Տաղտուկ

Mar 05, 2014 11:16


Ամեն օր գրել՝ խելագարվել կարելի է: Пишущий perpetuum mobile: Nulla dies sine linea! Ոչ մի օր՝ առանց տողի: Քանի-քանիսն են այսօր իրականացնում այս սկզբունքը: Սոցցանցերը բոլորին գրող դարձրին, իսկ գրողին՝ ոչինչ:

Հանապազ կրկնվող միտքը կամ վերջինիս բացակայությունը մերկացրել է իր հիվանդ փորոտիքը՝ աղիքների ակորդեոնը փռել վիրտուալ թղթին: «Երբեք մտքովս չէր անցել, որ աշխարհում կարող է միաժամանակ ու մեկտեղ էսքան շատ ակորդեոն լինել» (Ռոման Բալայանի «Эффект Ромашкина» ֆիլմից): Սովետի օրոք ասում էին՝ մենք նախ ստեղծում ենք դժվարություններ, ապա՝ հերոսաբար հաղթահարում դրանք: Ու քանի որ այսօրվա սիրելի զբաղմունքը պետականաշինությունը քննարկելն է, թույլ տամ ինձ էլ մի հարց առաջ քաշել. պետական կարգի, հասարակարգի ընտրությունը ինչի՞ հիման վրա եք կայացրել: Ինչի՞ց ենք որոշել, որ ազգիս հայոց հենց հանրապետություն է պետք. սահմանադրություն և դեմոկրատիա: Ինչպե՜ս թե, կասեն, հանրաքվեի ենք դրել, ժողովուրդն է որոշել: Ժողովուրդը որոշել է, որ ժողովրդավարություն է ուզում: Խայծն ահա՝ հարցանողը հենց սկզբից գիտեր պատասխանը, դեմոկրատական ճանապարհով որոշել ենք, որ մեր ուզածը հենց դեմոկրատիա է, վճիռը կայացնող սուբյեկտը տվյալ դեպքում ոչ թե ժողովուրդն է, այլ նույնինքը՝ դեմոկրատիան, քանզի նրա ատյանին է բերվում խնդիրը: Եթե միապետական դիրքերից մեկը հարցներ, ապա միահեծան կամքն, անշուշտ, ժողովրդին չէր դիմի՝ իր իրավունքներն ու ուժը ճշգրտելու համար: Փիլիսոփայության լեզվով սա կոչվում է տավտոլոգիա: Եթե շեփոր փչես, շեփորի ձայն դուրս կգա, երբեք ջութակ չի հնչի, եթե դեմոկրատիային հարցնես ինչ է իր ուզածը, կասի՝ դեմոկրատիա:

Բայց ժողովրդի ուզածը դա՞ էր, հա՞: Հարց տվող սուբյեկտը, ում հարցի մեջ, ինչ խոսք, պատասխանը նախօրոք ամփոփված էր՝ եվրոպական թրծվածքի այդ խարդախը ի՛նքն էլ հիմարացավ: Ժողովուրդն ասում է՝ կեցցե՛ դեմոկրատիան, ապա գնում և իր գլխին իշխաններ ու թագավորներ ընտրում: Եվ հիմա լիքը գործ կա անելու, անսահման մի դաշտ՝ հերկելու: Ստացանք անվանական դեմոկրատիա, հիմա անցնենք իրականը կառուցելուն: Մենք, չէ՞ որ, դժվարություններ ենք ստեղծում, որպեսզի հերոսաբար հաղթահարենք: Ինչպիսի՜ անզուգական կայֆ: Մեծընտիր տականքի ամեն մի նոր թալանչիական հրովարտակը քաղաքացիական ընդվզման ի՜նչ պարարտ հող է ստեղծում: Հաց ու ջրից շատ մենք կռիվ ենք ուզում, լոզունգներ ենք ուզում և ընդհարում իշխանությունների հետ: Արդյունքում բոլորը գոհ են: «Ժողովուրդը»՝ որովհետև թագավոր ունի (իսկ ախր ուրիշ էլ ո՞նց իմանան, որ իսկական թագավոր է, եթե իրենց յոթը կաշին տղամարդավարի չքերթի), «հասարակությունն» էլ՝ որովհետև պարապ չի, նպատակ ու տեսլական ունի, ինքն իրեն գիտակցում է որպես «ժողովրդի» արթնացող գիտակցություն:

Զվարճալի է կողքից դիտել, թե ոնց են երեխաները տուն-տունիկ խաղում: Մեծանալով էլի նույն խաղը կշարունակեն խաղալ, իսկ դեմքի լուրջ արտահայտությունն աննկատ կդառնա սովորույթ: Դեմոկրատիան թեպետ պիտանի բան է, բայց մեծ հաշվով՝ բավականին անլուրջ զբաղմունք, հետևաբար արտաքուստ ամենից շատ կարիքն ունի լրջությամբ շպարվելու: Դեմոկրատիան համակ ֆենոմեն ու երևութականություն է, նաև՝ բոլոր խաղերից ամենաձանձրալին: Ինչպես տուն-տունիկը՝ միակը բոլոր խաղերից, որում երեխան ստիպված է իրեն մեծավարի պահել՝ փոխանակ վազվզելու, ճչալու և խնդալու:

Եվս մեկը ծեծված հարցերից՝ Եվրո՞պա, թե՞ Ռուսաստան: Սրա մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել: Բայց հայտնի է, թե ինչ են գրում.

«Եվրոպա - դեմոկրատիա, ռեսուրսների օպտիմալ կառավարում, չարյաց փոքրագույնն՝ արդեն որպես բարիք, մահացածությունը պակասում է, կյանքի տևողությունն՝ աճում, կարճ՝ դեմոգրաֆիական դրախտ, այլև՝ սեր և հանդուրժողություն: Ռուսաստանը - Սովետից մնացած փտած համակարգ, կոռուպցիա, թալան, բռնություն, հարբեցողություն և այլն»:

Հակառակ կողմը ճգնում է հետ չմնալ.

«Եվրոպան սեռական այլասերման, ընտանիքի քայքայման չարորակ ուռուցք է, չարի որջ: Եվրոպան հրեաներն են, համաշխարհային ֆինանսատնտեական հրեշը, գլոբալիզացիայի սարսռազդու երախը: Բաց աստի՝ անվտանգության խնդիր կա, բան կա»:

Սրան ի պատասխան՝

«Վաղ կամ ուշ Ռուսաստանն էլ ստիպված կլինի բռնել դեմոկրատիայի ուղին» (և դա զուտ ճշմարտություն է... հատկապես «ստիպված կլինի»-ն):

Ես չգիտեի, որ մտքի ասպարեզում էլ կրծողների դաս կա, և այդ դասն ունի ազատության իր ձևաչափը: Բերված մի քանի տողանոց տեքստը պատճենվում ու բազմապատկվում է հազար ու մի տարբերակներով, բազմանում հիպոստազի նման: Նույնիսկ Գորբաչովը չէր երազի լեզվի նման անդուլ ճարտարություն՝ ասելիքի բացակայության պայմաններում: Սակայն օրերս մի տաքսիստ ուրախացրեց.

- Պատկերացնո՜ւմ ես՝ ինչ կայֆ կլինի, որ մեծ ախպորը միանանք: Տեղնուտեղը երկաթգիծ կսարքեն, ու ընտիր ռուս քածերը վագոններով կլցվեն մեր մոտ:

Ասողն, ի դեպ, վաթսունն անց մարդ էր, երկու անգամ ամուսնացած, արդեն թոռների տեր: Էսպես, ուրեմն, անգիտակից «ժողովուրդը» ռուս քածեր է ուզում, եգիպտական սոխուսխտորի կարոտն է քաշում, մինչ «գիտակից» հասարակությունը բոռում է՝ դեպի Եվրո՜պա:

Անձամբ ես Եվրոպայում ոչ մի անգամ չեմ եղել: Իմ դիտանկյունից՝ այն նույնքան տաղտկալի է, որքան շենգեն-վիզա ստանալու ընթացակարգը: Ո՜ւր մնաց փիլիսոփայական շոգենավը...

փիլիսոփայություն, ՍԱՆՉՈՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ, քաղաքականություն

Previous post Next post
Up