Ժամանակային էքսկուրս

Jul 31, 2018 22:48

Ներկայումս իմ կյանքում առկա կարևոր խնդիրներից մեկը ժամանակին քնելն է։ Ժամանակին քնել ասելով նկատի ունեմ առնվազն ութժամյա քնի ապահովումը։

Քնի առումով իմ բիոռիթմային տեսակը բուն է․ երեկոյան չեմ կարողանում հաղթահարել արթուն մնալու, իսկ առավոտները՝ քնելու ուժգին պահանջը: Եվ եթե երեկոյան դա ինձ առանձնապես չի խանգարում, ապա առավոտյան և ողջ օրվա ընթացքում զղջում եմ շատ․ կենսական էներգիաս կտրուկ ընկած է լինում, կիսատ, երբեմն էլ քառորդ մարդ եմ ինձ զգում։ Ստացվում է, որ երկարացնելով կյանքիս արթմնի ժամերը, գցում եմ ապրելուս որակը, որը նույնն է, թե կյանքը զգալու առումով ոչ միայն ավելի երկար չեմ ապրում, այլև ապրում եմ թերի, այլ կերպ ասած՝ կիսակյանք։

Վերջերս մտածում էի, թե որքան լիարժեք էր ինքնակենսազգացողությունս, երբ փոքր էի։ Ու հանկարծ գլխի ընկա, որ հիմնական պատճառը ամենօրյա լիարժեք քունն էր։

Փոքր ժամանակ քունս լիարժեք առնելն ինձ հաջողվում էր քնելու ժամի հետ կապված մեր տանը սահմանված անխախտ օրենքի շնորհիվ․ մանկապարտեզում և ցածր դասարաններում դա երեկոյան ժամը 9-ն էր, միջին դասարաններից սկսած՝ 10-ը։ Պարզապես գիտեի, որ այդ ժամին պիտի գնամ քնելու և վերջ։ Մի-փոքր հապաղում, և մամաս հիշեցնում էր ու պահանջում։ Անթույլատրելի էր, որ մեզ հյուրասենյակում տեսներ, երբ րոպեի մեծ սլաքն արդեն թեքված էր լինում ուղղահայաց դիրքից։ Այդ տարիներին քնելուս արդեն բնազդային դարձած ազդանշանը ռուսական "Բարի գիշեր, երեխաներ" հաղորդման վերջին, բայուբայուշկի երգն էր, որն ամեն օր, պարտաճանաչ լսում էի մինչև վերջ (ևս մի երկու րոպե հետաձգեմ քնելու գնալու ժամանակը), իսկ հետագայում երկարեց մի ամբողջ ժամով, մինչև ռուսական լուրերի՝ Վրեմյայի սկսվելը, իր սրընթաց, անհաճո փողային ճիչով։
Այդ տարիներին ես երազում էի, թե երբ պիտի մեծանամ, որ նստեմ մինչև ուշ՝ երբ ու ինչքան ուզեմ։

Մեր տանը սահմանված քնային այս անխախտ կարգուկանոնի մեջ կար սակայն մի օր, որ մաման թույլ էր տալիս քնել ուշ, այն էլ ոչ ավել, ոչ պակաս՝ կեսգիշերից հետո։ Դա ուրբաթ օրն էր։ Եվ պատճառը հաջորդ օրը շաբաթ լինելը չէր (շաբաթ օրերին, ի դեպ, մենք նորմալ դասեր ունեինք)։ Բանը նրանումն էր, որ միայն ուրբաթ օրերին էր՝ կեսգիշերի մոտ, որ մեր սովետահայկական միապաղաղ հեռուստատեսությունը ցուցադրում էր արտասահմանյան ֆիլմ։ Սկզբում այդ հաղորդումը կոչվում էր "Համաշխարհային կինոյի էջերից", հետո փոխեցին՝ "Հանդիպում"։
Ես ավելի շատ հիշում եմ "Համաշխարհային կինոյի էջերից"-ի շրջանը, որն ավելի վաղ սովետական ժամանակներում էր, և ֆիլմերն ընտրվում էին ավելի զգուշորեն ու կրճատվում-թարգմանվում ավելի խիստ։

