ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

May 12, 2013 15:22


Թեպետ քաղաքական թեմաներով չեմ սիրում գրել, բայց վերջին` ավագանու ընտրությունները ինչ-ինչ մտորումների տեղիք տվեցին: Ասեմ, որ մասնակցել եմ ընտրություններին, ավելին` ամբողջ տնով գնացինք ընտրության: Պատճառն այն չէ, որ մեջս հանկարծ ու քաղաքացիական գիտակցություն զարթնեց. ուղղակի հարևան-մարևան անվերջ հարցապնդումները` գնալո՞ւ եք թե ոչ, բերեցին եզրահանգման, որ չգնալու դեպքում մեր անունից են քվեարկելու. դե, մենք էլ գնացինք, որ գոնե իմանանք` խիղճներս հանգիստ` մեր կողմից այս հանցագործ իշխանությանը ձաներ չեն գնացել: Իհարկե, մեր ընտրած թեկնածուն նույնիսկ նվազագույն շեմը չանցավ: Ավելին` աչքովս եմ տեսել ու համոզվել, որ բոլորը հանրապետականի` 6 համարի օգտին էին քվեարկում: Բայց էդ մանրամասների մեջ հիմա չեմ ուզում խորանալ. պարզապես իմ համոզմունքը հայտնեմ` պնդումը, թե իշխանությունները վերարտադրվում են բացառապես կամ գլխավորապես ընտրակեղծիքների շնորհիվ, անձամբ ինձ, մեղմ ասած, էնքան էլ չի համոզում:

Գրում եմ սա, որովհետև իմ տեսանկյան հետ քիչ թե շատ համընկնող տեսանկյուն մեր բյուրաբազում վերլուծաբանների խոսքերում էդպես էլ չհանդիպեց: Ուրեմն` խոսեմ իմ անունից` պատրաստ լսելու բոլոր առարկությունները:

Մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, չէ՞: Այիսնքն, գոնե de jure, մենք մեր առջև ծրագիր ենք դրել հանրապետություն ստեղծել: Ինքս քաղաքագետ չլինելով` գոնե գիտեմ, թե ինչն է հանրապետությունը տարբերում պետության մյուս հայտնի մոդելներից: Ասենք` միապետությունից: Միապետության միավորներն ովքե՞ր են: Տարբեր խավերի, դիրքերի ու ազատությունների տեր մարդիկ. ճորտեր, մանկլավիկներ, պալատականներ, կղերականներ, ազնվականություն և այլն: Բոլորը գիտեն, որ իրենց գլխին իշխանություն ունեն: Այն էլ` հիերարխիկ կառուցվածով. թագավոր, իշխաններ, կոմսեր և այլն: Իսկ ովքե՞ր են հանրապետության բնակիչները: Իհարկե` քաղաքացիները: Մարդիկ, որ ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ, մարդիկ, որոնց ինքնագիտակցության հիմքն ազատությունն է` իրենք են, միասնաբար, վճռում իրենց պետության բախտն ու ընթացքը: Իրենք ոչ մեկին ենթակա չեն, ապրում են փոխադարձ համաձայնության կանոններով, որոնք ձևակերպվում են սահմանադրության և օրենքների տեսքով, իրենք էլ` նպատակահարմարությունից ելնելով, երկրի կառավարման ֆունկցիաները ժամանակավորապես վստահում են այս կամ այն գարծչին կամ մարդկանց խմբին` նրանցից հաշիվ պահանջելու ու վերընտրելու իրավունքով: Ներողություն եմ խնդրում դասագրքային ճշմարտություններ կրկնելու համար, բայց սա կարևոր է` իմ ասելիքի համատեքստում:

Հիմա տեսնենք, թե ինչպիսին է մեր իրականությունը. արդյո՞ք մեր քաղաքացիները քաղաքացիներ են այդ բառի դասական` դասագրքային իմաստով: Այսինքն` ունեն քաղաքացուն բնորոշող ազատ մարդու ինքնագիտակցություն, ով իր ճակատագրի ու երկրի տերն է իրեն համարում և ամեն անգամ ընտրություն կատարելիս ընտրում է ժամանակավոր կառավարիչների: Ասեմ, որ ամեն անգամ ընտրություններին մասնակցելուց և ապա հրապարակված արդյունքները լսելուց հետո մեջս մի տեսակ դառնություն ու թևաթափություն է մնում: Պատճառն այն չէ, որ գործող իշխանություններն են միշտ հաղթող դուրս գալիս: Ոչ էլ այն, որ իմ նախընտրած թեկնածուները, որպես կանոն, ամենաչնչին ձայներն են հավաքում: Պատճառն այն ինքնախաբեության խուլ գիտակցումն է, որ հավատացել եմ, թե ապրում եմ հանրապետությունում` քաղաքացիների մեջ, մինչդեռ դա պատրանք է եղել` էժանագին խայծ, որ կուլ եմ տվել` խաբվելով երևույթների արտաքին, ձևական կողմից: Ինչ-որ քռչոտ բառ կա մեր երկրի, մեր հասարակության մեջ... Ես միտումնավոր եմ օգտագործում «քրջոտ» բառի հենց ժողովրդախոսակցական` ավելի կեդանի ու տպավորիչ տարբերակը` քռչոտ, քնձռոտ: Մի բան, որ հազար տարով հետ է հանրապետություն և քաղաքացի կատեգորիաներից:

Զուտ այդ զգացողությունը ստիպեց հետադարձ հայացք գցել ու մի փոքր ավելի խորքից փորձել քննել իրավիճակը: Արդեն գրել եմ սրա մասին, բայց իրադրության նման սթափ ու պարզ գիտակցում բոլորովին վերջերս դեռ չունեի: Ես հասկացա մի պարզ ճշմարտություն: Մեր մարդիկ չեն գնում ընտրություն կատարելու ներկա կառավարության և ընդդիմության միջև: Նրանք չեն ընտրում ժամանակավոր կառավարիչների` իրենց երկրի շահի մասին ունեցած պատկերացումներից ելնելով: Իրականում ընտրությունը գնում է իշխանության և իշխանության միջև: Առաջին հայացքից աբսուրդային է, չէ՞: Բայց միայն առաջին հայացքից: Միապետության մեջ չկան քաղաքացիներ` կան իշխաններ և հպատակներ (չասելու համար` ճորտեր): Եվ եթե նման հասարակության մեջ հանկարծ, պատմական հանգամանքների բերումով, ընտրական իրավունքի ինստիտուտ հայտնվեր, ապա կնշանակեր, որ հպատակներին ժամանակ առ ժամանակ հնարավորություն է տրվում իրենց համար իշխաններ ընտրել:

Եթե սթափ ու բաց աչքերով նայենք` դա հենց այն է, ինչ մեզանում տեղի է ունենում «ընտրությունների» անվան տակ, եթե, իհարկե, հաշվի ենք առնում մարդկանց աշխարհընկալումն ու գիտակցությունը, այլ ոչ թե` իրողությունների զուտ արտաքին, երևութական կողմը: Մեր բոլոր նախընթաց ընտրությունները, որքնով ես հիշում եմ, եղել են ըստ էության ընտրություններ իշխանության տարբեր ճյուղերի միջև: Կամ տարածական կտրվածքով` ներկա իշխանության մրցակցող բևեռների միջև (հասկանում եք, երևի` ՀՀԿ և ԲՀԿ), կամ էլ` ժամանակային առումով` ներկա և նախկին իշխանությունների միջև (էդ նախկինը կլինի հանձինս Ռոբերտ Քոչարյանի, թե Լևոն Տեր-Պետրոսյանի` տվյալ դեպքում էական չէ): Այսինքն` կարևոր չէ նույնիսկ, որպես ընդդիմություն հանդես եկող ուժերը անկեղծ ընդդիմություն են, թե ոչ, առողջ քաղաքական ուժեր են, թե միայն սեփական բիզնես շահը պաշտպանել փորձող օլիգարխներ: Կարևորն այն de facto պրոցեսներն են, որ կատարվում են ընտրողների մեծամասնության գիտակցության մեջ: Իսկ դրանք բավականին պարզունակ են. այս թագավորը լավը չէ` մեզ ճնշում ու հարստահարում է, մեր վրա ծանրածանր բեռներ է դնում. եկե՛ք, ուրեմն, այն մյուսին ընտրենք` նա ավելի լավ, ավելի բարի թագավոր կլինի, էդքան շատ չի թալանի, մեզ էլ մի քիչ օր ու արև կտա: «Էրեգ լավ էր, քանց որ էսօր: Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը,− էն նախկին իշխանի օրոք ավելի լավ էր, քանց հիմա»:

Կրկնեմ և ընգծեմ` ընտրությունը գնում է ոչ թե կառավարության և ընդդիմության, այլ` իշխանության և իշխանության միջև: Մարդիկ գնում են իրենց գլխին իշխաններ ընտրելու: Իսկ նման ընտրությունը հանրապետություն կոչվածի հետ ոչ մի առնչություն չունի: Եվ նման ժողովրդական գիտակցության ու արժեհամակարգի դեպքում ակնկալել, որ ինչ-որ բան կփոխվի, նշանակում է տրվել այն ինքնախաբեությանը, որին, ինչ մեղքս թաքցնեմ, ինքս էլ տրվել եմ մի քանի անգամ:

Եվս մի դասագրքային ճշմարտություն. որպեսզի տեղի ունենա հասարակական ֆորմացիայի փոփոխություն, նախ անհրաժեշտ է արմատական հեղաշրջում այդ հասարակության անդամների գիտակցության մեջ: Պրոլետարիատը հեղափոխական ուժ չէ այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իրեն չի գիտակցել որպես ճնշվող ու շահագործվող խավ, քանի դեռ այդ գիտակցությունը չի դարձել գերիշխող: Գերիշխողն այն է, որ եթե տվյալ խավի մեջ կա մեկը, ով իրերի առկա կարգի մեջ անարդարություն չի տեսնում, ապա նա կողքինների կողմից սուր քննադատության է արժանանում: Մեր իրականության լեզվով թարգմանելու դեպքում դա կնշանակի, օրինակ, որ եթե մեկնումեկը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոն ունենալը թեկուզ չնչին առավելություն է տալիս մյուս քաղաքացիների նկատմամբ (ասենք` այսինչի որդին բանակում ծառայելու փոխարեն սովորում է եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում, կամ այսինչը, ի հեճուկս իր պետական համեստ աշխատավարձին, բազմաթիվ բիզնեսներ ու հսկա կարողություն ունի),− որ նման կարծիք ունեցողը խստագույնս պիտի դատապարտվեր կողքինների կողմից ու իրեն զգար հետամնաց ու անպետք մեկը: Այնինչ մեր մարդիկ համոզված են` պաշտոնն իրավունք է տալիս սեփական գործերը դասավորելու, ինչ-ինչ նշանակալի արտոնություններ ձեռք բերելու, որոշակի պարտավորություններ շրջանցելու, և միակ պահանջն այն է, որ, այդ բոլորով հանդերձ, քաղցր աչքով նայեն իրենց` հասարակ ժողովրդին, շատ չճնշեն:

Նման գիտակցության դեպքում հանրապետություն կառուցելու մասին խոսելն ավելորդ է: Չի բացառվում, որ ընտրության արդյունքում չար ու անգութ թագավորը փոխարինվի ավելի բարի ու հոգատար մեկով: Է, հետո՞: Պիտի դա տոնենք որպես առաջընթա՞ց, որպես ժողովրդի ու դեմոկրատիայի հաղթանա՞կ...

Ասենք` ոմանք բնազդաբար քիչ թե շատ մոտեցել են խնդրի էությանը և խոսում են անձնապաշտության մասին: Իբր մինչ օրս ժողովուրդը գնացել է անձերի, լիդերների ետևից, իսկ հիմա` այլևս հիասթափված այդ լիդերներից` պիտի սկսի ինքնակազմակերպվել, խմբեր ձևավորել և առաջնորդվել ոչ թե անձերով, այլ` կոնկրետ ծրագրերով ու գաղափարներով: Սակայն այս ձևակերպումը թյուր է: Մարդիկ անձերի ետևից չէ, որ գնում են, և անձի ետևից գնալն ինքնին վատ չէ, եթե տվյալ անձն առաջադիմական գաղափաների ու ծրագրերի կրող է: Մարդիկ, դարձյալ, ընտրություն են կատարում իշխանության և իշխանության միջև` անկախ այն բանից, թե այդ իշխանությունները ի՞նչ անձերով ներկայացված կլինեն: Եթե դանակը հասել է ոսկորին, եթե այս իշխանությունների ներքո այլևս անտանելի է դարձել գոյատևելը, գնում և ձայն են տալիս մեկ այլ իշխանության, ուրիշ իշխանների են հավանություն տալիս: Ընդսմին` ես ենթադրում եմ, որ այդ քայլին դիմելիս ընտրողները զերծ չեն մի որոշակի բարդույթից: Եթե ստրուկն ապստամբում է հանուն իր ազատագրման, ապա նա հիացմունքի ու պանծացման է արժանի: Բայց եթե դա զուտ ժամանակավոր ընդվզում է` ներկա տերերին ուրիշներով փոխելու մտադրությամբ, եթե ապստամբողն ինքը մնում է ստրկամիտ, ապա ընդվզումն էլ զուտ պալատական ինտրիգի պես մի բան է` ինչպես երբ ծառաները թիկունքից հարվածում են ներկա թագավորին` նրա եղբորը գահին նստեցնելու համար: Այսինքն` նման ընտրություն կատարելիս ընտրողը, ամենայն հավանականությամբ, զերծ չէ խղճի խայթից, ինքն իրեն ինչ-որ տեղ դավաճան է զգում, աշխատում է շատ էլ չբարձրաձայնել իր արածը, ստվերում մնալ:

Չափազանց հատկանշական և ուսանելի են վերջին նախագահական ընտրությունները: Րաֆֆի Հովհաննիսյանը պատկառելի ձայներ հավաքեց, չեմ բացառում, որ հենց նա է հաղթել ընտրություններում` ինչպես շատերը պնդում են: Սակայն ինչո՞ւ Րաֆֆին: Եթե հիշենք նախորդած ընթացքը, ապա աբողջ հինգը տարի Բարգավաճ Հայաստանը ջանք չէր խնայում` որպես այլընտրանքային` ժողովրդին սիրող, բարի ու հոգատար իշխանություն ներկայանալու համար: Կրքերն աստիճանաբար թեժացան, բանը հասավ Օսկանյանի դեմ դատական գործ հարուցելուն: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անձամբ զրուցեց Գագիկ Ծառուկյանի հետ: Ըստ երևույթին` ոչ երկիմաստ ձևով հասկացրեց, որ եթե փորձի խոչընդոտել ընտրությունների ժամանակ, ապա ինքը կենաց-մահու կռիվ կսկսի: Ծառուկյանը որոշեց, որ` չարժի... Մինչդեռ հասցրել էր դժգոհ ընտրազանգված հասունանալ, որը պատրաստ էր (ես դա շեշտում եմ`) մեկ այլ իշխանություն ընտրել և վերջին պահին կանգնեցվեց փաստի առաջ - իր ակնկալած ուժը թեկնածու չունի: Սա այն բացառիկ դեպքերից է, երբ գործ ունենք, Մարքսի ասած` պատահականության թագավորության հետ: Երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների` Պարույր Հայրիկյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև ո՞ւմ կտան մարդիկ նախընտրությունը: Քվեարկել Պարույր Հայրիկյանի օգտին կարող էր նշանակել քվեարկել անկախ հանրապետության, անկախ ու ինքնորոշվող քաղաքացու գաղափարի օգտին: Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկելը կնշանակեր` քվեարկել կոնկրետ ծրագրերի օգտին, ինչը նույնպես կլիներ քաղաքացու ընտրություն: Ըստ իս` մարդիկ գնացին ու իրենց ձայնը տվեցին ամենաանկապ թեկնածուին: Թե ընտրողների գորշ բջիջների մեջ ինչ պրոցեսներ տեղի ունեցան, որ միահամուռ կերպով հենց Րաֆֆուն ընտրեցին` ինձ չի հետաքրքրում. քանի որ գործ ունենք պատահականության դաշտի հետ, չեմ բացառում, որ նույնիսկ լուսնի փուլերն ու համաշխարհային ջրերի մակընթացություն-տեղատվությունը դեր խաղացած լինեն: Իսկ եթե լուրջ` այստեղ էլ, անշուշտ, թաքնված տրամաբանություն կարելի է գտնել: Նախկին պաշտոնյա, ով միշտ բարի ու ազնիվ է եղել` նա, ինչ խոսք, սազում է բարի իշխանի դերին, առավել ևս որ ինքը բարության ու բարևի մունետիկ է ներկայանում: Կամ գուցե ենթագիտակցաբար որոշել են, որ Րաֆֆու թիկունքին Ամերիկայի պես հզոր երկիր է կանգնած, ինչը դարձյալ չի հերքում իշխանության և իշխանության (ասենք` Ռուսաստանի և ԱՄՆ-ի) միջև ընտրություն կատարելու թեզը:

Բայց մեր վերլուծաբանները ոգևորված ասում են` ժողովուրդն էլի իր մեջ ուժ գտավ` գնաց քվեարկեց իշխանության դեմ, ասել կուզի` ընդդիմությանը տվեց իր ձայնը: Սո՛ւտ: Ժողովուրդն իր քվեն տալիս է ընդդեմ ա՛յս իշխանության` հօգուտ մեկ այլ իշխանության: Սա դուրս է հանրապետության և դեմոկրատիայի տրամաբանությունից, և այդ ձևաչափում դատողություններ անողներն ուղղակի բռնաբարում են մեր իրականությունը, գիտակցաբար, թե ոչ` չեն տեսնում ճշմարտությունը:

Կրկնվեմ` խոսքը չի գնում այս կամ այն թեկնածուի արժանիքների մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հռետորաբանությունն ընդգծված-դեմոկրատական էր` ես ձեզնից մեկն եմ, ես գալիս եմ ձեր կամքը կատարելու, այլ ոչ թե իշխելու: Բայց մյուս թեկնածուներն էլ ուրիշ բան չեն ասել, և առհասարակ` չեմ կարծում, թե նախընտրական ծրագրերն ու խոսքերը մեր տիպի հասարակությունում թեկուզ չնչին դեր խաղան: Բոլորն էլ դրանց նայում են որպես օտար մի ծեսի խորթ ու անհասկանալի, բայց պարտադիր պարագաների: Ոչ ոք կուսակցությունների ծրագրերը չի կարդում. կարդացողներն էլ երևի նկատած կլինեն, թե որքան նման են իրար` հիշեցնելով անտաղանդ դպրոցականի շարադրություն. ասել կուզի` գրողներն էլ են տեղյակ, որ ծրագիր-մրագիր դեր չեն խաղալու:

Հասանք ավանդական հարցերին` ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը: Ժողովրդին մեղադրելը ինձ հիմա պարապ ու անպտուղ գործ է թվում: Իհարկէ, խնդիրը բարոյական է: Անկախ պետություն կառուցելու թեկուզև միայն ֆորմալ հնարավորություն ստանալ, այն էլ` ապրելով քսանմեկերորդ դարում, ինֆորմացիայի ու ինտերնետի դարում, և շարունակել ամուր փակված մնալ սեփական քռչոտ ու ստրկամիտ-քաղքենամիտ հոգեբանության կեղևի մեջ. այսքան սքանչելի ֆիլմեր դիտելու և գրքեր կարդալու, ռոք լսելու և, առհասարակ, արևմտյան մշակույթի փայլուն արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունն ունենալով, հետն էլ` լինելով ժառանգը դարավոր մեծարժեք մշակույթի,− և այդուհանդերձ այդպես էլ չսիրել ազատ մարդու, քաղաքացու տեսլականը,− սա ինձ թվում է մեծագույն ստորություն: Կարող ենք հաշվի առնել պատմական անցյալը, ասել, որ ցեղասպանությունից, ջարդերից մազապուրծ ազգը, որ հետո իր կամքից անկախ սովետական լծի տակ էր գոյատևելու, շատ բանի չէր կարող հասնել, ավելին` հանգամանքները նպաստում էին մարդկանց փչացմանն ու այլասերմանը: Կոմունիզմն ու սոցիալիզմը ինքնին առաջադեմ գաղափարներ էին, բայց` ոչ սովետական մոդելով, որը սոցիալիզմի անվան տակ բռնություն էր իրականացնում և միայն սնուցում էր քաղքենիությունն ու ստրկամտությունը, դրան գումարած` պարտիական ստոր կարիերիզմը: Սա մեր անմիջական անցյալն է, հիմա ասում են` ճտերն աշնանն են հաշվում, ու դա ճիշտ խոսք է:

Մեղավոր է նաև համաշխարհային հոգևոր անկումը: Գերտերություններն այսօր վերին աստիճանի աղավաղել են ազատ քաղաքացու և հանրապետության գաղափարը, բուծել ու իշխող են դարձրել մարդու մի նոր տեսակ` անուղեղ սպառողին, ով կեղծ ու պատիր հասկացություններ ունի դեմոկրատիայի, հանրապետության և քաղաքակրթական մյուս արժեքների մասին և մտածողության մեջ առաջնորդվում է գլխավորապես կարծրատիպ-կլիշեներով (եթե ընդհանրապես մտածում է):

Բայց եթե փոփոխություններ ենք ուզում, պիտի սովորենք առնվազն ճշմարտությունը խոսել: Եթե ընդդիմությունն, ամեն պարտությունից հետո, ողջ մեղքը բարդում է իշխանությունների և նրանց կազմակերպած ընրակեղծիքների վրա, նշանակում է` չի ուզում, վախենում է կամ, ինչ-ինչ շահադիտական նկատառումներից ելնելով, խուսափում է ճշմարտությունն ասել սեփական ժողովրդի մասին: Ժողովուրդը միգուցե մեղավոր չէ, բայց մեղավոր են ընդդիմությունն ու մտավորականությունը, որ լռում են ժողովրդի մեղքի մասին: Դա տեղիք է տալիս կասկածելու, որ իրենց դիտավորությունների մեջ մաքուր չեն. որ, գուցեև, գիտակցում են ժողովրդի արատները և ուզում են պարզապես օգտվել դրանցից, այսինքն` նույն խաղն են խաղում, ինչ և իշխանությունը: Այլ կերպ ասած` ձգտում դառնալ այլընտրանքային իշխանություն:

12/5−2013

ընդդիմություն, Հայաստան, իշխանություն, ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, քաղաքականություն

Previous post Next post
Up