(no subject)

Dec 10, 2024 00:30

9 հոկտեմբերի 2022, կիրակի

Առավոտյան չորսին Մերին արթնացավ սրտխառնոցով, որն ավելի ուժեղացավ տաքսիի մեջ և հասավ նրան, որ փսխել ուզեց։ Վարորդը, ով կազմակերպված և ուշադիր մարդ էր, անմիջապես կանգնեցրեց մեքենան ճանապարհի եզրին, մի չոլի մոտ և Մերին փսխում էր խոտերի մեջ մինչ հեռվում կանչում էին աքաղաղները։ Սրտխառնոցը և փսխումը շարունակվեցին օդանավակայանում, գունատ էր ու վատ էր զգում շատ, ուզում էր տուն գնալ, լինել իր անկողնում՝ Սիդնեյում։ Թռիչքն ընդամենը կես ժամ տևեց /ավելի քիչ, քան ի սկզբանե նախատեսված էր/, Աթենքի օդանավակայանում Մերին աստիճանաբար վերականգնվեց, սկսեց իրեն ավելի լավ զգալ։ Թռիչքը դեպի Աբու Դաբի թեթև անցավ, թեև հինգ ժամ էր մոտավորապես։ Մերին հետաքրքիր դիտողականություն ունի․ դիպուկ և գլխավորը տեսնող։ Ինքնաթիռում պատմում էր իր դպրոցից․ տնօրենուհին՝ տիկին Այլընդը, պահանջում է, որ իրեն դոկտոր Այլընդ կոչեն նույնիսկ սովորական խոսակցության ժամանակ։ Խիստ և պահանջող ձայնով ուղղում է աշակերտին, երբ վերջինս դիմում է նրան միսս Այլընդ: Doctor, աչքերը չռում է տիկինը, Doctor Ireland! Եվ աշակերտը չի կարող շարունակել իր խոսքը մինչև չշտկի իր դիմելաձևը՝ նորից կրկնելով անունը, բայց այս անգամ դոկտըրով։ Տնօրենուհին նաև հատուկ կիրք ունի քերոլյան Ալիսի հանդեպ, ու պատահական չէ, որ դպրոցի հանդեսներն ու մյուզիքլները Ալիսի թեմաներով են հաճախ, իսկ դոկտորը դպրոցականների կյանքը բաժանում է գրքի գլուխների․ ավարտվեց ձեր կյանքի այսինչ գլուխը (chapter), այժմ սկսվելու է նոր գլուխ։ Որքան հասկանում էի՝ դպրոցում լավ ուսուցիչ չի մնացել կամ չեն մնում, լավագույնը անցած տարվա արվեստի ուսուցչուհին էր՝ միսս Լենդերսը, որը, ցավոք, այս տարի թողեց դպրոցը՝ պաշտոնի բարձրացմամբ, իսկ այս տարվա արվեստի ուսուցչուհին ո՛չ որպես ուսուցիչ է բանի պետք, ո՛չ էլ, ըստ երևույթին, որպես արվեստի մասնագետ․ վերջինիս հարցում ես հավատում եմ Մերիի գնահատականներին։ Հաճախ, հենց ուսուցիչների պատճառով է կամ շնորհիվ, որ աշակերտները թողնում կամ վերցնում են տվյալ առարկան։ Վախենամ՝ Մերին թողնի արվեստը։ Աբու Դաբի հասանք երեկոյան ութ անց կեսին և անմիջապես քայլեցինք օդանավակայանամերձ մեր հյուրանոցը՝ առանց օդանավակայանից դուրս գալու, ինչ-որ միացնող միջանցքով, ազատվելով արաբական անապատային շոգի մեջ հայտնվելու անհրաժեշտությունից։ Հյուրանոցից էլ գրում եմ այժմ, 2022-ի հոկտեմբերի տասի առավոտյան։

10 հոկտեմբերի 2022, երկուշաբթի

Մեր թռիչքը Աբու Դաբիից Մելբուրն երեք ժամով հետաձգել են։ Սիդնեյ կհասնենք ցերեկը տասներկուս անց կես, եթե ամեն ինչ ընթանա առանց նոր փոփոխությունների։ Դրականն այն էր, որ հյուրանոցում առավոտյան ավելի երկար կարող էինք մնալ, շտապելու կարիք չկար։ Մի պահ ննջեցի և երազումս մամայիս տեսա․ միասին էինք, ես ու մամաս միայն, մամաս տեսքով մոտավորապես իր վաղ վաթսուններում էր, մաշկը մի քիչ թխացած՝ չգիտես ինչու, բայց հագնված է կոկիկ ու գեղեցիկ, շրթներկով, որն իրեն շատ է սազում։ Ինչ-որ տուն պետք է գնայինք, որտեղ պետք է թողնեինք մոտիս բանալին։ Կիսամութ էր, քարե մի քանի աստիճան, իջնում ենք, հետո հասկանում, որ սխալ ենք գնում, ճանապարհը մյուս կողմից է։ Նման էր իմ ու Մերիի ճամփորդական տեսարաններին, երբ միասին փորձում էինք գտնել մեր հյուրանոցները, բայց հիմա ես ու մամաս ենք, մամայիս ձեռքն եմ բռնել, ինչպես Մերին է հիմա իմը բռնում։ Երբ ետ ենք դառնում այդ քարե փոքրիկ աստիճաններով, հասկանալով, որ մյուս ուղղությամբ պետք է գնանք, ես այդ պահին շատ ուժեղ կարոտում եմ մամայիս, իրենից առաջ ընկնում, շրջվում դեմքով դեպի մամաս, որ լավ տեսնեմ իրեն, լավ ընկալեմ։ Ուզում էի մանրամասն նայել դեմքին, հիշել ու դրոշմել դեմքը՝ կենդանի, քանի կարող էի, ու դա հաջողվեց, թեև մի քիչ տարբեր դեմք տեսա, քան սկզբում էր․ այն պահին, երբ ուղիղ նայեցի մամայիս, ձեռքերով պահելով նրան, որ չշարժվի, մնա դիմացս, չգնա, դեմքը մի տեսակ տարբեր դարձավ, մի քիչ ավելի մաշված, ինչից մի-փոքր աղավաղվել էին դիմագծերը, բայց դեռ մամաս էր՝ կենդանի, ու ես, բռնելով այդ պահը, արագ թախանձեցի․ մա՛մ, մի բան ասա՛ ինձ։ Մամաս նայեց իր առաջվա սիրող աչքերով ու փաղաքշական մի բան ասաց, իր ձևով, այն ձևով, որով արտահայտում էր իր մայրական լիարժեք սերը, ու ես արթնացա։
Մերիի հետ շարունակեցինք նայել երեկ կիսատ թողած Intern ֆիլմը, իր հեռախոսի վրա, ժպտալով կամ ծիծաղելով երկուսս նույն մասերում, բայց նորից անավարտ թողեցինք, քանի որ պետք է գնայինք օդանավակայան։ Օդանավակայանում Մերին սինեբան կերավ և ես նկարում էի նրան ու ուղարկում Հայկին՝ ձայնային հաղորդագրություններով, Հայկն էլ ուղարկում էր պատասխան ձայնայիններ, ու բարի էր Հայկը՝ հոգատար, շատ, ինչպես միշտ։ Գրում եմ սա օդանավակայանից, սպասելով նստեցմանը, բեքգրաունդում նամազ է։

travel, mydays

Previous post Next post
Up