Հաղորդման սկզբում, մինչ ֆիլմի ցուցադրումը, իներտ նստած հաղորդավարուհին ինչ-որ ձանձրալի ու երկար տեքստ էր պատմում ֆիլմի ռեժիսորի, ժամանակաշրջանի, բարքերի մասին, և միայն դրանից հետո վերջապես ցույց էին տալիս այդքան սպասված ֆիլմը։
Մեծ մասամբ դրանք հին, սև-սպիտակ, իտալական կամ ֆրանսիական ֆիլմեր էին՝ Սոֆի Լորենի, Բրիջիդ Բարդոյի, Ջինա Լոլոբրիջիտայի, Ալեն Դելոնի և այլ անթերի, մարմարյա գեղեցկությամբ դերասանների մասնակցությամբ։
Պատահում էր, թեև հազվադեպ, ցուցադրում էին ոչ այնքան հետաքրքիր ֆիլմ, իմ տարիքի համար՝ ձանձրալի ու անհասկանալի, բայց մնում էի մինչև վերջ․ ինչպե՞ս կարելի էր հրաժարվել այդ ժամանակներում "երանելի" արտասահմանյան ֆիլմ դիտելու հնարավորությունից, ինչ ուզում է լինի։

Մեր այս ընտանյոք կինոդիտումն ինձ համար առանձնահատուկ իրադարձություն էր․ մամաս դրա առթիվ արևածաղկի սերմ կամ պիստակ էր բովում, որի թարմ, ախորժելի բուրմունքն ու ճտճտոցը մինչ ֆիլմի սկսվելն իր բոլոր հավեսներով տարածվում էր խոհանոցից, և կինոդիտումը դառնում էր մի իսկական տոն։ Ինձ թվում է՝ եթե ես հիմա վերանայեմ այդ ժամանակ դիտածս ֆիլմերը, զգայական հիշողությանս ծալքերից կարթնանա նոր բոված արևածաղկի բուրմունքի և տոնի զգացողությունը։

"Համաշխարհային կինոյի էջերից"-ը, ինչպես նշեցի, նայում էինք մեր չորս հոգանոց ընտանիքի ողջ կազմով, և ընտանեկան այդ ջերմ երեկոները հիշողությանս մեջ մնացել են որպես թանկ ու անփոխարելի արժեք՝ միասնականության, հարազատության գողտրիկ բջջի։

Ի դեպ, ցուցադրվող արևմտյան Ֆիլմերը սովորաբար կտրտված էին լինում այնպես, որ ամբողջովին համապատասխանում էին "G" կարգանիշին, բայց երբեմն՝ շատ հազվադեպ, որոշ "անհարմար" մասեր թողնված էին լինում (դրա համար էլ երևի հաղորդումը կեսգիշերային էր), և այդ ժամանակ մամաս, մի որոշ ժամանակ անհարմար զգալուց հետո, ուղարկում էր մեզ քնելու՝ ձայնի մեջ որոշակի զայրույթի նոտայով, թե էս կինոն մեր նայելու բանը չի։ Քոռուփոշման հնազանդվում էի, մտքիս մեջ տանելով՝ "էդ" տեսարանները բորբոքված։

Ամենից ուրախալին՝ երբ կոմեդիա էին ցուցադրում։ Հորթի պես հրճվում էինք ես ու եղբայրս, ու, տանջվելով հաղթահարելով քունը (մինչև կեսգիշեր մի բանով պիտի զբաղվեինք, որ դիմանայինք), անհամբեր սպասում էինք ֆիլմի բաղձալի սկսվելուն։ Կոմեդիաները շատ էի սիրում։ Շատ էի սիրում, որովհետև տեսնում էի ծնողներիս ծիծաղելիս։ Սովորաբար լրջադեմ հայրս ժպտում էր ճառագող, երբեմն էլ՝ կիսաձայն ծիծաղում, և ես այդ ժամանակ ավելի շատ իրեն էի հետևում ու ուրախանում, քան ֆիլմին, որն այդ պահերիին դառնում էր երկրորդական։
Սենյոր Ռոբինզոնը, հիշում եմ, մեկն էր այդ ֆիլմերից։

