Կփորձեմ ի մի բերել բոլոր հիշողություններս 88 թվականի և հաջորդ տարիների մասին:
Ո՛նց եմ հիմա ափսոսում, որ կորցրել եմ օրագրերս... Օր առ օր, նիստ առ նիստ, հոդված առ հոդված..
Այն ամենը, ինչ դաջվել էր հոգուս, սրտիս, ուղեղիս:
Կհիշեմ արդյո՞ք:
Եվ այսպես:
Արցախյան շարժումն ինձ համար սկսվեց ոչ թե 1988-ին, այլ 1984 թվականին: Մի սովորական աշնանային երեկո:
Մեր տան հսկայական, լուսավոր, արևով լի պատշգամբի պատին մեծ քարտեզ էր փակցված: Մոտավորապես 1,5 x 2,5-ի վրա: ԽՍՀՄ վարչական քարտեզն էր: Ծանր, փայլուն, թուղթն էլ կտորանման աստառով ամրացված:
Քարտեզի տակ բազմոցն էր: Փոքրուց այդ քարտեզն իմ ուսումնասիրման առարկան էր: Սահմանները, մայրաքաղաքները, ճանապարհները: Արևելյան Եվրոպայի մի մասն էլ էր երևում, Թուրքիան՝ նույնպես:
Ես չորրորդ դասարանում էի: Մի օր պապան երեկոյան մոտ կանչեց: Բարձրացրեց բազմոցի վրա: Հարցրեց, թե գիտեմ արդյոք, ո՞րն է Հայաստանը: "Գիտեմ, "- ոգևորվեցի ես: "Իսկ սա տեսնու՞մ ես", - ու ցույց տվեց մի պատառ հող ՀԽՍՀ ից մի քիչ հեռու:
"Սա Ղարաբաղն է"
"Սա Նախիջևանն է"
"Իսկ սա.. Սա Արևմտյան Հայաստանն է"
"Բա ինչու՞.."
"Հետո կիմանաս: Հիմա հիշիր, որ մեր հողերն են: Մի օր հետ ենք բերելու: Հիշեցի՞ր":
Հետո-ն մի քիչ ուշացավ: Եթե Արևմտյան Հայաստանի հարցը մեկ երկու տարի անց ինքս ինձ համար պարզեցի, մանավանդ որ տան գրքերի մեջ մի օր հայտնաբերել էի "Геноцид армян в Османской империи" գիրքը և խիստ շփոթեցրել նկարչական դպրոցի ուսուցիչներիցս մեկին՝ ապրիլի 24-ին նկարելով ոչ թե Ծիծեռնակաբերդը, այլ տարհանվող ու կոտորվող մարդկանց, ապա Ղարաբաղի հետ կապված հեչ բան պարզ չէր: Նախիջևանի՝ նույնպես:
Ավելի ուշ, երկու երեք տարի անց, կարողացա քիչ թե շատ ընկալել, որ տասնամյակներ առաջ ինչ որ մութ մութ բաներ են եղել: Իսկ թե ինչ, դասագրքերն ու հանրագիտարանները լռում էին:
1988 թվականի փետրվարյան մի օր պապան եկավ տուն խիստ հուզված: Ձեռքիս հայկական հանրագիտարանի հատորներից մեկն էր՝ եվրոպական տարազների նկարներով: Չհասկացա ինչու սկսեց բարկանալ, թե ինչ անիմաստ բաներով եմ զբաղված:
-Գոնե գիտե՞ս, Երևանում ի՞նչ է կատարվում:
Որտեղից իմանայի:
Ոչ մի բան չգիտեի:
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ հետո, վավերագրական ֆիլմի կադրերի պես է արդեն:
Հետո եկան ընկերները: Խոսեցին երկար, բորբոքված: Առավոտյան պապան աշխատանքի չգնաց:
Հետո.. Հետո Սումգայիթն էր:
Հետո թուխպի պես իջած տագնապն էր: Անհասկանալի, անտրամաբանական ու հիմար իրավիճակ:
Ապրիլին Սևանի փողոցներով անցան զրահամեքենաներ: Ռուս զինվորներ էին: Անցան ոչ թե կենտրոնական, այլ զուգահեռ նեղ ու խորդուբորդ փողոցով: Իրավիճակը շատ նման է սովետական մի ֆիլմի սյուժեի: Հիշում եմ, որ կանգնել էինք փողոցում ու ծիծաղում էինք: Զրահամեքենաները որտեղից էին, կողքի Լճաշենի զորամասից թե՞ մի այլ տեղից, չգիտեմ, բայց մի որոշ ժամանակ կանգնած էին Սևանի միակ կենտրոնական փողոցի վրա: Դա մարտն էր, եթե չեմ սխալվում:
Մորաքույրս նույնիսկ մի օր երեխաների հետ զբոսնելու ժամանակ մոտեցել էր զրահամեքենաներին ու երեխաների համար փոքրիկ բաց դաս անցկացրել. ով են, ինչ են, ինչու են եկել ու կանգնել: Ամուսինը վրդովվել էր. Ի՞նչ գիտես, ինչ կանեին, որ մոտեցել ես ու մատով էլ ցույց տվել..
