Հայ-կո-Սա-քո-Հա-յաս-տան

Sep 21, 2011 16:04

Երևի վեցերորդ շարքում եմ. Ավել մոտենալ չի լինում։ Դե, չեմ էլ փորձում, բոյով եմ ավելի, քան դիմացս կանգնածները։ Հենց դիմացս երկու կին են կանգնած, մեջքով շքերթին, խոսում են Փարիզի տոմսերից. էլի եսիմ ումերից ու ես արդեն ուզում եմ նեղվել.... Բայց չի կարելի. մեջս ալիք է բարձրացած ու կանգնած է այնքան հպարտ, որ չեմ կարող ինձ թույլ տալ նեղվել։

Անցնում են զորասյուները. Տղամարդիկ ծափահարում են, երեխաները հայրերի ուսերին նստած դնչները ցցել են... Ես, հա, լացել եմ ուզում։

Մեռնեմ զինվորներիդ, հայերս. Հավսար, պինդ քայլով անցնողներին, որ հրապարակի պոչին չեն ափսոսում կանգնածների համար ոտքերով խփել գետնին։
Երգում են։
Երգին ի պատասխան ժողովուրդը ծափահարում է ռիթմով, գոռում Հա-յաս-տան։

Ծափահարող էս խառը մարդկանց մեռնեմ, բոյով ու կարճ, սևուկապտաչ։ Մեռնեմ երեխաներին հայրերի ուսերին նստած, հավատին հայրերի հայացքների, որ մգանում ու խորանում են զորքերին նայելիս... Նախանձ է, թե մարտի ու կյանքի մասին միտք, չգիտեմ։

Մեռնեմ ...

-Հայ-կո, Հայ-կո,- հետևս կանգնած պատանիներն են գոռում։

Դե, նկատել եմ. մարզերից լիքը մարդ կա, որ արդեն գիտեն, թե իրենց զավակը որ շարքի որերորդն է, ու ձգում են վզները նայելու։ Շարքից պատասխան ժպտացողները շատ են...
Ժպիտին ի պատասխան ժողովուրդը ծափահարում է ու ժպտում։ Ռիթմով ժպտում ենք։

Մեռնեմ ժպիտներիդ, զինվորներ. Դուք ինձ չէ, ես ձեզ պաշտպանեմ. Այսօր էս դեմքերով անցաք, վաղը ուրիշները կլինեն... բայց հարազատ ժպիտներին ծափերը թող միշտ լինեն։

Ես էլ եմ մտածում կռվի, կյանքի ու մահվան մասին... Մի պահ կորցնում եմ ինձ, որ կանգնել, պատիվ ենք տալիս զենքին... Վայ, աշխարհ, չմեռնեմ ես քո օրենքներին....
Մեռնեմ հողին, որ ցավը խեղդած կուչուձիգ է գալիս ջահել-ահել իր մեջ առած ու ապրողներիս ոտքերի տակ։ Ովքեր չեն անցնի էս հրապարակով, որովհետև պատերազմ ու խաղաղություն տարան իրենց այլ շքերթի...

Կողքս զինվորներ են, քայլել են, հիմա կանգնել, բաներ են բացատրում։
-Ժողովուրդ ջան, ուշադիր` մեր սնայպեր աղջիկներն են անցնում։
Ժողովուրդ ջանը շղթայով փոխանցում է իրար` սնայպեր աղջիներն են անցնելու հիմա...
Բոլորը ձգվում են։
Լռում են։
Անցնում են աղջիկները, որ ի տարբերություն տղաների ոչ հոնք, ոչ աչք, ոչ գլուխ չեն շարժում...
Դիմացս կանգնած կանայք վերջապես լռում են։
Մի պահ էլի փորձեր են անում` «Հավասար չեն քայլում», «Տղա ջան, էդ ոնց ես նկարում՞՞՞ Ապարատդ ինչի ես շարժում՞՞՞ սեղմի կոճակը, սեղմի...»։
Ժողովուրդը թարս նայում է կանանց։ Սրանք ակամա դառնում են ժողովրդական։
Բերանբաց... Սա հետո կասեմ, լավ։

-Սա-քո, Սա-քո,- հիմա էլ վանկարկում են հետևիցս։ Ես շրջվում եմ. ոգևորված են, շատ։ Նայում եմ` պիտի որ բոյները չհասնի տեսնել ովքեր են անցնում, ինձնից էլ ետ են, ինձնից կարճ են...

