Oct 29, 2008 23:28
Երբեք չեմ սիրել անձրև։ Մի կողմից՝ որովհետև անձրևը գրեթե միշտ ուղեկցվում է ամպամած ու մռայլ եղանակով, որը տանել չեմ կարողանում, մյուս կողմից՝ չեմ սիրում թացության զգացողությունը...Իսկ անձրևի ռոմանտիկության մասին սենտիմենտալ ստեղծագործություններն ինձ միշտ էլ ձանձրացրել են. համենայնդեպս, իմ պատկերացրած ռոմանտիկան անձրևի հետ չի առնչվում։
Իսկ այ եղանակն անձրևից հետո դեռ մանկուց սիրել եմ։ Անձրևից հետո աշխարհի վրա իջնող թարմությունը, խոնավության հոտը, ինչպես նաև հետզհետե պայծառացող՝ արթնացող եղանակը շատ եմ սիրում։
Բոլորովին վերջերս ինքս ինձ համար հանկարծ պարզեցի, որ անձրևը սկսել եմ այլ կերպ ընկալել. հիմա հատկապես հորդառատ անձրևի մեջ կենարար ուժ եմ զգում. այն ինձ համար ասոցիացվում է լվանալու, կեղտոտությունը, փոշին ու ընդհանրապես անմաքուր ամեն ինչը մաքրել-տանելու հետ, և այդ մաքրել-տանելու զգացողությունը մի տեսակ ապրում եմ ամբողջ էությամբ։ Ու այդ առումով կիսատ-պռատ սուտի անձրևները շարունակում եմ չսիրել։
Բնություն,
Բացահայտումներ,
Դիտարկումներ,
Ես