բախտ նայող մեյջին Գոհարը... մաս 2.

May 22, 2011 21:04


սկիզբն այստեղ

Գոհարի տունը գտնելը դժվար չէր : Մտա նախասրահ, հերթ էր : Փորձեցի խախտել լռությունը :

-Կներեք,  ինչո՞վ է նայում :
- Կարթով ,- ասաց բացմոցին նստած մեկը ,- էսօր նկար նայելու օր չի, բայց կարող եք հարցնել, մեկ էլ տեսար նայեց :
- Իսկ փողո՞վ է նայում,-հարցրեցի :
-Դե, փող չի ուզում. ինչ մտքովդ անցնում է, տալիս ես: Բայց  հո 1000 դրամից պակաս չե՞ս տա : Նենց չի, որ ասի` մինչև փող չտաք, չեմ նայի : Հետո էն ա լավ, որ ինքն անտեղի քեզ չի տանի-բերի : Կարող ա նայի քեզ ու ասի, որ քեզ բան չունի ասելու, իզուր ես եկել : Ախպորս աղջկա ընկերուհին եկել էր, ասեց. " Դու, ինչի՞ ես եկել, քո ի՞նչը նայեմ: Դու նայողի տունը գործ չունես անելու": 
Նրան հետ ուղարկեց :
- Իսկ ճի՞շտ է նայում :
- Հա, շա~տ : Ես էլ որ առաջին անգամ եկա, ձեր նման չէի հավատում: հիմա շատ եմ հավատում : ախպորս ընտանիքի համար եմ եկել : Շատ ա օգնել : Ախպորս աղջիկը, էլ չեմ ասում, թե ո~ւմ աղջիկն ա, ի~նչ պաշտոն ունեն ծնողները... ինչևէ,  երեխեն 18 տարեկանից նենց ուզողներ ուներ, մեկը մեկից լավ, բայց հետները դուրս էր գալիս ու հետո ոչ մեկին չէր ուզում : Միանգամից թարսվում էր :  Արդեն 24 տարեկան ա, եկանք Գոհարի մոտ, երկու ամիս անցավ, նշանվեց, թո~ւ թո~ւ թո~ւ.. հիմա շա~տ լավ ա :
- Իսկ կներեք, մի բան հարցնեմ, դուք թուղթուգիր ու նման բաների հավատո՞ւմ եք, - հարցրեց նրան կողքիս աղջիկը :
- Հա բա ի~նչ, ես իմ փորձից եմ ասում, ուրիշի փորձը չեմ ասում, մեզ օգնել ա Գոհարը : Թուղթուգիրը բացել ա: Կարևորը հավատն ա, նրան պիտի հավատաս: Ես Գոհարի հետ խոսելիս, շատ եմ թեթևանում , ինքը ոնց որ հոգեբան լինի: Շատ լավ կին ա :
- Հա~ ճիշտ ա,- միջամտեց, կողքի կինը,- ինքը հոգեբան է, չգիտեմ մասնագիտությամբ, թե նենց, բայց լավ հոգեբան է...
Հետո շատ լավ մարդ է: ամեն շաբաթ կիրակի մանկատուն ա գնում, օգնում մարդկանց: Չգիտեմ... Ես շատ գոհ եմ: Դե, ձեզ հաջողություն, իսկ էն թուղթուգիր անողներն ինչ անում են, իրենց թող կպնի ...

Բոլորը գնացին, մնացինք ես ու կողքիս աղջիկը: Ատամնաբույժ էր, ամուսնալուծված: Թերահավատորեն էր եկել: Նրան ճշմարտությունն ասեցի, որ եկել եմ էդ մասին գրեմ...

...Երբ նա դուրս եկավ Գոհարի մոտից, դեմքին պայծառ ժպիտ արթնացավ, բութ մատը վեր բարձրացրած` կամացուկ ինձ շշնջաց.
- Ըհը~... սենց ա նայում, դե պակա ...

-Ինչի՞ համար ես եկել,- հարցրեց ինձ Գոհարը :
Ժպտացի ու պատմեցի իրականությունը , հետո ասացի, որ ուզում եմ գրել նրա մասին:
- Ճիշտն ասած, էսօր վախ չափելու օր է, բայց ես մարդկանց չուզեցի մերժել : Էսօր էներգիայի 70 տոկոսն եմ ստանում, -ասաց Գոհարը , հետո շարունակեց, - լավ, արի քեզ նայեմ, տեսնեմ, կստացվի, թե չէ: Փորձեմ էներգիայի կեսը գործի դնել :
Կարթերը դեմ տվեց ինձ :
-Կիսիր:
Կիսեցի:
-Չէ, բան չստացվեց, նորից կիսիր :
Էլի կիսեցի :
Գոհարը կարթերը շարեց սեղանին:
-Տես, չի ստացվում, բան դուրս չեկավ, էներգիան փակ է:  Չէ, չեմ կարողանում քեզ նայել: Դու քո էներգիայով ինձ ներս չես թողնում... մյուս շաբաթ արի, կփորձեմ նայել...

(Գոհարն արդեն 30 տարի է գուշակությամբ է զբաղվում: Մարդկանց հոգիներն է տեսնում, զրուցում: Հաց գրեթե քիչ է ուտում, բայց լիտրերով ջուր է խմում : Ասում է, որ ջուրը մաքրում է վատ էներգիայից : Իր ընտանիքին նայելը խստիվ արգելված է. երբեք աղջկան չի նայել: Արթնանում է օրվա հրահանգով ու անցնում գործի : "Կնայի այնքան ժամանակ, մինչև վերին ուժերը կարգելեն"- այդպես է ասում:)

Մյուս շաբաթ իմ պայմանավորված օրը գնալու եմ նրա մոտ:  Տեսնենք կարթերն ի՞նչ կասեն : Մեկ էլ տեսար` կարողացան հավեսս հետ բերել:

Ի՞նչ իմանաս. մե~ծ ԱՇԽԱՐՀ ու մեկ ԳՈՀԱՐ :))))



/շարունակությունն այստեղ.../

գուշակուԹյուն

Previous post Next post
Up