Սումգայիթից հետո շուկաներում ադրբեջանցիներին չէինք մոտենում: Լարվածությունը կախվել էր օդի մեջ: Ակնհայտ թշնամանքի դեպքեր չեմ հիշում, բայց դե մինչ այդ էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չեն եղել: Համենայն դեպս ներքին խուլ հակակրանք ադրբեջանցիների, կամ ինչպես ասւմ էինք, թուրքերի նկատմամբ, միշտ էլ եղել է: Մինչև 88 թվականը նույնպես: Դա նման էր երկու իրարամերժ համակարգի՝ մեկ հարթության վրա փոխգոյակցելուն: Համենայն դեպս Սևանում:
Հետո հեռուստացույցից կառչելն ու մոսկովյան նիստերի րոպեներն հաշվելն էր:
Հետո մոսկովյան "экстремисты", "боевики" բարբաջանքներն էին:
Հետո ցույցերն էին: Փոքր քնած Սևանն ու ցույցերը: Ես չեմ հիշում, թե ինչ ցույցեր էին անում մեծահասակները, բայց հիշում եմ, որ գարնանային մի օր ռուսական դպրոցի բակում հավաքվեցինք ու սկսեցինք գոռել գոչել: Ով էր կազմակերպել և ինչպես, չեմ հիշում: Բայց միայն ռուսականում չէ, որ ցույց էինք անում: Նույն իրավիճակը երկրորդ և յոթերորդ դպրոցների բակերում էր: Մենք բարձրացանք դեպի երկրորդ դպրոց: Հիշում եմ, որ դուրս եկավ տնօրենը: "Այո, այո, դուք ճիշտ եք, երեխաներ ջան, ճիշտ եք": Շփոթված էր:
Գոռում էինք "Ավելացրեք հայոց լեզվի դասաժամերը": "Ավելացրեք հայոց պատմության դասաժամերը":
Շատ չանցած, ավելացրեցին: Բայց:
Դասերից փախչելը վերածվել էր սովորության: Ավելացրած չէ, ծրագրով նախատեսված ժամերին էլ դասասենյակները կիսադատարկ էին: Ես հիստերիկաների մեջ ընկնում: Միակ բանը, ինչին ուժս պատում էր, պատմության և հայոց լեզվի դասերից չպախչելն էր: Իսկ այդ տարվա ուսուցչուհին շատ լավն էր (և ոչ միայն այդ տարվա. հայոց լեզվի ուսուցչուհիներս բոլորն էլ լավն էին): Սոնա Ռոբերտովնա: Երևանից էր: Մերոնքական էր: Բայց շատ խիստ ու լուրջ:
Ապրիլի 24-ի առավոտյան մեկնեցինք Երևան: Ամբողջ ընտանիքով: Ցուրտ Սևանից հետո տաք փափուկ Երևանը, արևը, կանաչ հագած հողը: Մաման վերցրել էր սպիտակ գարնանային կոշիկներս, և այնքան հաճելի էր քայլել փողոցում թեթև: Թեթև հագուստով ու թեթև կոշիկներով: Ծիծեռնակաբերդի ճանապարհը սակայն սկսեց ծանրանալ: Արդեն հուշարձանի մոտ էինք համարյա, երբ մի խումբ մոտեցավ, Սումգայիթի զոհերի նկարներով՝ սև սպիտակ, մեծացրած նկարներով: Սևազգեստ մռայլ մարդիկ էին: Հիշում եմ հեծկլտոցները: Լացը, որ անցավ մարդկան դեմքերով: Եվ հիշում եմ իմ սեփական լռությունը: Դաժան էր, բայց այդ տարի ես մի կաթիլ արցունք անգամ չեմ թափել:
Չեմ հիշում, թե մայիսի վերջում ինչ դեպքեր էին տեղի ունեցել: Թուրքերը մի այլանդակություն արել էին: Հիշում եմ, որովհետև հարևանի 10-ամյա աղջիկը բակում վայնասուն էր դրել: "Կգա՛ն, - ճչում էր, - կգա՛ն, կմորթե՛ն": Հիշում եմ, որ բարկացել էի: Գազազել: Եթե ինձ չզսպեի, կքոթակեի տեղում:
Սկսեցի հաճախել հրաձգարան: Փոքրիկ անշուք տաղավար էր դպրոցից մի քիչ հեռու: Ամեն օր դասերից հետո մտնում էի, պապայի հատուկ այդ նպատակով տված 20 կոպեկանոցը շրխկացնում կանգնակի վրա, վերցնում պարկուճները: Մեկ լավ էր ստացվում, մեկ՝ վատ: Կարճատես էի, խանգարում էր տեսողությունս:
Այս ամիսներից սկսեցի առանձնանալ ու պարփակվել ինքս իմ մեջ: Տեղից էլ մի շփվող երևույթ չէի: Իսկ հիմա արդեն ամեն ինչն էր աչք ծակում: Չափից դուրս փոքր էի հասկանալու համար, որ կյանքը չի դադարում նույնիսկ հեղափոխությունների ժամանակ: Տեսադաշտս նեղացել, ամփոփվել էր շարժման մեջ: Եթե խոսում էին պարապ սարապ, եթե վախկոտության ու տագնապի նշույլներ էի նկատում, երբ սկսում էին ձեռ առնել ու հեգնել շարժումը, պայքարը, նպատակները, առաջնորդներին, լարվում էի ու երբեմն ափերից դուրս գալիս:
Դասարանցիներիցս աստիճանաբար կտրվեցի: Նախ, ցույցերի հետ կապված այդ հիմար կեցվածքն ու դասերից փախչելը, հետո.. Համընդհանուր անտարբերության մթնոլորտ էր: Ոչ մի գաղափար, ոչ մի նպատակ, ոչ մի լուսավոր կետ: Ու այդ ամենը զզվելի էր:
Շփվում էի միայն պապայի ընկերների հետ: Շփվել ասելը շատ բարձր է հնչում: Նրանք էին խոսում, քննարկում, վիճում, ես լուռ նստում էի անկյունում, ականջներս ու հոգիս՝ բաց: Պապայի ընկերների մեջ իմ նկարչության ուսուցիչն էր, մեծատառով Ուսուցիչը, թավ բեղերով ու հաղթանդամ ապագա ազատամարիկներն էին, կորացած մեջքով ու նիհար "կոմպյուտերշիկը", որն իր ամբողջ աշխատավարձը կարող էր փոխանցել մանկատան հաշվին: Նաև ապագա չինովնիկներ, կարյերիստներ, պատահական մարդիկ: Տարբեր էին: Եվ տարբեր ճակատագրեր ունեցան:
Երևանում մոլեգնում էին ցույցերը: Օր օրի փոխվում էր մամուլը, հեռուսատեսությունը, ռադիոն: Օր օրի աշխարհը արթնացնում էր քեզ նոր լուրով, նոր երանգով, նոր բոթով: 88 էր:
....