Շվեդիայի մասին տպավորություններս ամփոփեմ, քանի թարմ են, քանի չեն խամրել հայաստանյան տպավորությունների ֆոնին: :)))
Նախկինում ճամփորդելիս ավելի շատ թանգարանների վրա էի կենտրոնանում, փորձում էի հնարավորինս շատ թանգարաններ այցելել: Բայց ինչ-որ ժամանակ անց թանգարանների մոլուցքն անցավ, հասկացա, որ տարբեր վայրերի թանգարանները, որքան էլ որ հետաքրքիր են և/կամ հաճելի, ամեն դեպքում ահագին ընդհանրություններ ունեն ու, ըստ էության, տվյալ երկրի կամ վայրի մասին պատկերացում կազմելու լավագույն միջոցը չեն: Իհարկե, որոշ թանգարաններ էլի այցելում եմ, բայց համեմատաբար ավելի քիչ` ժամանակի ավելի մեծ մասը տրամադրելով տեղանքի ու մարդկանց անցուդարձի, կենցաղի ուսումնասիրությանը, որքանով որ դա հնարավոր է կարճ ժամանակահատվածում:
Այդ առումով մեր 6-օրյա այցելությունը Շվեդիա բավական բազմազան անցավ` թանգարաններից սկսած, մարդկանց ու կենցաղի հետաքրքիր բացահայտումներով վերջացրած:
Շվեդիայում մարդիկ շատ հանգիստ են, բարյացակամ ու սիրալիր: Ես սպասում էի, որ «սառած տոլմա» կլինեն, բայց` բոլորովին էլ ոչ. լավ էլ ջերմ են, անկեղծ ժպիտներով, ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի` հաճախ պարտադրված, արհեստական ժպիտների:
Շվեդները նկատելիորեն բարձրահասակ են, սլացիկ, երկարոտն: Անկախ տարիքից ու սեռից` համարյա բոլորը լավ մարզավիճակում են` մկանուտ, ակնհայտորեն մարզված: Հազվագյուտ գեր մարդկանց հանդիպեցինք, էն էլ կարծես արտասահմանցիներ էին:
Հատկապես առաջին երկու օրը էնպիսի տպավորություն ունեի, կարծես շվեդ կանանց ու աղջիկների մեծ մասը ABBA-ի շիկահեր երգչուհու` Ագնետայի դեմքն ունեն:
Շվեդների հագուկապն էլ էր շատ տիպիկ. նկատեցի, որ նրանց մեծամասնության հանդերձանքի մեջ գերակշռում են սևն ու սպիտակը` հատկապես սև վերնազգեստ, սպիտակ տաբատ/կիսաշրջազգեստ համադրությամբ, թեև, իհարկե, հակառակն էլ էր պատահում: Ուշագրավ էր նաև այն, որ անկախ տարիքից ու սեռից` ճնշող մեծամասնությունը սպիտակ տափակ բոթասներով էին, երբեմն` սև, երբեմն` ոչ տափակ, բայց հիմնականում` հենց սպիտակ տափակ: :)))
Ընդհանուր կյանքի տեմպը Շվեդիայում հանդարտ ու անշտապ էր, փողոցներում մեքենաները քիչ էին, մարդիկ էլ փողոցն անցնելիս ոչ միշտ էին հետևում լուսացույցին. հենց որ մեքենա չէր լինում, կարմիր լույսի տակ բոլորը հանգիստ անցնում էին փողոցը:
Արշակն ասում էր, որ շվեդները հնարավորին խուսափում են հայացքների հանդիպումից, անծանոթների հետ խոսքի բռնվելուց, թեև եթե հարցով դիմում ես, որպես կանոն, շատ սիրալիր պատասխանում են, պատրաստակամ օգնում: Չգիտեմ, գուցե ընդհանուր առմամբ էդպես է, բայց ես նման խուսափողականություն չնկատեցի. Նույնիսկ հաճելիորեն զարմացել էի հակառակը տեսնելուց:
Շվեդիայում համարյա բոլորը շատ լավ անգլերեն են խոսում: Բայց Շվեդիան ընդհանուր առմամբ տուրիստներին հարմարեցված երկիր չի. ցուցանակների, ապրանքների վրա և այլ տեղերում հիմնականում բացակայում են անգլերեն գրությունները, միայն շվեդերեն է: Ճիշտ է, անգլերենի ու գերմաներենի իմացությունը հաճախ օգնում էր քիչ թե շատ գլուխ հանել շվեդերեն գրություններից, բայց դեպքեր էին լինում, երբ բառերը լրիվ տարբեր էին, ու ընդհանրապես հնարավոր չէր լինում հասկանալ: Ամեն դեպքում իրավիճակը փրկում էին անգլերենին լավ տիրապետող շվեդները, որոնց կարելի էր ցանկացած հարցով դիմել ու հասկանալի անգլերենով ստանալ քեզ հուզող հարցի պատասխանը:
Ստոկհոլմում շենքերն ու տները հիմնականում սիրունիկ, մինիմալիստական դիզայն ունեն, հավես գունավոր են, բայց գերակշռող գույնը կարծես աղյուսագույնն է:
Քաղաքի յուրահատկություններից մեկն այն է, որ քաղաքի կենտրոնական մասը բաղկացած է լճում գտնվող 14 կղզիներից, դրա համար էլ Ստոկհոլմով քայլելիս հաճախ ես ջրային տարածքների հանդիպում:
Քանի որ Ստոկհոլմում ամռանը ջերմաստիճանը սովորաբար 24-25 աստիճանից չի բարձրանում, շվեդների համար 20 աստիճանից բարձրն արդեն ամառային ջերմաստիճան է համարվում. հենց որ ջերմաստիճանը 20-ից անցնում է, շվեդները տկլորվում, փռվում են զբոսայգիներում, լողափերին, որոնք ամենուր են: Երբ գնացել էինք կայակ քշելու, ճանապարհին ամբողջ ափի երկայնքով լիքը ամենատարբեր տարիքների մարդիկ` աղջիկ, տղա, լողազգեստներով, անդրավարտիքներով նստած կամ պառկած էին: Ափից ընդամենը մի երկու մետրի վրա էլ բնակելի շենքեր էին: Այսինքն` մարդիկ իրենց տներից դուրս էին գալիս ու փռվում ափին: :))) Մեզ համար շատ անսովոր իրավիճակ ու տեսարան էր, բայց իրենց համար` լրիվ սովորական: Արևն էստեղ էնքան քիչ է, որ մարդիկ այն որսալու ցանկացած հնարավորությունից փորձում են լիարժեք օգտվել:
Ստոկհոլմի յուրահատկություններից մեկն էլ ժայռերն են: Քաղաքը լիքն է ժայռերով: Շատ անսովոր է խոշոր քաղաքի կենտրոնում ժայռեր տեսնելը, բայց հավես է քաղաքում բնության ևս մի մասնիկի առկայությունը: Այս առումով հատկապես առանձնանում է Ստոկհոլմի մետրոն, որը համարվում է աշխարհի ամենաերկար արվեստի ցուցահանդեսը: Բացի նրանից, որ մետրոյում համարյա բոլոր պատերը ժայռեր են, նաև դրանց վրա ցուցադրված են ամենաբազմազան արվեստի գործեր, պատմական, մշակութային արժեք ներկայացնող նմուշներ, ժամանակակից արվեստի գործեր և այլն:
Ամենատպավորիչ վայրերից մեկն ինձ համար Skansen-ն էր` Ստոկհոլմի հնագույն բացօթյա թանգարանն ու կենդանաբանական այգին: Այս թանգարանը ներկայացնում է տարբեր ժամանակների Շվեդիայի կենցաղն ու մշակույթը նախաարդյունաբերական դարաշրջանում:
Մեկ այլ ուշագրավ վայր էր Ստոկհոլմի հին թաղամասերից մեկը (Հին քաղաքը)` Գամլա Ստանը` իր նեղլիկ խճապատ փողոցներով, 17-18 դարի գունավոր շենքերով: Այնտեղ է գտնվում նաև Շվեդիայի ամենանեղ փողոցը, որով իրար կողքի միաժամանակ ընդամենը երեք հոգի կարող է անցնել: Գամլա Ստանում է գտնվում նաև Թագավորական պալատը և թագավորի պաշտոնական բնակավայրը: Թագավորական պալատն, ի դեպ, շրջակայքի ամենաանշուք շենքն էր դրսից. եթե չիմանայիր, որ պալատն է, մտքովդ չէր անցնի անգամ, որ ինչ-որ կարևոր շենք է:
Այցելեցինք նաև Ստոկհոլմից մոտ մի ժամ հեռավորության վրա գտնվող Սիգտունա կոչվող փոքրիկ ավանդական գյուղաքաղաքը, որն ահագին խուլ տեղ էր, բայց ինձ համար` բավական հավես: Քաղաքի ամենաբանուկ մասը ջրափի մոտ էր, որտեղ զբոսայգի կար, Շվեդիան խորհրդանշող որոշ դարավոր հուշարձաններ, սուպերմարկետ ու էլի որոշ անհրաժեշտ տեղեր: Իսկ մնացած մասը նեղլիկ ամայի փողոցներ էին` սիրունիկ բնակելի տներով ու կից հողամասերով: Մենք երեկոյան հասանք էնտեղ, բանուկ մասից դուրս համարյա մարդ չհանդիպեցինք: Ասել եղբորս` կարծես ինչ-որ պոստապոկալիպտիկ քաղաք լիներ:
![](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t8f/3/16/1f603.png)
Ես մտածեցի, որ երևի երեկոյան է էդպես, բայց եղբայրս ասաց, որ չէ, ցերեկային ժամերին էլ է նույն ամայությունը տիրում: :))) Արեգն ասաց, որ շատ ձանձրալի քաղաք է, ու որ էնտեղի տներից մեկի մոտ հանդիպած սև կատուն, որի հետ ահագին ժամանակ խաղում, շոյում էին, էդ քաղաքի ամենահետաքրքիր բանն էր: :))) Մինչդեռ ես վայելում էի էդ խաղաղությունն ու «անմարդաբնակությունը», հիանում հետաքրքիր տնակներով, ուսումնասիրում բակերում եղած հնաոճ ավանդական իրերը:
Նկարագրածիցս շատ բաներ կարող եք տեսնել այս լուսանկարներում` համապատասխան մեկնաբանություններով:
Ստոկհոլմյան համայնապատկեր
Ստոկհոլմի մետրոն
Մետրոյի ժայռոտ պատը.
Ժայռոտ պատերին կպցրած այս խճաքարերը նույնպես մետրոյում են.
Մետրոյում նաև էսպիսի մի հարուստ «քարանձավ» կար.
Ականսենի խրճիթներից.
Տնակ Սկանսենում, որի վրա առատ բուսականություն էր աճում:
Նավ նստելիս վիկինգների հանդերձանքով այս երկու տղամարդկանց տեսանք: Ափսոս, չհաջողվեց ավելի հարմար դիրքից լուսանկարել. :)))
Տեսարան նավ նստելուց առաջ.
Հին քաղաքի` Գամլա Ստանի նեղլիկ փողոցներից մեկը.
Գամլա Ստանի հայտնի գունավոր շենքերը.
Շվեդիայի ամենանեղ փողոցը Գամլա Ստանում.
Փոքրիկ հրապարակ Գամլա Ստանում, որը, չգիտես ինչու, զբոսաշրջիկների ուշադրությանը չէր արժանացել.
Թագավորական պալատի անշուքը շենքը. :)))
Բայց պալատի ներսն, ի տարբերություն դրսի, բոլորովին էլ անշուք չէր.
Շվեդիայի թագավորի գահը.
Կուրծք ուտող մանկան ու քնած մոր քանդակ թագավորական պալատում. :)
Թագավորական պալատի ջահերը.
Սիգտունա ավանդական գյուղաքաղաքի զբոսայգում. կիսապառկած ծառի տակից հենարան են ամրացվել, որպեսզի ծառն ամբողջությամբ չպառկի. :)))
Սիգտունայի նեղլիկ ու ամայի փողոցներում.
Սիգտունայի տներից մեկի դարպասը.
Սիգտունայի տներից մեկի դապասից ներս.
Սիգտունայի սիրունիկ ծառերից մեկը.
Սիգտունայի չոլերից. :)))
Տուն Սիգտունայում: Կատվին էստեղ էինք հանդիպել` վերևում: Ենթադրում էինք, որ այս տան տերերինն է:
Ինչ-որ կիսաքանդ շինություն Սիգտունայում, որի մեջ ես ու եղբայրս մագլցեցինք ու նկարվեցինք. :)))