(no subject)

Sep 19, 2017 10:57

Հայաստանից նոր ենք վերադարձել, երկրորդ օրն է՝ աղջկաս տանում եմ դպրոց, մեքենայի մեջ՝ ճանապարհին հարցնում եմ․ ո՞նց էր օրդ երեկ։ Ուսերն է թոթվում։ Հետո թե՝ գիտես, երեկ ընկերուհուս ընդմիջմանն ասացի՝ ուզում եմ հետ գնամ Հայաստան։ Ինչու՞՝ հարցնում եմ։ Nothing happens here, ասաց։

Այսօր առավոտյան դուրս եկա շենքից, մուտքի մոտ մանուշակագույն շալվարով և մանուշակագույն կոշիկներով տարեց չինուհին է, որ աչքերը փակ, դանդաղ քայլում էր մի տասը մետր երկարությամբ հետ ու առաջ, առաջ ու հետ, խոտ հնձելու պես ձեռքերը դանդաղ աջ-ձախ, ձախ-աջ շարժելով՝ ասես հապաղումով կադր, ու գլխով մեղմ բարևում ինձ, աչքերը փակ, զգալով, երևի, շողքս։ Մյուս մայթին, իր մեքենայի մոտ, գիրուկ հնդկուհին է, սև, խիտ մազերն ուսերին փռած, ծխում, վրա-վրա, ագահաբար, մատով կտտացնելով մոխիրը գետնին, մինչ առատորեն բաց կթողնի ծուխը բերանից, գլուխը կախ՝ մտածելով ինչ-որ։
Այս տեսարանը ես տեսնում եմ ամեն աշխատանքային օր, նույն ժամին, դետալների նույն ճշգրտությամբ։ Երևի սա էլ մասն է նրա, որ այստեղ, իրոք, ոչինչ չի կատարվում, քանի որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, ու շուրջն էլ արդեն ոչ թե կանխատեսելի է, այլ հաստատատեսելի։

расскажи мне про…, m, առօրյա, պատկերներ, Անկապ վիճակ, քաղաքակրթություն

Previous post Next post
Up