Առօրյա

Aug 28, 2018 13:46

Առավոտյան արթնացա, մեջքս չէր ցավում։
Անսովոր զգացողություն էր։ Տարիներ շարունակ կրում եմ մեջքիս ներքևի բութ ցավը՝ տարբեր ուժգնություններով, բայց կոնստանտ, առանց ընդհատումների, և հիմա անսովոր էր զգալ, որ այդտեղ ոչինչ չի ցավում։ Այսպես միանգամից, հանկարծակի։

Ցավի բացակայությունից միտքս պարզված էր մի տեսակ, տրամադրությունս՝ հանգիստ․ խաղաղ երջանկություն էի զգում։ Ցավն այդ արդեն դարձել էր իմ կեցության մասնիկն այնպես, ինչպես զգում ես /կամ չես զգում/ սեփական ձեռքդ կամ ականջդ, և դրանց բացակայությունը զգացողություններիդ ընկալումների մեջ չի մտնում։
Վախենում էի անզգույշ շարժում անել, և ցավը կվերադառնար։ Ինչքան բան է կախված մի սովորական ցավից․ փոխվում է աշխարհընկալումդ, և դրա պոչից՝ շղթաներ-շղթաներ, որ հենց կեցությունդ են, ուրիշ էլ ի՞նչ։

Այդպես խաղաղ ցնցուղվեցի, հագնվեցի, հավաքեցի անկողինները, նախաճաշեցի թեթև, նստեցի մեքենաս ու վայելելով անցավ վիճակս՝ գնացի աշխատանքի։ Այնպիսի տրամադրություն ունեի, որ ինձ ոչինչ չէր կարող վրդովել։

Իսկ ի՞նչ է կատարվում մարդուս օրգանիզմում իրականում, ոչ ոք չգիտի․ միայն գուշակություններ։
Երեկ որոշել էի իսկապես շուտ քնել։ Այս քանի օրը մեջքիս ցավը սաստկացել էր, հատկապես գիշերները և առավոտյան, երբ արթնանում էի․ ցավը սեղմում, բզկտում էր մեջքիս ստորոտին գտնվող նյարդային հանգույցները, գամում էր ինձ անկողնուն այնպես, որ ճիգեր էին պետք վեր կենալու համար։
Իսկ երեկ ավելացել էր ամբողջ օրն ինձ ուղեկցող տարօրինակ գլխապտույտը։ Նստած տեղիցս երբ ոտքի էի ելնում կամ կանգնած ժամանակ շրջվում, տարօրինակ գլխապտույտ էի զգում՝ ծուռ մի երկու քայլ գցելով ու պահելով ինձ, որ չընկնեմ։ Երեկ ամբողջ օրն այնքան կարիք ունեի կիսապառկելու բազմոցին ու մնալու այդպես անշարժ՝ հանգստի մատնելով մարմինս ողջ երկայնքով։ Բայց դա միայն երազանք էր։ Գործից տուն եկա ուշ՝ ինչպես սովորաբար, արագ ճաշեցի, օգնեցի աղջկաս մաթեմատիկայից, տղայիս հետ հայերեն պարապեցինք մի քիչ, և արդեն երեկոյան տասնմեկն անց էր։ Անցա լուրերի վրայով, օնլայն շատախոսեցի ընկերներիս խմբում մի-փոքր, հետո երկար հեռախոսազրույց ընկերուհուս հետ, մինչև կեսգիշերնանց, որն էլ վերջնականապես ի չիք դարձրեց գոնե մի քիչ շուտ կամ ժամանակին քնելու ծրագրերս։ Այսպես նստել էի հատակին նետված կլոր բարձին, դիմացս՝ էլէկտրական վառարան, մեջքս՝ հենած հետևի բազմոցին, ու այնքան հարմար էր թվում այդ դիրքս, ու այնքան հաճելի՝ վառարանի ջերմությունը։ Իսկ զրույցը՝ ոչ մի կարևոր բան։

Երբ պառկեցի, համարյա մեկն էր, որոշեցի քնել խորը, որ փոխհատուցեմ անհարկի արթմնի անցկացրածս ժամերը։
Առավոտյան արթնացա, մեջքս չէր ցավում։

Հ․Գ․ Կեսօրից հետո ցավը սկսեց զգուշորեն վերադառնալ։ Ափսոս․․․

need some sleep, առօրյա, առողջ, discomfort, feelings, ես

Previous post Next post
Up