(no subject)

Apr 28, 2009 10:06


Վահագն Չախալյանի դեմ ապօրինությունները շարունակվում են

BAGIN ԼԿ բազմիցս անդրադարձել է ոչ միայն «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչ Վահագն Չախալյանի դատավարությանը, այլև ներկայացրել է մեկուսարանի այն սարսափելի  պայմանները, որտեղ արդեն ամիսներ շարունակ անազատության մեջ է գտնվում ջավախահայ գործիչը: Վահագն Չախալյանի նկատմամբ հերթական անօրինականությունն ու մարդու իրավունքների կոպիտ խախտումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին:

«Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի ներկայացուցիչ Վահագն Չախալյանին Թբիլիսիի թիվ 8 բանտում ենթարկել են դաժան ծեծի: Ֆիզիկական բռնությունն իրականցվել է կեսօրին: Բռնությունն իրականացրել են բանտի վեց աշխատակիցները` այսպես կոչված օրենքի պաշտպանները: Ականատեսների վկայությամբ, ‎ֆիզիկական բռնությունը շարունակվել է մոտավորապես 30 րոպե: «Պատրվակը` շախմատի գծագրության թուղթ հայտնաբերելն է եղել, սակայն փաստ է, որ ֆ‎իզիկական ուժ գործադրել են ոչ այդ պատճառով: Ես և վրացի պաշտպանը` Զուրաբ Ռուստիաշվիլին, ականատես  դարձանք ծեծի արդյունքում Վահագնի ստացած վնասվածքներին: Դրանք հիմնականում ոտքերի հատվածում էին: Բարեբախտաբար դեմքի շրջանում սպիներ չկային: Չեմ բացառում, որ դրանք արդեն լավացել էին, որովհետև ծեծից հետո բավական երկար ժամանակ էր անցել, մինչ կարողացաք նրա հետ հանդիպել: Բացի այդ, զրույցի ընթացքում Չախալյանը նշեց, որ կարողացել է ձեռքերով պաշտպանել դեմքն ու գլուխը», - BAGIN ԼԿ հետ զրույցում ասաց Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Բռնության փաստը հրապարակվել է նաև մի շարք ԶԼՄ-ներում: Հայ և վրացի փաստաբանները ներկայացել են հայտարարությամբ` հերթական անգամ փաստելով վրացական իշխանությունների անօրինական գործողությունները: «Չունենալով այլ տարբերակ, փորձում են նման կեղտոտ ձևով կոտրել Վահագն Չախալյանի պայքարի ոգին: Սակայն Վահագն Չախալյանը բռնության փաստից բնավ չի հուսահատվել, ընդհակառակը մինչև վերջ պայքարելու է։ Նրա արդարության հասնելու ոգին ավելի է ուժգնացել», - նկատում է Ոսկանյանը:

Փաստաբանի դիտարկմամբ, ծեծի անմիջական պատճառ կարող էր դառնալ նաև ապրիլի 14-ին (ծեծից երկու օր առաջ) Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջել էին «անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին»: Ֆրանսահայ մտավորականները, հասարակական գործիչները իրենց բողոքն ու զայրույթն էին արտահայտել ու պահանջել վրացական իշխանություններից վերջ դնել Վահագն Չախալյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները:

Ստեփան Ոսկանյանը նշեց, որ ծեծի կապակցությամբ դիմել են Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարուն, միջազգային մի շարք իրավական կազմակերպությունների, Կարմիր Խաչի գրասենյակին, որպեսզի համապատասխան բժշկական աջակցություն ցուցաբերեն Վահագն Չախալյանին. «Դիմել ենք, որպեսզի Կարմիր Խաչի բժիշկները պարզեն Չախալյանի առողջական վիճակը: Իրավական կազմակերպություններին ուղարկված գրության մեջ էլ հիմնականում պահանջում ենք, որպեսզի հետևողական աշխատանք իրականացնեն, ճշումներ ձեռնարկեն, որպեսզի այսօրինակ ապօրինի գործողություններն այլևս չկրկնվեն»։

