(no subject)

Dec 10, 2024 00:31

15 նոյեմբերի 2022, երեքշաբթի

Առավոտվանից Judge marking-ի էի։ Քնապակաս էի, հոգնած, բայց դիմացա, մինչև հինգն էր։ Դժվար բան է դատելը, համակարգ է պետք։ Տունս հավաքելու կարիք կար, բայց էներգիա չկար։ Ճաշեցինք, սկսեցինք ֆիլմ նայել։ Մերին ջերմություն ունի։ Բայց նայեցինք միասին՝ բոլորով, միայն Դավիթը տանը չէր, գնացել է համերգի ընկերների հետ։ Ֆիլմը տեսել էի, բայց նայվեց էլի։ Աչքերս փակվում են, թեև ընդամենը ժամը տասն է։

28 մարտի 2023, երեքշաբթի

Պետք է շարունակել ապրել։

30 հունիսի 2023, ուրբաթ

Եղբորս մահից հետո կյանքի հանդեպ ընկալումներս փոխվեցին․ կյանքը սկսեցի տեսնել ավելի շատ կողքից, քան ներսից։ Ժամանակն ու տարածքը, որտեղ մարդը կոչված է անցկացնելու մի երկրային կյանք, սահմանափակվեցին ակնթարթով ու ձեռքի ափի չափ մակերևույթով։ Հույզեր, սպասելիքներ-նպատակներ, հասցնելիքներ ու չհասցնելիքներ, ձգտումներ ու իդեալներ, դարձան անիմաստ էդ ակնթարթի և ձեռքի ափի անըմբռնելի փոքր տիրույթում։ Թերևս միայն իդեալները կարելի է առանձնացնել՝ մի-փոքր իմաստ տալու համար մեր գոյությանը։
Այլևս չկա վախ՝ կորստի, որովհետև կորցնելիքներն իմաստազրկվել են։
Իմաստազրկումն, ի դեպ, տխուր մի թեթևություն է պարգևում գլուխը բարձին դնելիս․ կարելի է արժանապատվորեն չվախենալ կորստից։
Այսօր երազումս կանգնած էի Երևանի իմ [մանկության] տան վեցերորդ հարկի պատշգամբի բազրիքին։ Մառախուղ էր, օրվա անհասկանալի ժամ։ Արդեն հասկացել էի, որ նման իրավիճակ երազում է լինում և կարող էի չանհանգստանալ, եթե ոտքս սահեր։ Ոտքս չէր սահում, կարող էի հանգիստ ետ ցատկել ներս, բայց պահի տակ որոշեցի ցատկել դուրս․ չէ՞ որ երազ էր։ Մի քիչ տատանվեցի, թե ինչ կզգամ վայրէջքին՝ ցա՞վ, մա՞հ, եթե հանկարծ երազ չէր, կամ ավելի ճիշտ՝ եթե հանկարծ այդ երազից ետդարձ դեպի արթմնի աշխարհ չկար։ Տատանվեցի, հետո հաղթեց ինչ-որ մի բանից ազատվելու հաստատակամությունը, նետվեցի պատշգամբից դուրս՝ դեպի անհայտություն։ Ընկղմվեցի անկման մեջ մի քանի վայրկյան ու արթնացա։
Փոփոխությունների ժամանակն է։ Հուսով եմ՝ դրական։

բացահայտումներ, mydays

Previous post Next post
Up