Sep 18, 2017 15:26
Հին ու բարի մանկական սովետական ֆիլմերից մեկում, Վասեչկինի և Պետրովի արկածները ֆիլմում էր կարծեմ, այսիպիսի մի մյուզիքլ-հատված կար․ "Ինչից են սարքված աղջիկները․․․"։ Այն, որ հազարումի անիմաստ բաներից, մենք դա արդեն գիտենք, իսկ թե ինչից են մասնավորապե՛ս սարքված այսօրվա, օրինակ, տասներկուսին մեկ ամիս պակաս աղջիկները, առատահեղորեն ու բազմազեղն գլորվեց-բացվեց վերջերս՝ միջնակարգի վեցերորդ ավարտական դասարանի ավանդական "տոնավաճառի" առիթով և կապակցությամբ։
Եվ այսպես, տասներկուսին մեկ ամիս պակաս աղջիկները սարքված են՝
դեռերեքամիսառաջվա օրուգիշեր չընդմիջվող ոգևորությունից ու քննարկումներից, հեռախոսային չաթ-խմբերի անվերջ զնգոցներից ու ծնգոցներից, էմոթիկոնների, բացականչական նշանների ու բազմակետերի չարաշահումներից; ծիածանագույն շապիկների և սպիտակ թութուների գնումից, և "Կոնվերս" մակնիշի սպիտակ սպորտային կոշիկների կիսամաշ զույգի փոխառությունից ընկերուհուց (չխախտելու համար համազգեստային ունիսոնն իրենց տաղավարում), ու վրդովմունքից, երբ ինչ-որ մեկի բերանբացության պատճառով ծիածանագույն շապկի գաղափարը կողքի տաղավարն անազնվորեն որոշեց կրկնել; միեղջյուրի նկարով վարդագույն տետրից, որի մեջ մաքուր ու կոկիկ ցուցակագրումներ են ու պլանավորումը դարիս կորպորատիվ իրադարձության՝ մանրամասն գրառված, գունավոր նշաթղթիկներ հավասար շարքով; A1 ֆորմատի բազմագույն թղթերից, որ պիտի դառնային գովազդային ազդագրեր; փափուկ-մռութիկ խաղալիքներից, որ հորը ստիպեց գնել իբեյով՝ որպես մրցանակներ խաղերի համար; բաժակաձև թխվածքներից՝ հատ-հատ, խնամքով նկարազարդած տափաստանային կակտուսի պատկերներով՝ չգիտես ինչու, և վիթխարի քանակությամբ տուփերից՝ քաղցրավենիքի ու գազավորված հյութերի; ոսկեգույն փայլափոշուց՝ առատորեն ցողված այտերին ու երկու կողմերում տնկված հյուսիկների քիփ գնդակների ուղիղ մեջտեղում՝ մազաբաժանին; և վերջապես, խիստ գործնական ակտիվությունից սեփական տաղավարում՝ պստոների մեջ մեծի լրջությամբ ու կարևորությամբ։
Ընդամենը մի քանի ժամ ընթացող այս տոնավաճառին, որի նպատակը դպրոցի համար հիմնադրամ հավաքելն էր (ավարտական դասարանները առնում ու տրամադրում են ամենն իրենց հաշվին, ցածր դասարանները՝ գնում), երեխաներն անհամբեր սպասել ու պատրաստվել էին երկար, և սպասումի ու նախապատրաստությունների այդ՝ տեղ-տեղ չափից դուրս փութաջանությունն ինձ ափերից հանում ու զայրացնում էր երբեմն, ինչպես, ասենք, հարսանիքների ապոկալիպտիկ նախապատրաստություններն են ազդում վրաս, բայց այստեղ, ի տարբերություն հարսանեկան ամբիցիաների, մաքուր, անշահախնդիր նվիրում կար՝ անելու լավագույնը առանց անհատականացման և վայելելու ստեղծագործելու հաճույքը։
Այնպես որ այն, ինչից սարքված են աղջնակները, ոչ միշտ են անիմաստ բաներ :)
Լուսանկարները՝ հաջորդիվ, փակ գրառմամբ։
расскажи мне про…,
m,
առօրյա,
քաղաքակրթություն