Մի քանի օր առաջ
գրել էի, որ մեր գյուղի բերքը կարկուտն ավերել էր: Կփորձեմ մանրամասն լուսաբանել, թե ինչ է լինում գյուղացու հետ, երբ նա զրկվում է բերքից: Կարկուտի հաջորդ օրը գյուղնախարարն էր այցելել, և երբ տեսել էր, որ գյուղացիների մեծ մասն այլևս բերք չունի, ասել էր, թե գյուղացիներին ցորեն ու գարի կտան, բայց դրա դիմաց մի տարուց գյուղացին կպարտավորվի կրկնակին հանձնել: Ինչ խոսք, «լավ» աջակցություն է:
Դրանից մի քանի օր անց մարզպետն է եկել /հավանաբար նախարարի հանձնարարականով/: Էս մարզպետն էլ խոստացել է վնասների հաշվառում անել, և մյուս տարի ցածր տոկոսով վարկեր տրամադրել: Ուշադրություն դարձրեք՝ մյուս տարի և ոչ թե անտոկոս, այլ ցածր տոկոսով:
Գյուղացիների խնդրանքները, թե գոնե այս տարի ջրի կամ հողի հարկ չհավաքեն կամ մի տարով վարկերը սառեցնեն, արժանացել է կամ մերժման կամ էլ լղոզված պատասխանների:
Եվ սա այն դեպքում, երբ «պետությունը դեմքով դեպի գյուղացին է շրջվել»: Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե քամակով շրջված լիներ:
Կամ մեր ղեկավարները դեմագոգությունից բացի այլ բան չգիտեն կամ էլ երկրի իրավիճակին չեն տիրապետում և հրամանները տեղ չեն հասնում:
PS. Մինչև հիմա ոչ ոք չի հաշվարկել, թե գյուղն ինչքան վնաս է կրել: