Համացանցը` որպես հայաստանյան տեղեկատվական դաշտի վերափոխության խառնարան

May 05, 2011 10:02

Վերջին տարիներին աշխարհով մեկ ծավալված բուռն քաղաքական զարգացումները եւ Հայաստանի ներքին կյանքում չդադարող ալեկոծություններն արձանագրել են տեղեկատվական դաշտի համակարգային վերափոխման ակներեւ իրողությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների, անվտանգության, կրոնական ու քաղաքական քարոզչության մասնագետների ու ռազմավարական կենտրոնների առջեւ բացվել են տեսական հետազոտությունների եւ կիրառական գործադրման նոր հսկայածավալ հորիզոններ: Այլընտրանքային` ճկուն եւ համարյա անվերահսկելի լրատվամիջոցի դեր ստանձնած սոցիալական ցանցերն ու բլոգները սկսում են լուրջ ազդեցություն գործել զարգացող երկրների քաղաքական իրավիճակի վրա` խթանելով, համակարգելով եւ գործնականացնելով հասարակությունների ընդդիմադիր պոռթկման ներուժը:

Այսուհանդերձ, յուրաքանչյուր առանձին վերցված երկրի կամ տարածաշրջանի տեղեկատվական դաշտը, բազմաթիվ ընդհանուր գծեր ունենալով հանդերձ, օժտված է մի շարք էական առանձնահատկություններով: Այս առումով Հայաստանի (ՀՀ, ԼՂՀ) տեղեկատվական դաշտը թեպետեւ հասկանալի կերպով ենթակա է ոլորտի զարգացման ընդհանուր օրինաչափություններին, հանդես է բերում նկատելի ուրույնություն, որն այն բավականին տարբեր է դարձնում հարակից տարածաշրջանի երկրների տեղեկատվական ոլորտի համապատկերից: Ուստի, ստորեւ մենք կսահմանափակվենք զուտ հայկական տեղեկատվական դաշտի ներկա դրությանը բնորոշ ինչ-ինչ արտահայտիչ բաղադրիչների եւ «ուրույնությունների» քննությամբ: Տեղեկատվական ժամանակակից դաշտի ուսումնասիրությամբ զբաղված մարդիկ արդարացիորեն նշում են վերջինիս ապակենտրոնացման, այլընտրանքացման եւ գործընթացները մեկնաբանելու սուբյեկտիվացման օրինաչափ իրողությունները: Անհնարին համարելով ամբողջապես դուրս գալ նշված երեւույթների եւ անձնական համոզմունքների շրջածիրից` չեմ բացառում, որ արտահայտված մոտեցումներն ու գնահատականները կրեն իրողությունների սուբյեկտիվ ընկալման կնիք: Թերեւս` հենց անձնական սուբյեկտիվությունն էլ լինելու է այս հոդվածի գլխավոր արժեքը:

Հայաստանյան տեղեկատվական դաշտի վերափոխության ընթացքն առավել նպատակահարմար է քննել ժամանակագրական կտրվածքով` ուշադրություն սեւեռելով վերջինիս որակափոխիչ եւ առաջատար դրսեւորումների վրա:

2001-2006 թթ. Հայաստանի տեղեկատվական դաշտը որոշակիորեն կայուն էր` ժառանգելով ոչ այնքան անկախության առաջին տարիների աշխույժ, հարձակողական եւ գաղափարականացված վերամբարձ ոճը, այլ խորհրդային տարիներին «բրեժնեւյան» շրջանին հատուկ ոճի «թեթեւացված», ինչպես այժմ կասեին` «լայթս» տարբերակը: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն այդ տարիներին քաղաքական դաշտում այլեւս վտանգավոր հակառակորդ չուներ եւ վիճարկվում էր կա°մ կատարելապես անբովանդակ եւ անհեռանկար մեկ-երկու գործչի, կա°մ էլ «հաճախորդացման» ուղի բռնած ինչ-ինչ անձանց կողմից: Հետեւելով «պուտինյան» Ռուսաստանի օրինակին` ՀՀ երկրորդ նախագահը փակել է տվել միակ ընդդիմադիր «Ա1+» հեռուստաընկերությունը, որն անկախ քաղաքական բազում դիրքորոշումների վիճարկելիությունից, վայելում էր նշանակալից ժողովրդականություն եւ դրսեւորում նախանձելի օպերատիվություն: «Ա1+»-ի հետ տեղի ունեցածն ակնհայտորեն ցույց էր տալիս, որ ՀՀ բարձրագույն իշխանության պատկերացումները տեղեկատվական դաշտը «կազմակերպելու» եւ «վերահսկելու» առումով բավականին պարզունակ էին եւ մեծամասամբ հենվում էին «ավագ եղբայր» համարվող Ռուսաստանի օրինակին:

