Apr 25, 2009 17:26
Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբանների հայտարարությունը
Սույն թվականի ապրիլի 16-ին ժամը 13:00 սահմաններում մեր պաշտպանյալ` ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որը ներկայումս պահվում է Թբիլիսիի համար 8 բանտում, դուրս է տարվել բանտախցից եւ ենթարկվել դաժան ծեծի բանտի աշխատակիցների կողմից:
Այս նողկալի փաստը վրացական իշխանությունների յուրօրինակ «պատասխանն» է Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ մասնավորապես` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած բողոքի ցույցին:
Մենք խստիվ դատապարտում ենք մեր պաշտպանյալի նկատմամբ գործված այս զազրելի արարքը եւ կոչ անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ բանտարկյալների իրավունքներով զբաղվող համապատասխան միջազգային ատյաններին արձագանքել տվյալ փաստին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի նկատմամբ նման գործողությունները հետագայում բացառելու ուղղությամբ:
Մենք նաեւ դիմում ենք «Միջազգային Կարմիր խաչ» ընկերությանը անհապաղ բանտում այցելել Վահագն Չախալյանին` նրա առողջական վիճակը ստուգելու նպատակով:
Պատրիկ Արապյան (Ֆրանսիա)
Ստեփան Ոսկանյան (Հայաստան)
Զուրաբ Ռոստիաշվիլի (Վրաստան)
25.04.2009
chakhalyan