Feb 24, 2014 17:14
Տիրոջս գերեզմանից վերցրել են, և չգիտեմ, թե ուր են դրել:
Հովհաննու ավետարան, 20.13
Բայց չէ՞ որ դու, Սանչո, ժողովուրդն ես.
քո խոսքերը մեծ են, հավերժական -
դու քամուն չես տալիս նրանց:
Բլաս դե Օթերո
Դուք՝ իմ նո՛ր երգեր,
Խիտ ու խո՜ր երգեր:
Սիլվա Կապուտիկյան
Ահավասիկ իմ սիրած շուտասելուկը, յուրօրինակ մտքի ծամոն՝ որ պարապ չմնա, որոճալու բան ունենա:- Մարդկությունը բաժանվում է երեք հիմնական կատեգորիայի… Էստեղ ունկնդրի ականջն իսկույն սրվում է՝ հակված, անհամբեր, սպասում է լսելու շարունակությունը:- Իսկ ես, ծրագրավորողի հաղթական ժպիտով, հռչակում եմ. մարդկությունը բաժանվում է երեք հիմնական կատեգորիայի՝ A, B, C… Հիասթափված ունկնդիրն ավելի է լարվում, մեկնաբանություն է ուզում՝ մեզ ի՞նչ դատարկ նշանակումներից: Մեկնաբանությո՞ւն է պետք: Համեցե՛ք:-
Առաջին կատեգորիայի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր չեն մտնում երկրորդ կատեգորիայի մեջ:
Երկրորդ կատոգորիայի մեջ մտնում են բոլոր նրանք, որ չեն մտնում առաջին կատոգորիայի մեջ:
Վերջապես, երրորդ կատոգորիան ընդգրկում է բոլոր նրանց, որ չեն մտնում ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի մեջ:
Մի փոքր մտածելուց հետո ունկնդիրը վրդովված բացականչում է՝ բայց ախր այդ դեպքում C կատեգորիան դատարկ է. բոլոր նրանք, որ չէին մտնում A-ի մեջ, արդեն մտած են, ըստ սահմանման, B-ի մեջ, տակը մարդ չի մնում: Սիրով համաձայնվում եմ՝ ճիշտ է, ես էլ եմ ասում՝ ախր դրանք մարդ չեն, է՜: Միայն թե ինչո՞ւ եք նախապատվությունը տալիս A-ին և B-ին, զուտ իմ առաջադրած հաջորդականության պատճառո՞վ: Դատարկ կարող է լինել երեքից յուրաքայչյուրը՝ թե՛ A-ն, թե՛ B-ն, թե՛ C-ն: Բա որ հանկարծ դուրս գա, որ մարդկությունն ընդգրկող բոլոր կատեգորիաներից միայն այդ մեկը՝ դատարկն է մնացե՞լ…
Առակս ի՞նչ կցուցանի:
Ոչ մի բան. արդեն զգուշացրել եմ, որ զուտ մտքի զբաղմունք է, պարապ վախտի խաղալիք: Իսկ եթե իսկապես մարդկանց բաժանելու լինենք կատեգորիաների և խմբերի, ապա ես նախ և առաջ կառանձնացնեի լռողների դասը:
Ահա իսկապես պանծալի մի երևույթ՝ լռող մարդը: Լռել կարողանալու համար հատուկ տաղանդ ու ձիրք է պետք, էլ ավելի շատ՝ հմտություն: Տարիների ընթացքում ձեռք բերված ճարպկություն: Եվ, իհարկե, լռելու համար ամենից քիչ բուն լռելն է պետք. մարդ կարող է ահավոր շատախոս լինել և պատկանել լռողների դասին:
Հարցն այն է, թե՝ ինչի մասին լռել, երբ և ինչպես: Ըստ այդմ, նաև՝ երբ և ինչպես խոսել: Լռողն օժտված է բացարձակ երաժշտական տակտով, գիտի, թե ե՛րբ իր խոսքի զարկերը կհամընկնեն ընդհանուր քայլերգի ռիթմին՝ կձուլվեն-կկորչեն դրանում: Չառանձնանալ՝ առանձնանալով, շողալ՝ առանց խճանկարից կտրվելու, լինել անհատականություն՝ առանց լինելու անհատակ - ահա՛ նրա հունարն ու արվեստը:
Ինչ մեղքս թաքցնեմ՝ ես զուրկ եմ այդ շնորհքից: Իմ խոսքը փայլում է տակտի այնպիսի բացակայությամբ, որ ուղղակի ականջ է սղոցում: Է՛լ ավելի շատ՝ խոսելու համար իմ ընտրած պահերը: Все время против шерсти! Իմ վերջին պասաժը՝ «Դժոխաբնակները» վեպը, տակտի և լռելու ընդունակության լիակատար բացակայության նշան է, ահավոր անտակտություն՝ բոլոր առումներով: Դեռ հայտնի չէ, թե ինչ կնստի վրաս, որքան արյուն կպղտորի… Բայց դե փորձը ցույց է տալիս, որ ջայլամների երկրում խոսքի ազատությունն աննկատ փոխվում է խոսքի արձակության… Միգուցե հենց դրա՞ համար է պետք անտակտ լինելը: Թե չէ ինքս էլ կսկսեի կասկածել, որ զուրկ եմ նաև գրելու ձիրքից: Միաժամանակ խոստովանեմ, որ վախենում եմ՝ մի օր ես էլ սովորեմ լռելու արվեստը: Այնժամ ես էլ կմտնեմ այդ չարաբաստիկ C կատեգորիան:
Եվ ուրեմն՝
- Ոտքի՜, Սանչոյի դատարա՜նն է գալիս:
Չգիտեմ՝ ի՞նչն ինձ կարող է խանգարել, որ ուղղակի բռնեմ ու թղթին հանձնեմ մտքերս: Գուցե թե էլի լռեի, բայց համբերությունս հատել է: Վարժ չեմ խոսքի մեջ, և չեմ էլ կարող բողոքել, թե՝ ահա տիրոջս մարմինը վերցրել-գողացել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել: Իմ սանչոյական կարճ խելքով ինչքանը կտրեցի - կտրեցի: Եկել է ժամանակը, որ ե՛ս դատեմ էս աշխարհի չորն ու թացը:
փիլիսոփայություն,
ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