-Էլ ինչ անունով զինվոր կարող է լինի,-լսում եմ, քննարկում են ու.. էլի լացս գալիս է։
Մեռնեմ անունով ջիգյարներիդ, պատանիներ ջան։ Սերն ու ոգևորությունը, որ տալիս եք, վաղը մաքուր ձեզ կարողանանք տալ։

Բաց եմ թողնում մի պահ ոգևորության ու ուխ-երի, սուլոցների պատճառը... Շատ չէ. Ինքնաթիռները բաց չես թողնի։
Նայում ենք համերաշխ վերև ու ծափահարում։ Օդաչուները դժվար, թե լսեն, բայց չծափահարել չենք կարող։ Ինքնաթիռների շղթան բացվում է ու կապույտ պոչովը մեջքի վրա ետ է սլանում։ Ես բերանս բաց ուղեկցում եմ։

Մեռնեմ կապտագալար երկնքիդ, օդաչու։

-Նայում ես՞՞՞ ,- մի հայրիկի ուսերին նստած երեխա հալվել է, գլուխը դրել հոր գլխին։ Երիտասարդ հայրը փոխադարձաբար չի հալվում,- նայի։ Նայի, թե չէ կիջեցնեմ։

Երեխան գլուխը բարձրացնում է։
-Նայի, որ սովորես,-ասում է հայրը հայացքը դեռ մգեցրած։
Երեխան աղջնակ է, բայց նայում է։

Ձախ կողմս պամպերսով, զույգ ատամով մի շեկլիկ է նստած ոչ պակաս ոգևորված հոր ուսերին։ Սրա հայրն էլ սովորեցնում.
-Ասա` ուռա, ուռա, ուռա։

Ես նայում եմ պամպերսով տուտուզիկին, երկու ատամով պակաս անատամ բերանին ու խիստ կասկածում եմ, որ ընդհանրապես բառ կկարողանա ասել։

-Ասա ուռա, ուռա,-շարունակում է հայրը։
Կողքի երեխան, որ էլի ուսերի է նստած, որոշում է նեղն ընկած հարկակցին օգնել.
-Ուրրրաաաա, ուրաաա,-ինչքան ուժ ունի երկուսի փոխարեն էլ «ուրում» է։

Մեռնեմ լեզուներիդ։

... Շքերթը վերջացել է։
Խիտ ու հրհրելով անցնում են, արդեն սովորական դժգոհությունների տուտը բացած, իրար նկատողություն անելով։
Ես սուս ու ժպտալով կանգնել եմ արդեն առաջին շարքում։
Կողքս էլի մարդ կա, որ դեռ չի զգում էս առօրեականացման անցումը։
Ինքն էլ է մենակ։ Շրջվում է ինձ.
-Լավ էր, չէ՞՞՞ կազմակերպած։
-Հա,- ժպտում եմ ես։

Ոտքերիս եռագույն ժապավեն է ընկնում։
Մարդիկ սկսել են փողոց-բան անցնել, ոստիկանների հետ հաշիվ պարզել, ինչ արգելող ժապավեն, ինչ բան...

Ժապավենը կարմիր լիներ, սիրտս չէր դփփա։
Վատ եղա։
Դրոշ չի, բայց դրոշագույն է։ Կռացա, վերցրեցի։
Նայեցի կողքս։
Երեխաներ են շարված. ծնողները կանգնեցրել են առաջին անվտանգ շարք, որ ոտքի տակ չընկնեն։
Նրանց հետ եմ մի շարքում։
Կողքիս աղջնակը նայում է ինձ, ձեռքերումս բռնած եռագույն ժապավենին, կռանում իր ոտքերի դիմացից էլ իր «բաժինն» է բարձրացնում։ Նրա կողքինը, որ ավելի փոքր է, նույնպես կռանում է։ Հետո` մյուսը։
Հա, էլի եմ ուզում լացել։
Մեռնեմ դրոշիդ, Հայաստան։

Ու ասեմ, եթե չհասկացաք։
Հա, Հայաստանը ես եմ։
Ես դա վաստակել եմ սիրովս։

Հայաստան, Հայրենիք, հայ ազգ

Previous post Next post
Up