Ձայնային կոմֆորտ

Sep 04, 2020 13:54

Այնպես ստացվեց, որ ընկա հուշագրության մեջ, ու հիմա ձեռքերս քոր են գալիս գրելու մի հետաքրքիր կենցաղային, ես կասեի՝ կենսականության էլեմենտի մասին, որը, հոտերի նման, առաջացնում է ինձ մոտ ուժեղ ասոցիացիաներ, բայց, ի տարբերություն հոտերի, ոչ թե տանում է անցյալ, այլ ապրեցնում է ներկան մի աննկարագրելի հավեսով ու ոգեղենությամբ։

Խոսքս ձայնային կոմֆորտի մասին է, կամ ավելի շուտ՝ կոմֆորտային ձայների։

Ինձ մոտ, կարծում եմ, վիզուալ արտահայտչականությունը թույլ է զարգացած․ դրա համար երևի արվեստի մեջ չկամ։ Չկամ նաև երաժշտության մեջ․ դրա վայբերն էլ ինձ անհասանելի են։ Փոխարենը իմը բառերն են՝ գրավոր կամ արտաբերված։ Արտաբերվածը վեր է հանում գրավորը թղթից, տալիս եռաչափ արտահայտչականություն՝ ձայնային բոլոր հատկանիշներով՝ տոնայնություն, հաճախականություն, անգամ շնչառություն։ Բայց նշածս հատկանիշները միայն բառերը չէ, որ ունեն։ Այդ հատկանիշներից ունեն նաև որոշ դիսկրետ ձայներ․ օրինակ, կոշիկի կրունկի կտտոցը, բացվող ծրարի շրշյունը, ժամացույցի չկչկոցը սենյակի լռության մեջ, սուրճի բաժակի՝ իր ափսեին հպման չխկոցը, խիճը տրորելու խրթխրթոցը և այլ նման այնպիսի կենցաղային ձայնիկներ, որոնք ինձ մոտ առաջացնում են ներկայի, հարմարավետության ու կենսականության մի աննկարագրելի հավես ու ախորժելիություն։

Ու դրա մասին հիշեցի, ավելի ճիշտ՝ վերապրեցի մի քանի օր առաջ, երբ սկսեցի սովետական մի ֆիլմ նայել (յութուբի յաբախտի բերած ցուցակում էր, ես էլ հետաքրքրված բացեցի), որը երևի քչերն են նայել, պոպուլյար ֆիլմ չի եղել, բայց ընթացքում վերհիշեցի․ էդ ֆիլմը նայել եմ փոքր ժամանակ, եթե ոչ ամբողջովին, ապա ինչ-որ հատվածներ տեսել եմ, թեև տպավորել էին թույլ: Ֆիլմը, որը կոչվում է Каникулы Кроша (1980), մի տղայի մասին է, որը ազնիվ էր, չէ, ավելի ճիշտ՝ այդ տղայի հետ գործ բռնած մի կոլեկցիոներ արվեստագետի մասին էր, որն անազնիվ էր, չէ, ավելի ճիշտ կամ ավելի շուտ՝ ինձ համար ֆիլմը նեցկե կոչվող ճապոնական մանրաքանդակագործության մասին է, որն ինձ, այժմ նայելիս, ամբողջովին հափշտակել էր (չորս սերիա էր, նայեցի երկու օրում, շունչս պահած, մինչև գիշերվա մեկը-երկուսը - ուրիշ ազատ ժամ չունեմ)։

Ֆիլմում 17-րդ դարի ճամպոնական մանրաքանդակ արձանիկները կապել էին ճապոնական գրականության, ավելի կոնկրետ՝ պոեզիայի հետ։ Վիկիպեդիան, օրինակ, նեցկեի հաշվով նման կապի մասին չի ասում, ենթադրում եմ՝ ֆիլմարտադորղի մտահղացումն էր, որն այնպես բնական ու ավարտուն էր ստացվել, ու ուզում ես մտածել, որ իրականում այդպես էլ կա՝ արձանիկը պատրաստվել է պոեզիայի հիման վրա, կոնկրետ տող աչքի առաջ ունենալով։
Ֆիլմը դնում էր արձանիկը մի հարթ մակերևույթի վրա, ֆոնն աղոտանում էր, արձանիկը կոնկրետանում, ապա պտտվում իր բոլոր կողմերն ի տես, և սովետական հրաշալի՝ խորն ու փափուկ դիկցիան արտասանում էր տող ճապոնական պոեզիայից, ինչը բացատրում էր արձանիկը։
Առաջին անգամ էր, որ ես, համադրելով վիզուալը բառերի հետ, ընկալեցի ճապոնական պոեզիայի խորիմաստությունն ու գրավչությունը։ Այդ պոեզիան համահունչ է մանրաքանդակի նրբին, անավելորդ, «միայն գլխավորի մասին» բարձր արվեստին․ ճապոնական պերֆեկցիոնիզմ, որի ակունքների մոտ Ֆիլմն ինձ կարծես կանգնեցրեց, և ճանապարհ ունեմ անցնելու։

Հա, իսկ ֆիլմը, որ 80-ականների սկզբի սովետական արտադրության է, ներդրել էր հենց իմ ախորժած դիսկրետ-ձայնային կոմֆորտը, այդ ժամանակների ձայնային ռեժիսուրայի ավանդույթներով, ձայներ, որոնք անցկացնելով միջովդ ՝ կյանքն ապրել ես ուզում մի ուրիշ տեսակի հավեսով :)

Ի դեպ, դրանից հետո յութուբն առաջարկեց մի ուրիշ սովետական ֆիլմ, որը նույնպես սկսել եմ նայել ու նորից հաճույքով, բայց դրա մասին՝ հետո։

ցուցակներ, Սիրած բաներ, գնացեքմանկություն, ես;, ֆիլմեր

Previous post Next post
Up