Բայց կար մի ֆիլմ, որին ես ու եղբայրս սպասում էինք ամենից շատ, մի տեսակ երազանքով, մի տեսակ պաշտամունքով։ Մեկ, թե երկու անգամ էինք տեսել, տպավորվել էր աներևակայելի, և դրա վերացուցադրումը համարում էինք արևի խավարման պես եզակի երևույթ։ Ֆիլմը կոչվում էր "Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ"։ Դինոզավրերի ու մարդկանց մասին էր, և այդ ժամանակ թվում էր տեխնիկական հրաշք։ Ամեն ուրբաթ, երբ հաղորդավարուհին վերջապես բարեհաճում էր հայտնել, թե ինչ ֆիլմ են այդ գիշեր ցուցադրելու, ես ու եղբայրս շունչներս պահած սպասում էինք՝ հերթական անգամ ապրելով հիասթափության վայրկյանը, բացի մի անգամից, երբ սովորականի պես մտքումս մեխանիկորեն, արդեն առանց հավատալու, կրկնում էի՝ "Միլիոն տարի մեր թավականությունից առաջ, խնդրում եմ, միլիոն տարի մեր թավականությունից առաջ", ու մեկ էլ՝ հաղորդավարուհին՝ "Հարգելի հեռուստադիտողներ, այսօր "Համաշխարհային կինոյի էջերից" շարքում դուք կդիտեք "Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ" գեղարվեստական կինոնկարը"։ Ականջներիս չհավատացի, հետո մի քանի րոպե ճչում ու թռվռում էի սենյակով մեկ։

Այս ֆիլմերի շարքից մեկի մասին էլ կուզենայի հիշատակել, որ մանկության տարիներին մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։ "Հռոմեական արձակուրդներ"-ն էին Օդրի Հեպբըրնի մասնակցությամբ։ Ավելի ճիշտ՝ ոչ այնքան ֆիլմը, որքան դերասանուհին։ Օդրի Հեպբըրնն ինձ տոտալ հմայել էր իր գեղեցկությամբ։ Նա ինձ թվում էր կատարելություն՝ գեղեցկության իմ պատկերացմամբ։ Մինչ այդ շատ ուրիշ սիրուն դերասանուհիներ էի տեսել, իհարկե, բայց ոչ մեկի գեղեցկությունն այդքան իմը չէր, որքան Օդրիինը։ Ես երազում էի մեծանալ և դառնալ նրա նման։ Հետաքրքիրն այն է, որ հետագայում, ավելի հասուն տարիքում, երբ մի անգամ պատահաբար նայեցի "Հռոմեական արձակուրդներ"-ը, զարմացա իմ անցյալի պատկերացումների վրա․ նկատեցի անհավասար ատամներ, հաստ հոնքեր, քթածակերն ինչ-որ այն չէին ու էլի ինչ-որ թերություններ։ Հիասթափվել էի, ինքս էլ չգիտեմ, թե ինչից։ Երևի իմ իդեալականացումից։ Բայց ավելի հետաքրքիր է, որ դրանից է՛լ ավելի ուշ, նորից ինչ-որ առիթով վերադիտելով Օդրիին այդ ֆիլմում, վերագտա նրա անզուգական գեղեցկությունը՝ ներքին ճառագող, ու հասկացա, որ փոքր ժամանակ աչքն ավելի հստակ է տեսնում, հետո է՝ որ մշուշապատվում է։

Էհ, հիշողությունների հետևից ընկած՝ ուր հասա, իսկ ես ընդամենն ուզում էի գրել, որ հիմա, երբ մեծացել եմ և "կարող եմ նստել մինչև ուշ՝ երբ ու ինչքան ուզեմ", որոշել եմ քնելու ժամ սահմանել, ինչպես փոքր ժամանակ էր, ու ստիպել ինքս ինձ՝ անխախտ հետևելու։

need some sleep, առողջ, կարևոր, խորհուրդներ, հիշողություններ, ես, գնացեքմանկություն, ֆիլմեր, թանկ

Previous post Next post
Up