Երբ քոլեջում ուսանող էի, բացի պարտադիր առարկաներից, պիտի նաև մի քանի ընտրովի առարկա վերցնեինք: Որպես ընտրովի առարկա` իլյուստրացիայի կուրս էի վերցրել էդ կիսամյակ: Դասախոսը միջին տարիքի իռլանդացի տղամարդ էր` զուսպ, համեստ, խիստ ինտրովերտային, բայց բարյացակամ դեմք: Առարկան հետաքրքիր էր, բայց դասախոսն ինքը շատ քիչ էր խոսում. յուրաքանչյուր նոր պրոյեկտ հանձնարարելիս ներկայացնում էր, թե ինչ պիտի անենք, համապատասխան նյութերը (ինֆորմացիան) տրամադրում (տպած համառոտ տեքստերի ու պատկերների տեսքով), բայց նոր բաներ անձամբ բացատրել` որպես այդպիսին, առանձնապես չկար. համարյա ամեն ինչ կարծես թողնված էր մեր հայեցողությանը: Էդ առումով դասընթացն ավելի շուտ գիտելիքների ցուցադրության էր նման, քան գիտելիքների ձեռքբերման: Թեև բոլոր պրոյեկտներն էլ հետաքրքիր ու ուսանելի էին` լիքը երևակայության ու հմտությունների դրսևորման հնարավորություն տվող, դասերն էլ միշտ հաճելի ու հետաքրքիր էին անցնում, բայց դասի համարյա ամբողջ ընթացքում ամեն մեկն ինքնուրույն աշխատում էր իր պրոյեկտի վրա` ընթացքում անհրաժեշտության դեպքում դասախոսին դիմելով ու հարցեր տալով: Իսկ դասախոսի մասնակցությունն էդ պրոցեսին մինիմալ էր: Հաճախ տպավորություն էի ստանում, որ նրա միտքը զբաղված է ինչ-որ խնդիրներով, մտահոգություններով, ու չի կարողանում լիարժեք կենտրոնանալ դասավանդման վրա: Երբեմն մտածում էի` գուցե էս առարկայի դեպքում նորմալ է էս մոտեցումը. ի վերջո, պրոյեկտները հետաքրքիր են ու հենց միայն դրանց վրա ինքնուրույն աշխատելու ընթացքում ահագին բան ենք սովորում, բայց մյուս կողմից էլ թվում էր` դասախոսը պիտի որ ավելի ակտիվ մասնակցություն ունենար դասին, մեզ ինչ-որ նոր բաներ բացատրեր, ներկայացներ:
Կիսամյակի վերջն էր, երբ արդեն պիտի կիսամյակի մեր արածն ամփոփեինք ու վերջնական գնահատական ստանայինք: Դասախոսը լսարանում նստած էր, մենք էլ հերթով մտնում էինք, մեր պրոյեկտները ներկայացնում, գնահատականը ստանում, դուրս գալիս: Իմ հերթը եկավ, մտա: Ինձ տեսնելով` իր համար մի քիչ անսովոր աշխուժությամբ ասաց.
- Իմ սիրելի ուսանողը:
Հետո արդեն իրեն բնորոշ զսպվածությամբ սկսեց նայել պրոյեկտներս, կարծիքներ ու գնահատականներ տալ: Վերջում, երբ արդեն ավարտել էինք գործը, ու պիտի դուրս գայի, հանկարծ ասաց.
- Գիտեմ, որ էս կիսամյակ բոլորովին լավ դասախոս չեղա ձեզ համար: Ինձ էնքան վատ եմ զգում ձեր խմբի առաջ, որ չկարողացա նորմալ դասավանդել: Հուսով եմ` գոնե ինչ-որ բան ստացաք այս դասընթացից:
Ճիշտն ասած` ինձ համար բավական անսպասելի էր դասախոսից էդպիսի խոստովանություն լսելը, ու միաժամանակ էնքան գնահատելի էր, որ մարդը գիտակցում ու անկեղծ խոստովանում էր իր թերացումը: Թեև Հայաստանում էլ եմ ունեցել լավ դասախոսներ, բայց, թող ներեն ինձ իմ սիրելի դասախոսները, մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել նրանցից որևէ մեկին իր թերացումը խոստովանելիս: Չնայած, ինչո՞ւ միայն դասախոսներին, մենք` հայերս, ընդհանուր առմամբ դժվարությամբ ենք ընդունում ու խոստովանում մեր սխալը, թերացումը. դրանից մեր «պագոններն» ընկնում են: Հատկապես եթե մարդը որոշակի դիրք ու հեղինակություն ունի, իր սխալը խոստովանելը կարծես ինքնասպանության պես բան ընկալվի, մինչդեռ ինչքան ավելի հաճելի, օգտակար ու կառուցողական կդառնար ցանկացած շփում, համագործակցություն, եթե սխալը կամ թերացումը խոստովանելը լիներ բնական ու սպասելի պահվածք, ոչ թե բարձունքից գահավիժելու դատավճիռ:
Վերադառնալով դասախոսիս պատմությանը` իհարկե, չէի կարող ստել ու հակաճառել, թե` չէ՜, ի՞նչ եք ասում, Դուք հրաշալի դասախոս եք եղել մեզ համար: Բայց չէի էլ համարում, թե վատ դասախոս է եղել: Ասեցի, որ դասընթացն ամեն դեպքում լավն էր. պրոյեկտները հետաքրքիր էին ու ուսանելի, և ես իսկապես հաճույքով եմ մասնակցել դասերին: