(no subject)

Dec 10, 2024 00:30

8 հոկտեմբերի 2022, շաբաթ

Այսօր Աանտորինիում մեր վերջին օրն է։ Առավոտյան թե՛ ես, թե՛ Մերին ուշ արթնացանք, քանի որ երկուսս էլ գիշերն արթնացել էինք ու չէինք քնել մի որոշ ժամանակ՝ հեռախոսներիս վրա զբաղվելով, հետո նորից քուն մտել։ Մինչև արթնացանք, վեր կացանք և պատրաստվեցինք դուրս գալու, արդեն ժամը տասնմեկն էր։ Դուրս եկանք նախաճաշի։ Մերին հագել էր սպիտակ, գեղեցիկ զգեստ, մի քանի նոր պատկերներ լուսանկարեցինք արդեն ծանոթ մասերում, հետո նախաճաշի տեղ էինք փնտրում։ Մերին արդեն կարգին քաղցած էր և նախապես տրամադրված քրեյպով միայն որոշեց չբավարարվել։ Փնտրում էինք գեղեցիկ տեսարանով ճաշելու տեղ․Սանտորինիում ուրիշ անելիք առանձանպես չկար։ Մի քանի տեղ մտանք, բայց այնքան էլ չհավանեցինք, ի վերջո գտանք մի տեղ, որտեղ մաքուր էր, տրամադրող, տեսարանը՝ ծովային երկնագույն հորիզոն, և այդ ամենը՝ վերևի հարկից։ Պատվիրեցինք ձվածեղ՝ խառը բաներով, այդ թվում՝ սունկ, որը նույնիսկ Մերին կերավ, երկու տեսակի սալաթ, ելակով քրեյպ, կոլա և գարեջուր։ Նախաճաշին՝ գարեջուր… Գարեջուր ուզում էի դեռ երեկ գիշերվանից, և խմելով կէսօրին համոզվեցի, որ երեկվա ուզածը ակտուալ չի հաջորդ օրը․ գարեջրից ոչ մի բավականություն չստացա, ի տարբերություն երկու օր առաջվա ուշ ընթրիքի գարեջրից։ Նախաճաշից հետո ավտոբուսով նորից գնացինք Ֆիրա, քանի որ այդ քաղաքն ուսումնասիել նախորդ օրը չէինք հասցրել՝ քայլարշավի պատճառով։ Զբոսնեցինք Ֆիրայի խոշոր սալահատակով փողոցիկներով, հիմնականում վերև բարձրացող․ պայծառ արև էր, հաճելի եղանակ ու զրուցում էինք հավեսով։ Ջերմացնող զբոսանք էր՝ ներսից ու դրսից։ Շատ չմնացինք Ֆիրայում, երևի մի երկու ժամ, հոգնեցինք քաղաքից ընդհանուր առմամբ, տեսնելու առանձնապես բան չկար այլևս։ Գնեցի կապույտ քարերով ապարանջան ինձ համար, ծովախեցու զարդարանքով։ Երբ նստած էինք դեպի Իյա գնացող ավստոբուսը, մեր հին ծանոթներին տեսանք՝ տղաներին, որ ավտոբուսի կանգառում էին՝ ճամպրուկներով, հավանաբար գնում էին օդանավակայան։ Հյուրանոցում հանգստացանք մի-փոքր և գնացինք Իյայի մայրամուտը վերջին անգամ դիտելու։ Չգնացինք, վազում էինք։ Եվ արժեր, քանի որ այս անգամ մայրամուտը հստակ էր՝ ի տաբերություն նախորդ օրերի։ Գեղեցիկ էր շատ, անշուշտ, ոսկեկարմիրը ծովի մեջ սուզվելը, բայց ոչ լավագույնը տեսածներիցս․ Հավայան կղզիների մայրամուտն ավելի շքեղ էր, ավելի գունագեղ։ Վերեդարձին, նեղլիկ, բայց բանուկ փողոցներից մեկում Մերին ջերմությամբ շփվում էր մի աշխույժ աղջնակի հետ՝ Սինգապուրից։ Աղջկա անունը Սեհեր էր, որ նշանակում է մայրամուտ։ Աղջիկը ցուցադրում էր մանկապարտեզում սովորած երգերի ու պարերի իր ողջ ռեպերտուարը, զրուցում Մերիի հետ, մի վայրկյան չէր լռում և չէր ուզում ընդհատել իր ելույթը։ Մերին լուսանկարվեց աղջնակի հետ և չէր ուզում բաժանվել նրանից։ Դեպի հյուրանոց քայլելիս մութ գիշեր էր, պաղպաղակ առա Մերիի համար, ինձ համար վերցրի նարնջով թխվածք՝ սուրճի հետ, և սպիտակ բազրիքային քարերից մեկի վրա նստած վայելում էինք գիշերը։ Հյուրանոցում ճամպրուկներն ամբողջությամբ հավաքեցինք և նոր միայն քնեցինք․ առավոտյան ժամը հինգին տաքսին գալու էր մեր ետևից։

travel, greece, mydays

Previous post Next post
Up