Ոսկանյանը նշեց, որ ‎Վահագն Չախալյանի ֆիզիկական վիճակն ներկա պահին լավ է, հոգեկանը` գերազանց: Փաստաբանը վստահեցրեց, որ Չախալյանը կճանաչի իր վրա հարձակվողներին. «Կատարված բռնությունից հետո դեռ առիթ չի եղել, որպեսզի նրան ինչ-որ մեկին ներկայացնեն ճանաչելու կամ մեղավորներին պատժելու նպատակով: Իր վրա հարձակվողները դիմակավոված չեն եղել: Հետևաբար Վահագնը նրանց կճանաչի»։

Ոսկանյանը նկատում է, որ ծեծը պատահականության արդյունք չի կարելի համարել և հաստատ չի պատկանում թյուրիմացության ժանրին. «Կազմակերպված հարձակում է եղել: Չախալյանի խցից դուրս են բերել ու դաժանաբար ծեծել։

BAGIN ԼԿ հետ զրույցում Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև Վահագն Չախալյանի դեմ կայացված մեղադրական դատավճռի բողոքարկման խնդիրներին։ Ապրիլի 7-ից հետո պաշտպանական կողմը դեռևս չի ստացել դատավճռի իրեն հասանելիք օրինակը: Բողոքարկման համար վրացական օրենսդրությունը նախատեսում է մեկ ամիս ժամանակ։ Մայիսի 7-ին լրանում է այդ ժամանակը, սակայն մինչ այսօր պաշտպանական կողմը չի ստացել դատավճռի ամբողջական տարբերակը, որտեղ նշված կլինեն պաշտպանական մասը, ապացույցները, որոնց «հիմնավորվել» է մեղադրանքն ու կայացվել դատավճիռ: «Եթե նույնիսկ մոտ ժամանակահատվածում այդ փաստաթուղթը ստանանք` չի բացառվում, որ այն կլինի վրացերեն լեզվո‎վ, հետևաբար ժամանակ էլ չենք ունենա տեքստը հայերեն թարգմանելու համար: Խոսել պատշաճ ձևով Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու կամ Վահագն, Ռուբեն և Արմեն Չախալյանների պաշտպանությունը նորմալ իրականացնելու մասին, ավելորդ է: Համոզվում ենք, որ մեծ դժվարությունների առջև ենք կանգնելու: Չգիտենք, թե դատարանը որ ապացույցներն է համարել հետազոտված և որոնք պետք է նոր հետազոտենք», - նշեց Ստեփան Ոսկանյանը։

Ըստ փաստաբանի, կա՛մ դատավճիռը պատրաստ չէ, ինչը կրկին օրենքի կոպիտ խախտում է, կա՛մ էլ միտումնավոր չեն ուղարկում, որպեսզի պաշտպանական կողմը չկարողանա պատշաճ բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան. «Բնականաբար այդ դեպքում չենք կարողանա լիարժեք պաշտպանություն իրականացնել»։

Ոսկանյանը նաև նշեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Ախալցխայի շրջանային դատարանի նախագահի օգնականի հետ, խնդրել է նախագահին փոխանցել պաշտպանական կողմի դժգոհությունները, ինչին օգնականը պատասխանել է. թե «Կաշխատի ուժերի ներածին չափով ամեն ինչ անել օգնելու համար»։ Սակայն Ոսկանյանը որոշել է այլևս չսպասել դատարանի ուղարկած դատավճռին. «Պետք է փորձեմ մեր ունեցած ապացույցներով բողոք պատրաստեմ» Ստեփան Ոսկանյանը նշեց նաև, որ այս կապակցությամբ ևս նամակ է ուղարկելու Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարուն:

Ինչ վերաբերում է ի  պաշտպանություն Վահագն Չախալյանի  արտերկրում անցկացվող բողոքի ցույցերին, Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունից տեղեկացրեցին, որ այսօր Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ կրկին կկայանա բողոքի ակցիա և այլ միջոցառումներ, որոնք հետապնդում են մեկ նպատակ` հասնել արդարության հաստատմանը և քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատ արձակմանը:

Հ. Հ., հատուկ BAGIN ԼԿ համար

http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2725&SectionID=0&Date=04/27/2009&PagePosition=1

chakhalyan

Previous post Next post
Up