Dec 10, 2024 00:29
7 հոկտեմբերի 2022, ուրբաթ
Առավոտյան երկնագույն հագնվեցինք և գնացինք նկարվելու սանտորինյան ճերմակապույտ միջավայրում։ Կապույտը՝ մուգ երկնագույն էր, որով ներկված էին տնակների տանիքները․ դռներն ու պատուհանները, ճերմակը՝ ասես հենց նոր, աչք ծակող սպիտակ ներկով, թարմ-թարմ շփել էին տնակների պատերին առատորեն։ Կապտագմբեթ եկեղեցիկները սնկի պես բուսած էին ամենուր՝ ուր հայացքդ դարձնեիր։ Ամենահետաքրքիր նկարվելու մասերում մարդիկ սպասում էին իրենց հերթին։ Չնայած միջավայրի գեղեցկության արհեստականությանը, մթնոլորտը հավես էր, հատկապես ուշագրավ էր նկարվողներին դիտելը, առավելապես՝ ռոմանտիկ զույգերին․ ոմանց լուսանկարներում արվեստին մոտ բաներ էին ստացվում։ Թեև որ կողմ էլ նայես, կյանքը տեղով արվեստ է։ Վերադարձանք հյուրանոց, փորձում եինք կողմնորոշվել, թե ինչպես ենք անցկացնելու օրը։ Շոգել էր բավականին, մտածում էինք ծովում լողալ կամ մտնել լողավազան։ Առաջինից հրաժարվեցինք լողափի հեռավորության և այնտեղ հասնելու տևողության պատճառով (երկու ավտոբուս պիտի փոխեինք), երկրորդի հավեսն էլ շատ արագ փախավ Մերիի մոտ, և մենք ուղևորվեցինք Ֆիրա քաղաքը՝ ավտոբուսով։ Ֆիրան մարդաշատ էր և ոչ այնքան գեղեցիկ, որքան Իյան։ Ֆիրայում քիչ քայլեցինք, քանի որ քաղցած էինք, չէինք նախաճաշել և որոշեցինք ճաշել նախ։ Ընտրեցինք մի ռեստորան՝ ծովային տեսարանով, պատվիրեցինք ավելին, քան կարող էինք ուտել՝ պիցա, հավի սուլվակի, «Սանտորինի» սալաթ։ Ամեն ինչը շատ համեղ էր, բայց չկարողացանք ավարտել։ Ճաշելու ընթացքում հաղորդագրություն ստացա անցյալ օրը մեր ծանոթացած երկու հայ տղաներից, որոնք մնում էին հենց Ֆիրայում։ Նկարագրեցի, թե որտեղ էինք ճաշում, եկան շուտով։ Ծրագրում էինք, թե ինչ անել, ուր գնալ։ Որոշեցինք ոտքով քայլել դեպի Իյա, որը քայլարշավային ճանապարհ էր՝ մի 12 կիլոմետր, ծովեզրյա բարձունքներով։ Արշավը վերցրեց մեր ամբողջ օրը, մինչև մութ երեկո։ Հավանեցի տղաներին։ 30-32 տարեկան երիտասարդներ էին՝ ծրագրավորողներ երկուսն էլ։ Տեսարանները բարձունքներից, որտեղով արշավում էինք, արտակարգ գեղեցիկ էին, հանդիսավոր-հանդարտ։ Նպատակ ունեինք Իյա հասնել մայրամուտին՝ ծովի հորիզոնի վրա այն դիտելու, բայց չհասցրինք։ Դիմավորեցինք մայրամուտը քաղաքի մատույցների մոտ, մի բլրի բարձունքին, ուր չկար ոչ ոք ու ոչինչ, բացի մի լքված ճերմակ պատից, որին հենված մի թխամաշկ գեղեցկուհի գինի էր խմում շշից ու երգում թովիչ, խորքային ձայնով՝ նվագելով իր պստլիկ յուկալեյլան։ Աղջիկը ավստրալաբնակ հնդկուհի էր, հոգեբույժ, ով վերջերս էր թողել աշխատանքը Սիդնեյում, ճամփորդում էր ամիսներով չգիտես որ երկրներում՝ մակեդոնիաներից մինչև հունաստաններ, իսկ Ավստրալիայում, մինչ այդ, բուժում էր նորածինների, որոնց մայրերը հերոինային կախվածություն ունեին։ Իյա հասանք կարգին հոգնած և անմիջապես քնեցինք։ Տղաները Ֆիրա վերադարձան ավտոբուսով։
mydays