Հոկտեմբերի 31-ին իմ կատարած «առանց վերնագրի»
vaykuneci.livejournal.com/146677.html գրառումը, որի մեջ արտահայտված էր խորին զայրույթն ինձ հետ պատահած մի ճղճիմ դեպքի կապակցությամբ, ցավոք, իր տխուր շարունակություն է ստացել: Եթե դեպքը կրկին ինձ առնչվեր, ես հազիվ թե դրան անդրադառնայի մատյանիս էջերում, բայց այս անգամ «հանգամանքների զոհ» են դարձել այլ` շատ ավելի կարևոր և հարգված անձինք: Խնդիրն, ըստ էության, ստանում է հանրային չարիքի բնույթ, ուստի թույլ է տալիս որոշ, այդ թվում և անվանական կարգի փակագծերը բացել:
Քարվաճառի տարածքի նորահայտ «չարիք-պատուհասը» ոմն Աստվածատրյան եղբայրներն են` Նորայր և Գոռ անունով: Ընտանեկան և անձնական բնույթի տխուր հանգամանքների բերմամբ այս անձինք Քարվաճառում են հայտնվել 1999 թ. կեսերին: Գտնվելով սոցիալական խիստ անապահով վիճակում` եղբայրները և նրանց մայրը պարբերաբար աջակցություն են ստացել նախկին քաղաքակապետ Ժորա Գրիգորյանի, ապա նաև շրջվարչակազմի ղեկավար Վասիլի Նալբանդյանի կողմից` սնունդի հայթայթման, ինչպես նաև ուսման և շրջանում աշխատանքի տեղավորման հարցերում: Սակայն անցան տարիներ... Նորայրը ստորաքարշ և պատեհապաշտ «կարիերիզմի» ճանապարհով դարձել է շրջանի սոցիալ-ապահովության տարածքային կենտրոնի տնօրեն և «Հայրենյաց պաշտպան» կազմակերպության շրջանային մասնաճյուղի ղեկավար: Պետության կողմից բնակչությանը տրամադրվող տարաբնույթ օգնության բաշխման հարցերում սոսկալի չափերի հասնող անարդարությունները, հանցավոր խախտումներն ու կամայականությունները հետզհետե ավելի հաճախ ուղեկցվում էին ոչ միայն վերաբնակիչների նկատմամբ լկտի և պատվազրկող կեցվածքով, այլև բիրտ ֆիզիկական ուժի գործադրմամբ: Օգնությանը դիմող մարդկանց լկտիաբար խաբելը, հայհոյելն ու ծեծելը Աստվածատրյան Նորայրի համար գնալով սովորական գործելաոճ էր դառնում: Սեփական անպատժելիությունից կուրացած եղբայրներն իսպառ կորցրել են որևէ չափի կամ զսպվածության զգացում: Երեկ Քարվաճառի շրջանային հիվանդանոցում հիշյալ անձինք մի քանի «ընկեր-հարազատ» թափթփուկների հետ միասին բուժանձնակազմի ներկայությամբ ամենաստորին կարգի փողոցային հայհոյանքներով հարձակում են գործել Քարվաճառում վերջերս գլխավոր բժշկի պաշտոնին նշանակված Հայկ Հայկի Պետրոսյանի և դաշտային պայմաններում տասնյակ երեխաների կյանք փրկած մանկաբույժ Ստեփան Սարգսյանի վրա: Սոցիալական ապահովության տարածքային կենտրոնի «տնօրեն»` երեսունամյակը չբոլորած Նորայր Աստվածատրյանը փորձել է դույլով հարվածել Հայկ Պետրոսյանի գլխին: Բարեբախտաբար, հիվանդանոցի աշխատակից Գոհար Վիրաբյանը հարվածն իր վրա է վերցրել: Շուրջ կես ժամ խայտառակ հայհոյանքներն ու սպառնալիքները հիվանդանոցի բակում «տեղալուց» հետո խուլիգանները հեռացել են: Կարիք չկա ասելու, որ Հայկ Պետրոսյանն ու Ստեփան Սարգսյանը պատկառելի բժշկական վաստակ ունեցող անձինք են: Ժողովրդական լեզվով ասած. «դա արդեն վերջն էր»: Հուսամ, որ շրջանի ղեկավարությունը և ոստիկանությունն արագ և սկզբունքային արձագանք կցուցաբերեն` նշված անձանց ըստ պատշաճի պատժելու և Նորայր Աստվածատրյանին զբաղեցրած պաշտոնից անհապաղ հեռացնելու հարցում: Հարցը վերջնականապես ստացել է հանրային բնույթ և պահանջում է անխուսափելի և արմատական հանգուցալուծում: