Խառը մտքեր

Aug 05, 2014 00:20


* * *Երբեմն մի քիչ տխուր է գիտակցելը, որ այն, ինչ քեզ ամենալավն է հաջողվում անել, այն միակ բանը, որ քո կոչումն ու տարերքն ես համարում, որի մեջ գտնվելիս, ինչքան էլ ծանր լինի, քեզ լիարժեք ու ճիշտ ես զգում, ուղղակի չի կարող մասնագիտություն կամ աշխատանք լինել։ Հոբբի բառն էլ մի քիչ նսեմացնող է։ Մինչդեռ մնացած ամեն ինչը դրա համեմատ անլուրջ ու խղճուկ հոբբի է թվում...Մյուս կողմից գուցե ամբողջ իմաստն ու հմայքն էլ հենց դրա մեջ է։ Ի վերջո, դա այն աներևույթ թագավորության բաղադրիչներից է, որ միայն քոնն է ու իր բնույթից ելնելով՝ պարզապես չի կարող երևութական լինել։ Ու էդպես երևի ճիշտ է։

* * *
Կյանքում երևի ամենաշատը սարսափում եմ անվերադարձ հրաժեշտներից ու բաժանումներից/հարաբերությունների խզումներից։ Ինձ հետ նման բան դեռ չի պատահել։ Կամ... համարյա չի պատահել։ Բայց միշտ սարսափել եմ դրա մտքից։ Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, որ ես ընդհանրապես կամուրջներ չեմ այրում, ինչ էլ որ լինի. ուղղակի ի վիճակի չեմ։ Գուցե թույլ եմ դրա համար, չգիտեմ։ Բայց «անդարձի» հենց միայն գիտակցումը, որ հաճախ ենթադրում է լիքը չասված ու չպարզաբանված բաներ, ինձ կարող է խելագարության հասցնել։ Էն միտքը, որ ինձ համար կարևոր որևէ մեկը հանկարծ կարող է ինձ բլոք անել, սև ցուցակ գցել կամ ուղղակի չպատասխանել նամակներիս ու հաղորդագրություններիս, ամենամեծ սարսափներից մեկն է ինձ համար։

Մարդկային հարաբերություններ, Մտորումներ, Ես, Վախեր

Previous post Next post
Up