Անցողիկի ու հավերժի մասին

Sep 10, 2020 00:41

Քանի որ այնպես ստացվեց, որ ձեղնահարկիցս, որի մասին մի անգամ հիշատակել եմ, մեկիկ-մեկիկ հանել սկսեցի գլխավորն ու առանձնահատուկը, պատմեմ նաև անցողիկի մասին, որը (վերա)դառնում է հավերժություն, երբ բերում ես նրան ներկա։

Անցած գրառմանս վերջում նշեցի, որ նայել եմ սկսել մի ուրիշ սովետական ֆիլմ (այս անգամ հանրածանոթ), որը հատուկ չփնտրեցի-գտա, բայց յութուբը պատահական առաջարկեց նորից, ու դա համապատասխան էր իմ ցանկությանը, ավելի ճիշտ՝ ներկայիս տրամադրությանը։

Շերլոկ Հոլմսի մասին սովետական ֆիլմերն էին՝ հինգ ֆիլմ, որ շարված էին իրար հետևից՝ ըստ նկարահանման ժամանակի (1979-1986) (և դեպքերի կատարման ժամանակագրության նաև), ընդհանուր 12 ժամ տևողությամբ։ Նայեցի մի քանի օրում, հերթական կեսգիշերային կինոդիտմանս սեանսին, երբ տանը բոլորը քնած են, և ոչինչ չի խանգարում տեղափոխվել ուրիշ դար, ուրիշ քաղաքակրթություն, ուրիշ արժեքների աշխարհ, ու վերջապես՝ կրկին մանկություն։

Երբ փոքր էի, Շերլոկ Հոլմս-ը նայում էի մեծագույն հաճույքով (թեև ամենը չէր, որ հասկանում էի)։ Իսկ հաճույքով նայում էի նախ Լիվանովի համար, որն անզուգական է Հոլմսի դերում (նույնիսկ եթե Կոնան Դոյլն այդպիսին չէր պատկերացրել իր հերոսին, ես հրաժարվում եմ նրան այլ կերպ ընդունելուց), ապա ֆիլմի աուրայի, գունային մուգուտաք երանգի, սենյակի դասական, գողտրիկ կահավորանքի, բուխարիում մշտապես կայծկլտացող կրակի, մարդկանց տեսքի ու հագուստների, հատընտիր խոսքի ու ձայների կոկիկության, ջենտլմենության ու կանացի շնորհքի, մթնոլորտի հարմարավետ հանգստության ու դյութիչ խորհրդավորության, պատվի, պարկեշտության ու նման արժեքների, և վերջապես ու անշուշտ՝ iconic դարձած երաժշտության համար։ Այս ամենը, ֆիլմի կլանող բովանդակությամբ հագեցած, դաջված է մանկությանս մեջ, ու կրում եմ մեջս՝ առանց նկատելու, որը հանելը տասնամյակների փոշու շերտի տակից ու վերապրելը՝ հետաքրքիր փորձություն էր։

Հետաքրքիր էր, որովհետև բացահայտեցի մի քանի բան․

Նախ, բովանդակությունն ավելի պրիմիտիվ էր, քան կարծում էի։ Ավելի ճիշտ՝ հակառակն էր․ միշտ կարծել եմ լուրջ, խորն ու բարդ, մինչդեռ մանկապատանեկան արկածային ոճի էր` բանից պարզվում է, թեև գրքերն էլ կարդացել էի ժամանակին։
Չգիտեմ, գուցե հարյուր հիսուն տարի առաջ, երբ սըր Արթուրը ստեղծել էր այդ կերպարն ու արկածները, նման գործերին ավելի լուրջ էին վերաբերվում, բայց հիմա, մինչև մեզ է հասել, վեր է ածվել ընդամենը դասականի, և զարմանալու ու քամահրելու փոխարեն, հարգել արժե ու պահպանել, կարծում եմ։

Երկրորդը, անցողիկի ու հավերժության մասին մտքերն էին, որ ֆիլմը հարուցեց։ Որքան որ երանելի էր «ապրելը» ֆիլմի «ներկայում» (ինչը փորձեցի ի մի բերել՝ վերևում թվարկելով ախորժելի բաղադրությունը՝ աուրայից մինչև երաժշտություն), նույնքան էլ ափսոսանք էի ապրում, որ դա այլևս անցյալ է, անդառնալի, նման հոգևոր ժամանակներ չկան այլևս, իսկ փոխարենն ունենք պլաստիկ դար, մթնոլորտ, արժեքներ։ Բայց հետո, երբ ավարտեցի նայելը, մի միտք ծնվեց հանկարծ․ իսկ գուցե հենց հավերժությունն այնտեղ է, որտեղ անցյալի «ներկան» վերապրվում է որպես ներկա «ներկա»։ Ճիշտ է, վերապրվում է ինչպես կար, առանց զարգանալու հեռանկարի, բայց չէ՞ որ դա էլ հենց հավերժության հայեցակարգն է․ անփոփոխ, մնայուն։

Եվ վերջապես, ֆիլմերից վերջինը՝ Հոլմսը քսաներորդ դարում, ինձ համար դա արդեն Հոլմսը չէր (այծի մորուքով մեղվաբույծ, ամերիկաներում ճամփորդած-ապրած, քաղաքականության մեջ խառը), ու այնքա՛ն չէի ուզում այդ համը մնար վերջում, որ վերադարձա նորից առաջին ֆիլմերին, վերանայեցի մի քանի պատառիկ, վերագտա իմ Հոլմսին, վերականգնեցի նրան իմ (և իր) ժամանակի ու հավերժության մեջ, և նոր միայն հանգիստ անջատեցի հեռուստացույցն ու գնացի քնելու։

առողջ, Սիրած բաներ, ես, got something to tell, գնացեքմանկություն, գործեր, ֆիլմեր, անմոռանալի

Previous post Next post
Up