Ամանորի երեկոյին մի տխուր երեույթ նկատեցի:
Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերություններն՝ իրենց նկատմամբ հեռուստադիտողների ուշադրությունը մեծացնելու նպատակով, դիմել էին ակնհայտ բլեֆի:
Երկու TV-ներն էլ օրեր շարունակ գովազդում էին, որ դեկտեմբերի 31-ին ցուցադրվելու են համապատասխանաբար «Աննա» եւ «Վերադարձ» սերիալների վերջին սերիաները:
Հեռուստադիտողն էլ շունչը պահած սպասում էր, Ամանորից մի քանի ժամ առաջ նստել էր հեռուստացույցի առաջ, որ տեսնի,թե ինչ ավարտ են ունենալու ֆիլմերը, որոնք ամիսներ շարունակ դարձել են բոլորիս կենցաղի մի մասը:
Ոչ «Աննա»-ն եւ ոչ էլ «Վերադարձ»-ը վերջակետին չհասան, սերիալները շարունակվելու են ցուցադրվել 2011-ին՝ նույնպես:
«Աննա» սերիալի ամանորյա սերիան գոնե բարի կադրերով ավարտվեց:
Տեսնես՝ ի՞նչ էր մտածել «Արմենիա» TV-ի ղեկավարությունը, երբ Ամանորից բառացիորեն մեկ-երկու ժամ առաջ ընդմիջեց «Վերադարձ» սերիալը՝ ֆիլմի սիրված կերպարներից մեկի դեմ կազմակերպված դանակահարության կադրով:
Մի գռեհիկ բան էլ «Շանթ» հեռուստաընկերությունն էր մոգոնել:
Տաղավար էին կանչել ռաբիս մի տղայի ու բարձրաշխարհիկ մտավորականներով նստած՝ ծաղրում էին էդ խեղճի բաղաձայն նվնվոցը: Էս մի կադրը փչացրեց էն դրական տպավորությունը, որ կարելի էր ստանալ այս հետուստաընկերության ամանորյան՝ հիմնականում լավ պատրաստված, հաղորդումից:
Տարին մեկ անգամ գոնե՝ կարելի է պրոֆեսիոնալիզմ դրսեւորել...