Գրառում Ալեքսի, գրաբարի ու թեժ հինգշաբթի-ուրբաթի մասին

Oct 11, 2011 21:45


Անցյալ շաբաթ vaykuneci հայտնեց, որ այս տարվանից Քարվաճառի դպրոցում իր անձնական նախաձեռնությամբ գրաբարի դասընթաց է անցկացնում ու խնդրեց լազերային տպիչ ուղարկել․․․

Տպիչի հարցը շատ արագ լուծեց Փիղը, և տպիչն արդեն Ալեքսի մոտ է։



Բացի այդ պարզվեց, որ Ալեքսին անհրաժեշտ են նաև գրաբարի 15 հատ ձեռնարկ, Մալխասյանցի բացատրական բառարան, գրաբարով ավետարաններ, թուղթ։

«Ժառանգի» ժողովրդով, ինչպես նաև noni-no և Գրիգորյան Արմինեի օգնությամբ հավաքեցինք 41000 դրամ։ Այդ գումարով գնեցի․
  • Մալխասյանցի բառարան (օրիգինալ հրատարակություն, 4 հատոր) - 25000 դրամ *
  • Գրաբարի ձեռնարկ - 1 հատ, 1000 դրամ
  • Գրաբարի ձեռնարկ - 2 հատ, 1500×2 = 3000 դրամ

Մի զարմացեք. նույն ձեռնարկի գները խիստ տարբեր են՝ վաճառվում են հատը 1000-ից մինչև 3000 դրամով։ Ավելին. ամենալավ վիճակումը հենց 1000 դրամանոցն էր!

Բացի այդ mar_amirchanyan տրամադրում է մեկ ձեռնարկ + 3 հատ էլ պատճենահանված օրինակ, իսկ լրագրող Թամարա Գրիգորյանը՝ ևս 4 հատ ձեռնարկ։

Այսպիսով արդեն ունենում ենք 11 ձեռնարկ և ձեռքներիս դեռ մնում է 12 հազար դրամ, որով պիտի գնենք 4 ձեռնարկ և ավետարաններ։ Թղթի և քարթրիջի հարցը ամենայն հավանականությամբ կհոգա «Ինսթիգեյթ» ընկերությունը։

Չգիտեմ, ճիշտն ասած, կբավարարի գումարը ավետարաններ գնելու համար, հուսով եմ կտեղավորվենք

Հինգշաբթի-ուրբաթ օրերի մասին էլ՝ հաջորդ գրառումով։

* Ալեքսի բռնած գործը հաստատ աստվածահաճո է։ Բացատրեմ. Մալխասյանցի բառարանի օրիգինալ հրատարակությունը վաճառվում է 35-40 հազար դրամով, իսկ «նոր» հրատարակությունը, որն իրականում ուղղակի լավ որակի կազմած քսերոքս է՝ 20-25 հազարով։ Հնագրավաճառից երբ հարցրեցի գինը, հաստատակամ ձայնով ասաց. «40 հազար դրամ»։ Ասացի. «Չէ, շատ թանկ է։ Իսկ նոր տարբերակից ունե՞ս»։ Այս մարդը թե. «Չէ, չունեմ։ Լուրջ առնո՞ղ ես»։ «Լուրջը եմ, բայց չունեմ էդքան փող»։ «Ինչքա՞ն ունես»,- հարցնում է։ «25000 դրամ»,-պատասխանեցի։ «Վերցրո´ւ»,- ասաց,-«Ես ինքս 22-ով եմ վերցրել»։ Սկսեցի գումարը հաշվել, տեսնեմ գրաբարի ձեռնարկ էլ կա. «Բա սա ի՞նչ ես ասում»։ Ասաց, որ 1500 դրամ։ Բացեցի գիրքը, հետևի կազմի ներսում մատիտով գրած է. «1000»։ Ժպտալով ասացի. «Հազար է գրած»։ «Ջանդ սաղ ըլնի, վեկալ հազարով»։ Երբևէ չէի տեսել, որ հնագրավաճառը այդքան գին իջնի, ընդ որում հաստատ գիտեի «շուկայական» գները, քանի որ նախորդ օրը տարբեր տեղեր հետաքրքրվել էի։

Ընկերանալ Ֆշտուկ


գրաբար, գրքեր, կիրառական քարտեզագրություն, մենք, քարվաճառ, գործողություն, ազատագրված տարածք, արցախ

Previous post Next post
Up