ՊԵՏՔ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՐԿՐՈՐԴ ԲԵՎԵՌԸ

May 06, 2011 15:00

Քանի որ, ըստ Ալեքսանդր Քանանյանի, իշխանությունն ու ՀԱԿ-ը գաղափարապես նույն բեւեռներն են:

«Ես կոչ եմ անում մեր զինվորական ղեկավարությանը, այդ թվում եւ նրանց մարդկային, հայեցի բարոյականությանը՝ հույս ունեմ, որ բազմաթիվ զինվորականների մեջ այն դեռեւս վառ է, որ պետք են անխնա, հետեւողական, պատժիչ գործողություններ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում առավել հաճախակի դարձած սահմանային միջադեպերին՝ ասաց քարվաճառաբնակ, «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանը: Նա կիսում է Արմեն Աղայանի կարծիքը եւ այն միանգամայն իրատեսական է համարում, որ համաչափությունը պահպանելու համար մեկ զոհված հայի դիմաց պիտի սպանվի երեք ադրբեջանցի զինվոր եւ եւս երեքը, որպեսզի Ադրբեջանը դա ընկալի որպես պատիժ:

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակից՝ երկխոսության կիսաբաց դռներից, որեւէ տպավորություն չի ստացել: Նա պարզապես մեջբերեց ավետարանական ասույթը, ըստ որի՝ «որոշ մարդիկ աչքեր ունեն, բայց չեն տեսնում»: Իրականում անցած նախագահական ընտրություններից առաջ սկսված եւ մինչ օրս շարունակվող թոհուբոհը քաղաքագետն անիմաստ է համարում, միայն այն պատճառով, որ հենց սկզբից էլ մենք գործ ունեինք միեւնույն գաղափարական եւ հայեցակարգային բեւեռի հետ, որը «անհատապես պառակտված» է: Այլ հարց է, որ մեր զրուցակիցը մշտապես ողջունել եւ ողջունում է ժողովրդի ազատական շարժումը, քաղաքացիական հասարակության առողջ հիմունքների վրա ձեւավորվելու միտումները. «Բայց, ցավոք, անձնապաշտությունը դեռեւս շատ մեծ դեր ունի հայոց քաղաքական դաշտում: Միանշանակ ներկա «առաջնորդները», ներկա իշխանությունները վաղ թե ուշ կանցնեն պատմության գիրկը եւ հիմնականում՝ անփառունակ պատմության. իմ իրական ցավը հարուցում են այն դեռեւս բազմաթիվ երիտասարդ գործիչները, որոնք իրենց ուժի վրա վստահություն դնելու եւ իրոք Հայաստանի պատմության, մեր քաղաքական դաշտի համար նոր էջ ձեւավորելու փոխարեն՝ հուսահատաբար թերագնահատելով իրենց իսկ կարողությունները, շարունակում են հետեւել ու ծառայել կեղծ հեղինակություններին կամ պարզապես ինքնամեկուսանալ, չեզոքանալ: Սերժ Սարգսյանի-Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առկա «երկխոսության», այսինքն՝ բացահայտ գործարքի առկայությունն ակնհայտ է, բայց դա դարձյալ բոլորովին էլ կարեւոր չէ: Որեւէ բան ոչինչ չի փոխում»: Մի շարք պատճառներով մեր զրուցակիցը չցանկացավ տալ իր կողմից մատնանշված «երիտասարդ գործիչների» անունները՝ նկատելով, որ նրանցից շատերը անցած տարիներին արդեն գիտակցելով «անհեռանկար լինելու հանգամանքը՝ ՀԱԿ-ական ճամբարից արդեն հեռանում են»:

Քաղաքագետը անհավանական է համարում շրջանառվող սցենարը, ըստ որի՝ սեպտեմբերին արտահերթ ընտրություններ են լինելու. «Անգամ եթե իրականանան որոշ երազանքներ, ինձ համար բավական անհիմն եւ, այնուամենայնիվ, ինչ-ինչ հրաշքով կամ ինչ-ինչ արտաքին գործոնների դրդմամբ արտահերթ նախագահական ընտրություններ ունենանք, միեւնույն է՝ դրանց ժամանակ առաջադրվելու են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը կամ որեւէ այլ անձ իշխանական ճամբարից, եւ մենք միեւնույն արատավոր շրջանակի մեջ ենք շարունակելու դեգերել: Նոր՝ պետականամետ ուժի հրամայականը մնալու է: Այսօր խնդիր չունենք ձեւավորելու երրորդ բեւեռ: Դրա վրա ծաղրական ոճով շատ են շեշտ դնում լեւոնական մեկնաբանները: Այսօր խնդիր ունենք երկրորդ բեւեռ ձեւավորելու»: «Առավոտի» հարցին՝ կիսո՞ւմ է մեր զրուցակիցը դաշնակցականների շրջանում առկա մտավախությունը, որ Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հնարավոր տանդեմը կարող է վտանգավոր լինել ազգային հարցերում, ասաց. «Սերժ Սարգսյանը եւ նրա քաղաքական ուսուցիչ Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմիցս եւ տարբեր առիթներով արտահայտել են միեւնույն մոտեցումը արցախյան խնդրի կարգավորման շուրջ: Մենք էլ միշտ ասել ենք, որ նման մոտեցումները մահաբեր եւ կործանարար են Հայաստանի համար: Այս առումով՝ գաղափարական համագործակցության տեսանկյունից, ձեր ասած տանդեմը միշտ էլ առկա էր: Թե այս ամենից հետո խորհրդարանում նրանք տանդեմ կձեւավորեն՝ միանգամայն երկրորդական է»:
Հետաքրքրվեցինք նաեւ՝ կյանքն ի՞նչ ցույց տվեց, անկե՞ղծ էր Դաշնակցությունը, երբ վկայակոչելով ազգային հարցերում անհամաձայնությունները՝ լքեց կոալիցիան: Ալեքսանդր Քանանյանը նկատեց. «Ես անկեղծորեն ցավակցում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր դեռեւս Դաշնակցությունը դիտարկում են թե որպես ողջ քաղաքական ուժ եւ առավել եւս՝ որպես մի ուժ կամ մի կառույց, որը գոնե մասամբ ձգտում է պայքարել հայոց պետականության եւ վերջինիս շահերի համար: Դաշնակցությունը ժամանակավրեպ, իրեն ներքուստ եւ իսպառ սպառած մի կառույց է: Ես հարգում եմ այդ կառույցում դեռեւս թյուրիմացաբար մնացած բազմաթիվ անկեղծ հայրենասերների, բայց Դաշնակցության միակ ճակատագիրը պիտի լինի ինքնակազմալուծումը կամ պատմության էջերից անփառունակ հեռացումը: Դաշնակցությունն այնքան անկարեւոր, հեղինակազրկված՝ թե պատմությամբ, թե ներկայով, մի ուժ է, որ քննարկել վերջինիս մասնակցությամբ ինչ-ինչ գործընթացների արդյունավետությունը համարում եմ անիմաստ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աղբիւրը` www.aravot.am/am/articles/politics/92793/view

Политика, Армения

Previous post Next post
Up