Այսպիսով, հետխորհրդային երկրներում տեղեկատվական դաշտը քաղաքական համակարգի «կայացումից» հետո ամենուր ներկայանում էր որպես գորշ եւ «խորհրդային անցյալից» ժառանգված տխուր ավանդույթների գերիշխանության տիրույթ: «Համեմատաբար» ազատ Ուկրաինայի, Հայաստանի եւ Վրաստանի կողքին կար զգալիորեն անազատ Ռուսաստանը, իսկ Բելառուսում եւ Միջին Ասիայի երկրներում առաջնորդների «աստվածացումը» երբեմն հասնում էր կատարյալ ու ծիծաղաշարժ անհեթեթության: Հայաստանի հանրապետության չափերը, տնտեսական ներուժը, գերտերությունների հսկողության ներքո ընթացող արցախյան բանակցությունները եւ, հատկապես, հայաստանցիների քաղաքակրթական ուրույնությունը` միջինասիական եւ անգամ սլավոնական զանգվածների «հլու-հնազանդ» ապրելու որակների համեմատ, ակնհայտորեն ասիական գավառամիտ կառավարման հակումներ ունեցած Ռոբերտ Քոչարյանին երբեք հնարավորություն չեն ընծայել Հայաստանը` «հանրապետություն» անվամբ միջինասիական խանության վերածելու համար: Նա պետք է բավարարվեր «կառավարելիության» գործնական մակարդակի ապահովմամբ` հանդուրժելով մի քանի ընդդիմադիր տպագիր թերթի գոյությունը: Համընդհանուր քաղաքացիական, ազգային եւ մշակութային հետադիմության պայմաններում իրական այլընտրանք եւ պայքարի հստակ ուղի չմատնանշող տպագիր խոսքը վտանգավոր չէր համարվում: Չէ՞ որ գիշեր-ցերեկ բոլոր հայաստանյան հեռուստաալիքներով հեռարձակվող ցածրագույն որակի գերազանցապես ժամանցային հաղորդումներն ու կինոշարերը միտված էին հենց «ժանտախտի ժամանակ ճաշկերույթի» մթնոլորտի բազմամյա հարատեւմանը:

Արցախում, հաշվի առնելով վերջինիս բնակչության ՀՀ համեմատ խիստ սակավաթիվ լինելը եւ ներհասարակական «ճգնաժամային զանգվածի» թվացյալ բացակայությունը, ստեղծվել է առհասարակ անհեթեթ իրավիճակ, երբ ահռելի պետական ֆինանսավորում ստացող միակ «հանրային» հեռուստատեսությունը ցայսօր անընդունակ է գտնվել անգամ շուրջօրյա գործունեություն ապահովելու` բավարարվելով «Հ1» հաճախականությամբ սոսկ երեկոյան եռաժամ սփռմամբ: Նկատենք, որ անգամ ՀՀ մարզկենտրոնները եւ այլ քաղաքներն ունեն շատ ավելի մասնագիտացված, օպերատիվ եւ երկարաժամ եթեր... Վերջին ամիսներին էլ հանրությունը տեղեկացավ Արցախում մի շարք շահագրգիռ հայաստանյան ընկերությունների կողմից նոր հեռուստատաալիքներ բացելուն ԼՂՀ իշխանությունների հարուցած ակներեւաբար միտումնավոր խոչընդոտների մասին:

Սակայն տեղեկատվական դաշտում օրինաչափ զարգացումների դեմ հարուցվող արհեստական խոչընդոտները բոլորովին էլ անհաղթահարելի չեն: Երբ ուժերի անհամաչափությունը ժամանակավորապես փակում է առաջընթացի բնականոն ճանապարհը, ի հայտ են գալիս այլեւայլ պատնեշները հմտաբար շրջանցող ապագծային բազմաթիվ եղանակներ: Հետխորհրդային քաղաքական լճացած վերնախավերի իմացական (intellectual) սնանկությունը եւ հարցերը քրեաուժային եղանակով «կարգավորելու» պարզունակ սովորությունն անընդունակ են արդյունավետորեն արձագանքել հասարակության զանգվածային բողոքին եւ պետական մեքենայի համակարգային բարեփոխման օրինաչափորեն ծագող պահանջներին: Վարչական ահաբեկման հիման վրա գործող կառավարչական բռի պատժիչ մեքենան, ըստ էության, անզոր է կենդանի խոսքի եւ բնականորեն ձեւավորված ցանցային իրողությունների առջեւ եւ, ի վերջո, նահանջում է` «հաչս ամենեցուն» քողազերծելով լճացած վերնախավի սպառված եւ գործնականում հաղթահարելի լինելու հանգամանքը:

Տեղեկատվական դաշտում այլընտրանքային հիմնական հարթակի դերը ստանձնել է համացանցային տիրույթը: Վերջինիս տասնյակ ենթահարթակներում նախորդ հնգամյակում ընթացել են կազմավորման, կայացման եւ հանրային ազդեցության նոր կենտրոնների ձեւավորման ուշագրավ գործընթացներ: Այդ գործընթացների եւ դրանցում աչքի ընկած բոլոր գործող միավորների դերի քննությունը, բնականաբար, չի կարող պարփակվել ներկա հոդվածում: Ուստի, սուբյեկտիվ նախապատվությամբ կատարված անվանական հիշատակությունները բոլորովին միտված չեն այլոց դերակատարության արժեքը թերագնահատելուն կամ անտեսելուն:

Համացանցային տեղեկատվական ոլորտը ենթակա է բազմապիսի ենթաբաժանման` ըստ այլեւայլ ելակետային չափորոշիչների: Մենք կիրառական նկատառումներով այն պայմանականորեն բաժանելու ենք հաստատագրված համացանցային լրատվամիջոցների (էլեկտրոնային թերթեր եւ վերլուծական հանդեսներ), անհատական էջերի (բլոգներ, մինի-կայքեր), ֆորում-ատյանների եւ սոցիալական բազմաթիվ ցանցերի: Այս ենթաբաժանումը պայմանական է այն պարզ պատճառով, որ գործնական հարթությունում դրանք որոշակի չափով փոխներգործելի են եւ ձեւավորում են փոխարձագանքող (interactive) լայն «շփման գոտիներ»:

ՀՀ-ում եւ Արցախում տպագիր մամուլի «կառավարելի անդորրն» ալեկոծելու եկած համացանցային անկախ լրատվամիջոցները հաշված ամիսների ընթացքում վերածվել են հասարակության «խոհերն» արթնացնող ազդու միջոցի: Այլ բան է, որ հատկապես Արցախում դա զգալի չափով լռելյայն էր տեղի ունենում: Այսինքն` այն, ինչ շարքային պաշտոնյան կամ քաղաքացին խուսափում էր ասել անգամ մտերմիկ շրջանակում, համացանցային թերթի էջերից անողոք ճշմարտացիությամբ հայտարարվում էր ի լուր ամենքի: Այս հարցում, իհարկե, պատկառելի ավանդ ունեն «Լրագիր» եւ «Ղարաբաղ-օուփեն» համացանցային վերլուծական լրատվականները: Զվարճալի էր տեսնել, օրինակ, թե ինչպես 2007 թ. Արցախի նախագահական վերջին ընտրությունների ժամանակ համընդհանուր ահաբեկման պայմաններում պետական հիմնարկների դեպի համացանց ելքով համակարգիչ ունեցած աշխատակիցները վայրկյան առաջ աննկատ փորձում էին ծանոթանալ էլեկտրոնային թերթերի հրապարակումներին: Ի դեպ, 2007 թ. Արցախում եւ, հատկապես, 2008 թ. ՀՀ-ում նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած լրատվական դաշտը «սանձելու» վարչակարգի նկրտումներին ի պատասխան, համեմատաբար քիչ վերահսկելի համացանցային տեղեկատվական դաշտից օգտվելու հանրային պահանջը մեծապես նպաստել է Հայաստանի համակարգչայնացման ծավալների կտրուկ ընդլայնմանը եւ համացանցային հիմնարար գիտելիքների զանգվածայնացմանը:

Համացանցային լրատվական կայքերի թիվն ու մասնագիտական հմտությունն անընդհատ աճում են եւ 2005-2008 թթ. համեմատ այսօր արդեն իսկ ներկայանում են իրենց գաղափարական, բովանդակային եւ մասնագիտացված նշանակալից բազմազանությամբ: Հաշվի առնելով թվանշային դիվաններում բոլոր նյութերի անժամկետ պահպանման եւ որոնման համակարգերով դրանց դյուրամատչելիության հանգամանքը` համացանցային թերթերի բազմակողմանի գերակայությունը տպագիր մամուլի նկատմամբ արդեն իսկ կայացած իրողություն է:

Համացանցային կայացած լրատվամիջոցներից հետո, ըստ տարածման եւ վայելած ժողովրդականության հանգամանքի, երկրորդ տեղում հիշատակելի են ֆորում-ատյանները: Կայանալով ավելի վաղ` 2003-2007 թվականները կարելի է (դարձյալ պայմանականորեն) դիտարկել որպես ֆորումային մշակույթի առավել աշխույժ ժամանակահատված: Ֆորում-ատյաններն ապահովում էին ազատ քննարկման ընդգրկուն դաշտ: Յուրաքանչյուր ոք, ըստ սեփական ժամանակը «վատնելու» պատրաստակամության չափի, կարող էր մասնակցել քննարկումներին, տեղադրել լուսանկարներ, սեփական շարադրման հոդվածներ կամ կարճ մտքեր, հղումներ տեղադրել խնդրո առարկա նյութերին եւ դրանք տեղադրած կայքերին: Սահմանափակումների մակարդակը փոփոխական էր եւ կապված էր համարյա բացառապես մոդերատորների լայնախոհությունից եւ ունեցած քաղաքական կամ արժեհամակարգային նախապատվություններից: Տողերիս հեղինակը նույնպես իր համացանցային «կյանքն» սկսել է հենց ֆորում-ատյանների հարթակից: Սակայն այդ հարթակին բնորոշ ելակետային «թերությունները» բավականին շուտ իրենց զգացնել են տվել: Նախ` քո կարծիքին ու դիրքորոշումներին հակոտնյա անձը կարող էր քո բացած թեմայի գրառումներն ու կառուցողական մտափոխանակումն ընդմիջել հայհոյանքներ պարունակող կամ էթիկապես անընդունելի գնահատականների տարափով: Արդյունքում խախտվում էր գրառումների հաջորդականությունը եւ իմաստային թելը. հաճախ արժեզրկվում էր բուն քննության առարկան: Բացի դրանից, նյութի քննարկման ապակառուցողական շեղումները, քո նախաձեռնած քննարկման ընթացքը վերահսկելու միջոցների բացակայությունը եւ ֆորումի մոդերատորների կամայականությունները, որոնք առավել ակնառու էին դառնում ներքաղաքական լուրջ դիմակայության ժամանակ, մեծապես սահմանափակում էին ֆորում-ատյանների միջոցով սեփական տեսակետը ընթերցողներին կայուն եւ անաղարտ ներկայացնելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ֆորումային կյանքին աշխուժորեն մասնակցած բազում անձինք, ի վերջո, կա°մ կտրուկ, կա°մ էլ «էվոլյուտիվ» ընթացքով տեղափոխվել են այլ` բլոգային ենթատիրույթ:

Հայաստանյան եւ ԱՊՀ հայկական շրջանակներում ամենատարածված բլոգային տիրույթը Կենդանի Մատյանն է` առավել հայտնի իր միջազգային «LiveJournal» եւ ռուսալեզու «ԻԻ» անուններով: Բլոգային տիրույթը մեծապես ընդլայնվել է 2008 թվականից ի վեր, երբ մարտի 1-ի դեպքերին հաջորդած տեղեկատվական քաղցը հասարակության լայն զանգվածի համար բացահայտել է բլոգային գրառումներով տեղեկատվության սփռման հնարավորությունը:

Ի տարբերություն ֆորումային հարթակի` բլոգ-մատյանը նվազագույն անհրաժեշտ հնարավորություններով օժտված մինի-կայքն է, որն օգտատիրոջն ընծայում է ինքնուրույն կառավարման համարյա անսահմանափակ հնարավորություններ: Բլոգ-մատյանի օգտատերն իր հայեցողությամբ կարող է սահմանափակել անցանկալի, ապակառուցողաբար նախատրամադրված եւ պարզապես խուլիգան այցելուների գործունեության ազատությունը: Սակայն բլոգային հարթակն ունի եւ սպասելի «թերություններ», հատկապես` ազատ, անկաշկանդ, գերդինամիկ եւ հիմնականում բովանդակային լրջությամբ «չծանրաբեռնված» ժամանցային շփումը նախընտրողների համար: Վերջին երկու տարիների ընթացքում այդ զանգվածը համարյա ամբողջությամբ տեղափոխվել կամ սկսզբից եւեթ հաստատվել է սոցիալական ցանցերի տիրույթում: Ի վերջո, «թեթեւսոլիկ» զանգվածից բեռնաթափված բլոգային տիրույթը, զգալիորեն ներփակվելով հանդերձ, վերածվել է տեղեկատվական, վերլուծական եւ անհատապես «ինստիտուցիոնալիզացված» հասարակական միջավայրի, որտեղ տեղի է ունենում խիստ լայն սպեկտր ընդգրկող խնդիրների եւ հարցերի հանրային քննարկումը: Պատահական չէ, որ համարյա բոլոր կայացած համացանցային լրատվական-վերլուծական կայքերն օժտված են սեփական բլոգային հավելվածով եւ պարբերաբար հղում են կատարում կամ տեղադրում են հայտնի անհատական բլոգ-մատյանների ուշագրավ գրառումները:

Բլոգային տիրույթի մասին խոսելիս` հավելենք, որ վերջին շրջանում նկատվում է նաեւ հայաստանյան բլոգերների կողմից բլոգային այլ տիրույթներ` «Blogspot», «WordPress» եւ այլն ներթափանցելու ողջունելի միտումը: Հարկ է նշել նաեւ, որ առավել կայացած բլոգեր-մատենավարներից ոմանք տարբեր պատճառներով որոշել են իրենց գործող կամ նախկին բլոգ-մատյանի կողքին ստեղծել առավել անկախ դոմենով մինի-կայքեր:

Խոսելով հայկական ֆորումային եւ բլոգային տիրույթների մասին, ցավոք, պետք է արձանագրեմ դրանցում այլալեզվության անհամաչափ տարածվածությունը: Այլալեզվության` հիմնականում ռուսալեզվության պատճառներն ընկալելի են, քանզի առնչվում են կա°մ օգտատերերի` մայրենիով սեփական մտքեր շարադրելը դժվարանալու, կա°մ ավելի լայն ընթեցազանգված ունենալու ցանկության հետ: Թեեւ վերջին շրջանում Կենդանի Մատյանի հայկական տիրույթը զգալիորեն «հայացել» եւ, որը ոչ պակաս չափով գովելի է` հայատառ է դարձել:

Անցնելով սոցիալական ցանցերի տեղեկատվական նշանակության քննությանը` անմիջապես նշենք, որ հայկական իրականության մեջ ոչ բոլոր սոցիալական ցանցերն օժտված են տեղեկատվասփյուռ գործառույթով: «Одноклассники», «В контакте», «Друзья» եւ նվազ չափով տարածված նմանօրինակ ցանցերն ակնբախորեն չեն մասնակցում տեղեկատվական դաշտի ցանցային բազմաղբյուրության ապահովմանը, այլ ծառայում են սոսկ միջանձնային կենցաղային շփումների դյուրացմանը: Մյուս կողմից` համաշխարհային լայն տարածում եւ տասնյակ երկրներում հասարակական-քաղաքական իրավիճակի վրա ներազդելու զգալի ներուժ դրսեւորած «Twitter» սոցիալական ցանցը հայկական վերիրային տարածությունում դեռեւս բավարար չափով ներկայացված չէ:

Այսօր հայոց համացանցի վերիրային տարածության առաջատարն, անկասկած, «Facebook-Դիմամատյանն» է: Հայոց եւ, մասնավորապես, հայաստանյան շրջանակներում Դիմամատյանի ստանձնած դերակատարության եւ հանրային արդյունավետության մասին շատ է գրվել, ուստի մենք կբավարարվենք միայն ընդհանուր օրինաչափությունների արձանագրմամբ: Ֆորումային դաշտի ակներեւ լուսանցքայնացած եւ բլոգային տիրույթի «ներամփոփ մասնագիտացվածության» պայմաններում Դիմամատյանը վերածվել է շփման, տեղեկատվական փոխանակման, քաղաքական, հասարակական եւ մշակութային խնդիրների քննարկման առավել աշխույժ եւ դինամիկ հարթակի: Դիմամատյան-Ֆեյսբուքի առաջատար դիրքի, մտափոխանակման համար ընձեռվող լայն եւ անմիջական հնարավորությունների առկայությունը բնականոն է դարձրել բոլոր հայտնի բլոգեր-մատենավարների եւ համացանցային այլ տիրույթներից հեռացած անձանց «հայտնությունը»: Ի դեպ` Դիմամատյանում ներկայացված հայաստանյան օգտատերերի շրջանակը համարյա բացառապես հայալեզու է: Մոտակա ժամանակահատվածում Դիմամատյանն, ըստ իս, պահպանելու եւ հզորացնելու է իր դիրքերը` վերածվելով հայոց տեղեկատվական եւ, առհասարակ, հասարակական-քաղաքական գաղափարների, մոտեցումների, հայեցակարգերի մշակման, բախման եւ ներդաշնակման բյուրեղացուցիչ խառնարանի:

Ալեքսանդր Քանանյան
Քարվաճառ, Արցախ

analyticon.org/news/2011-05-03-515

Армянская сеть

Previous post Next post
Up