Երկխոսությունն ու կալանավորված երիտասարդները

Aug 13, 2011 15:00

Օգոստոսի 9-ի միջադեպը որոշակիորեն ազդելու է քաղաքական գործընթացի վրա:
Երեկ դատարանը երկամսյա կալանք նշանակեց ՀԱԿ համակիր երեք երիտասարդների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի մասով: Հիշեցնեմ, որ սա հետեւանք էր օրեր առաջ ոստիկանության եւ ՀԱԿ համակիր յոթ երիտասարդների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի:
ՀԱԿ-ում պնդում են, որ երիտասարդները քաղկալանավոր են եւ դարձել են
ոստիկանության հերթական ապօրինության թիրախը:
ՀՀ ոստիկանապետն այս տեսակետի հետ համաձայն չէ եւ հրապարակավ խոսել է երիտասարդների խուլիգանական արարքների մասին՝ չմոռանալով նշել, որ այդ օրն ոստիկաններն, ըստ էության, տուժողի դերում են եղել:
Այս խնդիրն իրականում կարեւորովում է մի քանի պատճառով:
Նախ, խոսք է գնում ազատազրկված երիտասարդների մասին: Բոլորիս համար այդ փաստը ցավալի է:
Մյուս կողմից, եթե ՀԱԿ-ում համարում են, որ դարձյալ երկրում քաղկալանավորներ կան, ապա տրամաբանական պետք է լինի իշխանության հետ երկխոսության դադարեցումը: Ավերլորդ չեմ համարում հիշեցումը, որ Կոնգրեսն իշխանության հետ կոնտակտի գնաց՝ միայն բոլոր քաղկալանավորներին ազատ արձակելուց հետո:
Արդյո՞ք վերջին իրադարձության ժամանակ ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել: Թերեւս՝ ոչ: Եթե անգամ երիտասրադներն օրինազանցություն էին արել, կարելի էր նրանց քաղաքակիրթ բերման ենթարկել, չսահմափակել նրանց փաստաբանների գործողությունները, ուժ չկիրառել: Գուցե այս դեպքում ձերբակալությունների կամ կալանավորումների խնդիր չառաջանար առհասարակ: Բայց մեր ոստիկանությունը քաղաքակիրթ աշխատելու փորձ չունի եւ, ըստ ամենայնի, չի էլ ուզում ունենալ:
Սրանով հանդերձ՝ արդյո՞ք քաղկալանավոր են երեկ կալանավորված տղաները: Երեւի՝ ոչ: Հանդուգն եւ ագրեսիվ պահվածքն ոչ բոլոր դեպքերում է նույնանում ընդդիմադիր վարքագծի կամ այլախոհության հետ:
Մեզանում իշխում է անտագոնիստական մտածողությունը, երբ ոստիկանն ու քաղաքացին փոխադարձաբար մեկը մյուսի մեջ տեսնում է հանցագործի: Եթե այսպես շարունակվի, ոստիկանության ինստիտուտն ավելի կարժեզրկվի: Բայց կարժեզրկվի նաեւ «քաղկալանավոր» գաղափարը:
Արդյո՞ք այս միջադեպի պատճառով պետք է ընդհատել իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը:
Կարծում եմ՝ ճիշտ հակառակը: Առաջիկա երեքշաբթի երկխոսողները, ցանկության դեպքում, կարող են առաջինը քննարկել հենց այդ միջադեպի հետ կապված հարցը ու արագ լուծումների գան՝ գլխավորապես կալանավորված տղաներին ազատ արձակելու հարցում:
Իհարկե, երքշաբթի իմ կանխատեսումը կարող է իրականություն դառնալ, եթե մինչ այդ իշխանության եւ ընդդիմության ճամբարներում գիտակցեն իրենց բաժին պատասխանատվությունը, նաեւ՝ սխալները: Դա բարդ ճանապարհ է,  բայց հեշտ չէ նաեւ այնպիսի երկրի կառուցումը, որում հանդուրժողականությունն արժեւորված է:

քաղկալանավորներ, ՀԱԿ, արձագանք, իշխանություն, հակադրություն, մենթ, երկխոսություն

Previous post Next post
Up