ, հետո երկրորդ տարբերակը մաքրագրեցի մի նոր տետրի մեջ: Երբ բանը հասավ տպագրությանը, քանի որ ինքս ժամանակ չունեի տեքստը հավաքելու, դիմեցի ինչ-որ մասնավոր ընկերության: Երբեք չեմ մոռանա մեքենագրուհու՝ ջահել մի կնոջ, ասածը, երբ հանձնում էր աշխատանքը:- Դո՞ւք եք գրել:- Այո, ինչո՞ւ:- Ուղղակի ընտի՛ր էր... Այնուհետև սկսվեց գրական մամուլում տպագրվելու իմ ձախողված փորձերի ոդիսականը: Ի վերջո, իմ միջոցներով հրատարակեցի վիպակս. հարյուր էջանոց, փափուկ ու փայլուն, լամինացված կազմով մի համակրելի բրոշյուր ստացվեց:
Պատրանքների համար տեղ չկա. ոչ միայն ընտիր չէր, այլև՝ զարմանալի միամտության և սքանչելի անփորձության իսկական մարմնացում: Այդուհանդերձ գրելիս ես իսկական էի, ես Հեղինակն էի, ես առաջին անգամ ապրեցի մեծ կտավ ստեղծելու հրճվանքը: Գրում էի առանց պլանի, սյուժեի զիգզագը ինքն իրեն էր ծավալվում ու թավալվում գլխումս, հենց գրելու ընթացքում, այնպես որ հերթական գլուխը վերջացնելիս արդեն գիտեի, թե հաջորդ հինգ-վեց գլուխներում ինչ եմ ասելու: Գրում էի իսկական ներշնչանքով՝ ասես անմարմին լինեի, ինքս էլ ձուլված արևի շողերին:
Իսկ ամենից ապշելին այն է, որ 2012-ի մարտին նորից ձեռնամուխ եղա գրելու իմ այդ հավերժական ստեղծագործությունը, ինչ խոսք՝ արմատապես ձևափոխված պլանով: Ոչ միայն ձեռնամուխ եղա, այլև ահագին գրեցի: Այս պահին բոլոր չորսը տետրերը ձեռքիս տակ են: Շատ բան է փոխվել, ձեռքս ու ձեռագիրս են փոխվել, իսկ Ավետյաց անտառն էլի մնում է իր անհաս բարձրության վրա:
Որ որպես գեղարվեստական գործ վիպակը, իր տանջալի վերամշակումներով ու բռնամշակումներով հանդերձ, պարզապես խոտան է՝ հասկանալու համար կարիք չկա գրականագետ լինել: Դրան գումարած իմ անգրագիտությունը, քանզի այն ժամանակ դեռ խաբար չէի, որ գոյություն ունի Ջորջ Օրուել անունով ոմն գրող և «Animal Farm» վերնագրով մեկ այլ վիպակ, այնպես որ ֆաբուլայի օրիգինալության տեսանկյունից ես եթե ոչ գրագող՝ լավագույն դեպքում հեծանիվ հայտնագործող էի: Փույթ չէ: Ունեմ նաև արդարացնող հանգամանքներ: Ես գրում էի ոչ թե սովետական, այլ հետսովետական իրականության մասին, թեպետ արտաքուստ նման, բայց սկզբունքորեն այլ մի բան ունեի ասելու: Վերջապես՝ Օրուելի վիպակը տիպիկ հակաուտոպիա է, ընդսմին՝ կատարյալ գեղարվեստական գործ, մինչդեռ իմ գրական երախայրիքը ոչ միայն հակաուտոպիայի՝ մեծ հաշվով գեղարվեստի հետ էլ կապ չուներ: Այն, ինչպես հետո հասկացա, առասպելի ժանրից էր. հավանաբար դատապարտվածությունն էլ հենց գալիս էր առասպելը գեղարվեստական տեքստի վերածելու ինտենցիայից:
Վիպակի կենսագրական անկետայից մի քանի հանգամանք է պակասում դեռ: 1998-ը փառահեղ տարի էր: Դեռ շատ պիտի վերաիմաստավորեմ առհասարակ իննսունականների կեսերը, այդ տարիների ռուսական ռոքը, ոգու վերածնունդը, որի կողքով մարդիկ, մեծ հաշվով, անտարբեր անցան, այն գանձերը, որ ստեղծվեցին՝ գրեթե իսկույն էլ մոռացվելու համար, որովհետև շատ չանցած ոգին նորից իջավ ընդհատակ (ոգին երբեք չի մեռնում): Ես այդ իննսունականների հոգևոր զավակն եմ, հետևաբար այսօր՝ անխուսափելիորեն չհասկացված և որբ:
1997-ին, այսինքն՝ դրա նախորդ տարին, դուրս էր եկել Բյոռկի թերևս ամենահզոր «Homogenic» ալբոմը, որն ընդգրկում էր «Bachelorette» գլուխգործոցը: Հիշում եմ, թե ինչ անսահման տպավորություն գործեց իմ վրա երգը, առավել ևս՝ վիդեոն: Հոլովակն ամբողջ մի պատմություն էր, որի մեջ ինձ ցնցեց գաղափարը՝ մեկ գրքի, մեկ հեղինակի կյանքը - որպես ողջ մի մշակույթի, քաղաքակրթության, մի ամբողջ տիեզերքի անձնավորված ճակատագիր: Այդ ճակատագիրն, իր ողբերգականությամբ, երաժշտության մեջ ապրելու և շնչելու ողջ վեհությունը: Բյոռկի հանճարի անսպասելի, արքետիպային պոռթկումը: Բառերով չես ասի: Ամեն դեպքում՝ հենց այդ երգից ու վիդեոյից ներշնչվեց Անտառը, թեպետ Անտառի տեսիլքն ու վիպակի երազանքը, ավելի աղոտ, դեռ դպրոցական տարիներին ունեի: Հավանաբար միշտ էլ ունեցել եմ: Այստեղ շեշտեմ ևս մի առանձնահատկություն՝ հենց Անտառի, այլ ոչ թե ֆերմայի:
Իսկ վիպակի ստեղծման հոգևոր-գաղափարական խթանը ուսանողական կյանքիս տարիների ապրած այն տանջալի զգացումն էր, որը ես այն օրերին հազիվ թե կարողանայի հստակ անվանել, բայց վիպակը գրելուց հետո արդեն գիտեի. ես օդի մեջ զգում էի հակաքրիստոսի ոգու գործուն ներկայությունը: Պատահական չէ, որ «Ավետյաց անտառը» ինձ համար եղավ այն արժեքային վերակողմնորոշումն ու ինքնորոշումը, որից գրեթե անմիջապես հետո, 1999-ին, ես ապրեցի այն, ինչ կրոնի մեջ կոչվում է դարձ:
Մյուս հանգամանքը գլուխները վերնագրելու ձևն էր՝ ամեն գլխի առաջին նախադասության առաջին մեկ-երկու բառը հենց վերնագիր էր ծառայում, վերնագրից տեքստը սահուն շարունակվում էր: Երբեմն էլ՝ նախորդ գլխի վերջին բառերից: Այս մեթոդը սկզբունքորեն թույլ էր տալիս վերնագիր դնել նույնիսկ չընդհատվող տեքստային հոսքի ամենաանսպասելի տեղում, ասենք՝ նախադասության մեջտեղում: Ինչպես որոշ ռոք ալբոմներում՝ մի երգից սահուն անցում է արվում հաջորդին: Ցավոք հայտնագործությունը իմը չէ. այն հանդիպել էր դեռ դպրոցական տարիներին ձեռքս ընկած մի գիտահանրամատչելի գրքում, որը, եթե չեմ սխալվում, կոչվում էր «Կավի հազար ու մի մասնագիտություն»: Սակայն կասկածում եմ, որ վենագրերը հնուց անտի հենց այդպես են առաջացել՝ աստիճանաբար տարանջատվելով տեքստից և ստանալով ինքնուրույն տիտղոսի, գլխատառերի կարգավիճակ: Ինչևիցե. «Ավետյաց անտառից» հետո որդը մեջս մնաց՝ ամեն անգամ խոշոր գործի վրա մտմտալիս տենդագին փնտրում եմ գլուխները վերնագրելու նոր՝ ինքնատիպ, միայն այդ գործին հարազատ մի եղանակ: Միշտ չէ, որ ստացվում է: Ենթադրում եմ, որ սույն հիվանդությամբ տառապող էլի գրողներ կան:
Այսքանը: Հյուսիսային անտառում անհասկանալի կերպով հայտնված մի կապիկ՝ իր ցեղի վերջին ներկայացուցիչը, որ վերապրել էր օտար բնության պայմաններում, մի գեղեցիկ օր երազի մեջ պատգամ է ստանում իր հանգուցյալ պապից, որ պիտի ճանապարհ ընկնի և վերագտնի իր նախնիների օրհնյալ անտառը՝ Ավետյաց անտառը (կարելի է պատկերացնել իմ ապշանքն ու հիասթափությունը, երբ կարդացի Օրուելի «Animal Farm»-ի առաջին տողերը): Միամիտ կենդանին իր այդ հայտնությամբ կիսվում է մի քանիսի հետ. նրանցից երկուսը,- մեծ հաշվով՝ տեղական ձախողակներ,- վճռում են միանալ իրեն այդ խենթ ճամփորդության մեջ: Սակայն և մնացողների ջանն, ինչպես ասում են, ցեց է ընկնում: Աղվեսի, օձի և բուի գլխավորությամբ, ոգևորված իդեալական, համերաշխ կենդանական հասարակարգի գաղափարով, անտառի բնակիչներն ապստամբում են, սպանում վագրի ողջ ընտանիքը՝ կենդանի թողնելով միայն ձագերից մեկին, և հաստատում նոր կարգեր: Անտառի Մեծ Խորհուրդը: Պատմությունը երկուսի է բաժանվում: Ես կասեի՝ էզոտերիկ և էքզոտերիկ ճյուղերի, որոնք ծավալվում են զուգահեռ ժամանակների մեջ: Մինչ երեք բարեկամները չափչփում են խորթ ու վտանգավոր հեռաստանները, քաղաքակրթության ճառագայթահարված մնացուկների հանդիպում՝ իրենց հրեշավոր արարածներով, նրանց հարազատ անտառում տեղի է ունենում բոլոր հասարակարգերի սովորական այլասերումը: Նախ որոշում են, որ գիշատիչներն իրավունք չունեն որս անելու և սպանելու իրենց «եղբայրներին»: Սակայն մսակերության բնազդը հաղթել չի ստացվում. ստիպված թույլատրում են լեշի միս ուտել: «Եվ անտառը լցվեց գարշահոտությամբ»: Լեշը հավասարաչափ բաշխելու համար ներմուծում են դրամական համակարգ՝ գործածության մեջ մտցնելով անտառային լճակի գույնզգույն քարերը: Քարերի ազնիվ բաշխման, լեշերի հսկման անհրաժեշտությունը հանգեցնում է մի շարք պետական ինստիտուտների ձևավորմանը. ոստիկանություն, ընտրություններ և այլն: Զոռբայությամբ գործող գայլերը շուտով իրենց տեղը զիջում են ավելի հնարամիտ ու «նրբանկատ»՝ դեմոկրատ աղվեսներին, որոնք ի վերջո ամեն ինչին տեր-տիրական են դառնում անտառում (այս առումով ես ինձ համարում եմ իրոք հեռատես, թեպետ մեր երկրի պատմությունը նողկալիորեն դանդաղ է առաջ սողում): Մի գեղեցիկ օր բուն՝ շարժման գաղափարական հավատավորը, միակ անկեղծը իշխանության մեջ, բացում է աչքերն ու շշմած արտասանում. «Մի՞թե սա էր մեր երազած Ավետյաց անտառը»...
Այդ նույն ընթացքում երեք սրտակից ճամփորդների ուղիները բաժանվում են: Եղջերուն կեսից հետ է փախչում, դավաճանում է. նրան վիպակի վերջում, արդեն անճանաչելի դարձած իր հարազատ անտառում, երբ հարցնում է՝ «Էս ո՞ւր եմ ընկել»,- դիմավորում է բուն դառը հեգնանքի խոսքերով. «Բարի գալուստ Ավետյաց անտառ»: Կուղբը ճամփի կեսին, լեռնային բարձունքներում, մի սքանչելի, դրախտանման անտառ է հայտնաբերում՝ շքեղ ծառերով ու բյուրեղյա մաքրության լճակով, և հաստատվում այդտեղ՝ ես իմը գտա,- յուրօրինակ կանգառ հոգևոր ուղու մեջ, հոգևոր հանգրվան, որով շատերն են հրապուրվել:
Կապիկը մնում է մենակ և հասնում մինչև հյուսիսային բևեռ: Ինչո՞ւ հենց այդտեղ՝ չգիտեմ: Գեղարվեստական տեսանկյունից ավելի անհեթեթ բան դժվար էր մտածել՝ կապիկը հյուսիսի հավերժ սառնամանիքի կապույտ, մթին ու խոժոռ անապատներում: Հենց այդտեղ էլ՝ հսկա սառցաժայռերի, ամեհի օվկիանոսի և հյուսիսափայլի շոպենհաուերյան սոսկալի, համանվագ վիթխարիությանը դեմ-հանդիման՝ նա ազատվում է իր մարմնից, հուսով եմ նաև՝ ողջ անհեթեթից, որ կար այդ պատկերի մեջ: Հենց այդպես՝ անլուծելի հարցերից պատռտվող գոյության սահմանային վիճակում:
Պիտի խոստովանեմ, որ դեռ հավատում եմ՝ մի օր նստելու եմ և նորից գրեմ «Ավետյաց անտառը»: Չգիտեմ ինչպես, բայց գրելու եմ: Իսկ եթե չգրեմ, կմնան այս մի քանի պարականոն տետրերը... մեծամտություն է, թե ոչ՝ ըստ իս կրոնական և առասպելական տեքստերը հենց այդպես էլ ծնվում են, չէ՞ որ դրանք էլ կոնկրետ հեղինակներ են ունեցել մի ժամանակ:
Քիչ է ասել, որ «Ավետյաց անտառը» առասպել էր: Հիմա այլևս էդպես չեմ կարողանում գրել մի սկզբունքային դժվարության պատճառով: Այնժամ ես միամիտ էի, երեխա էի. ես կարող էի ինձ թույլ տալ գրականության մեջ վաղուց (գոնե՝ ինձ համար) տաբու դարձած մի շռայլություն - ունենալ միանգամից շատ ու տարբեր հերոսներ: Ինչպես, ասենք, Հոմերոսն ուներ: Հիմա ես մտնում-սերտաճում եմ իմ միակ հերոսի մաշկի մեջ և նրա աչքերով, նրա միակ շնչառության շուրջ կառուցում պատումը: Եթե կամայականորեն, մորեխի նման, մի հերոսից մյուսին ցատկեմ, կստացվի փուչ բան, կստացվի, որ ստում եմ, ինքս ինձ միամիտի տեղ եմ դրել: Աշխարհը չի կարող զրկվել կոնկրետ, առկա գոյության ծանրությունից, այլապես կդառնա վիրտուալ, անիրական մի բան: «Իրականն», իհարկե, տվյալ դեպքում գոյաբանական կատեգորիա է: Ես ուղղակի օրգանապես չեմ կարող մեկից ավել հերոներ ունենալ, նույնիսկ երկուսը չեմ կարող: Դա ամենատանջալի խնդիրներից է, անլուծելի գլուխկոտրուկ, քանզի մեկի աչքերով գոյության ողջ բազմազանությունը տեսնելն ու զգալը, մեկի աչքերով վեպ գրելը իսկական փակուղի է: Այստեղ Շոպենհաուերի միակ կամքի՝ առ մտածող անհատների բազմակիություն պրոյեկտված և նրա հակոտնյա գիտակցության սուբյեկտի միջև եղած մշտական բախումն է: Այն, ինչ ներքուստ մրրկածուփ տենչանքի հրաբխային միակություն և ամբողջություն է, արվեստի, գեղարվեստական իրականացման մեջ անխուսափելիորեն տրոհվում է տարբեր անհատների, հերոսերի, կերպարների բազմակիությանը և ինքն իրեն հայտնաբերում այդ հերոսների բախման (կոնֆլիկտի) տեսքով: Այստեղ Նիցշեի «Երաժշտության ծնունդն է ողբերգությունից», դիոնիսոսյան նախահիմքի և ապոլոնյան, իմա՝ գեղարվեստական ձևակերպման սքանչելի դիալեկտիկան:
Երանելի ժամանակներում են ապրել դասականները: Ի՜նչ թեթևությամբ է Տոլստոյը ճախրում մի տեղից մյուսը: Շուրջ հիսուն հերոսներ, փոքր խմբերի բաժանված, հարաբերվում են իրար հետ մե՛րթ Մոսկվայում, մե՛րթ Պետերբուրգում, մե՛րթ մերձմոսկովյան ինչ-որ ամառանոցում, մե՛րթ էլ ռազմի դաշտում կամ հեռավոր Եվրոպայում: Ես այդպես չեմ կարող, ավելի ճիշտ՝ հիմա այդպես այլևս անկարելի է: Ես վախկոտի պես կառչում եմ հերոսներիցս մեկի՝ միակի փեշից ու հետևում նրան ամենուր: Առաջին կամ երրորդ դեմքից գրելն էական չէ. բավական է մի պահ նրան տեսադաշտից կորցնեմ, բավական է մի պահ հայտնվեմ ինչ-որ վայրում կամ ժամանակում, ուր նա ներկա չէ, և իրականությունն իսկույն փախչում է մատներիս արանքից, ես դառնում եմ հեքիաթասաց: Տոլստոյի դարը գերհագեցած էր համընդհանուր, համապարփակ իրականությամբ, պարարտ ու վստահելի հող ուներ ոտքերի տակ, շնչում էր լիաթոք՝ համակ կյանք ու հեմոգլոբին: Հիմա ողջ իրականը միակ հերոսի (ասենք՝ հողաչափ Կ-ի կամ Անտուան Ռոկանտենի) ռունգերում եղած թույլ շունչն է, նրա թեթև քրտնահոտը, նրա ինքնափակ մտքերի նյարդային թքթքոցը:
Թատրոնը, պիեսը այս իմաստով մոգություն է. այնտեղ միակ հերոսը, որը միշտ ներկա է, բեմն է. հենց բեմն է խոսում՝ դիմակների պես փոխնիփոխ հայտնվող ու կորչող գործող անձերով: Առավել ինձ հարազատ է մոգական ռեալիզմի, Կորտասարի տված լուծումը,- միևնույն հերոսը, երազում և արթմնի, իրականության երկու տարբեր չափումներ է ապրում: Սակայն դա էլ է ինչ-որ տեղ, արհեստական: Այս ճանապարհով չի կարող ծնվել սիրո գրականություն, ճշմարտի գրականություն, որն իր նվիրական խորքում էրոտիկ է: Արձակ տեքստը դարձել է միակի մեջ պարփակված գիտակցական հոսք, այն չի զորում դուրս գալ իր Ես-ից և դեմ առ դեմ հանդիպել իր Դու-ի հետ (Մարթին Բուբեր)՝ մնում է բանտված սեփական կեղևի մեջ:
Ես ազատ էի «Ավտեյաց անտառը» գրելիս, հուսամ՝ դեռ էլի ազատ կլինեմ: Կուղբի ու կապիկի երկխոսությունը մաքուր և ճշմարտացի էր, հավաստի էր՝ այն ինչ-որ բան ուներ Պլատոնի երկխոսությունների զուլալ մանկականությունից: